Հասարակություն

Մենք հանգիստ չենք թողնի Գերմանիայում թուրքական եւ ադրբեջանական դեսպանատները. Ազատ Օրդուխանյան

lianaeghiazaryan
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման վերաբերյալ պաշտոնապես որեւէ հայտարարություն անելուց առաջ Գերմանիան, որը նաեւ այս տարի նախագահում է ԵԱՀԿ-ն,  պարտավոր է առաջին հերթին պատվիրակություն ուղարկել Արցախ եւ տեղում մանրակրկտորեն եւ ճշգրիտ ուսումնասիրել իրավիճակը: Այնինչ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ցուցաբերում է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում շեշտում է Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ, պատմագետ, Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ազատ Օրդուխանյանը:

Հարձակում իրագործող կողմ Ադրբեջանին սաստիչ հորդոր հղելու փոխարեն Շտայնմայերը  երկկողմ, ոչ հասցեական հայտարարություններ է ուղղում: Ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում նաեւ գերմանական մամուլը:

«Տեղում ոչ մի գերմանական լրատվամիջոց չի աշխատում: Նրանք բոլորը հղում են կատարում գերմանական գործակալություններին, պատճենված տեքստեր ներկայացնում: Դրանք հայերին չեն մեղադրում, բայց մեղադրում են երկու կողմին հավասարապես, ինչն անարդար է եւ մասնագիտորեն ոչ ճիշտ»,- կարծում է պատմագետը:

«Գերմանահայ համայնքում տրամադրությունը մարտական է: Եթե այսպես շարունակվի, մենք հանգիստ չենք թողնի թուրքական եւ ադրբեջանական դեսպանատները, հյուպատոսությունները: Նրանք համարժեք պատասխան կստանան գոնե համայնքային մակարդակով: Ամեն հայ երիտասարդի կյանքի համար նրանք պետք է պատասխան տան»,- շեշտել է Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահն ու թեմայի շրջանակում առանձնացրել հետեւյալը:

Ազատ Օրդուխանյան.«Էրդողանի հայտարարությունները եւս պետք է դատապարտել: Նա պետք է հասկանա` եթե իրենք պատրաստ են մինչեւ վերջ օժանդակել Ադրբեջանին, ապա պետք է տեղյակ լինեն, որ հայկական մոտ 10 միլիոնանոց Սփյուռքը պատրաստ է նույն ուժգնությամբ, նույն ուժով պաշտպանել իր եղբայրներին Հայրենիքում, Արցախում եւ իր տարածքների վրա»:

Կարդացեք նաև

Back to top button