Հասարակություն

Կորցրած մանկությունից գտնված երազ

satikisahakyan

Մանկատնից <<Մեր տուն>>,  հետո սեփական ընտանիք, այսպիսի ուղի են անցնում այն աղջիկները, որոնք մանկատնից հետո ապրում են  Էջմիածնի <<Մեր տուն>>  հասարակական կազմակերպությունում, ստանում կրթություն,  ձեռք բերում կյանքի հմտություններ և հարսնացած դուրս գալիս՝ ստեղծելով իրենց   երազած ընտանիքը:  <<Մեր տանն>>  ամուսնացել է  մանկատան 15 աղջիկ:

Մեկ ամսից  «Մեր տուն» հասարակական կազմակերպությունում  նշելու են մանկատան աղջիկներից մեկի հերթական հարսանիքը:  Հարսնաքողի տակ կանգնելու է Անի Առաքելյանը, ով 3 օրականից մեծացել է Գավառի մանկատանը և արդեն 10 տարի ապրում է Էջմիածնի «Մեր տանը»:  Նա կյանքի ներկապնակի գրեթե  բոլոր գույների միջով անցել է: Ապրելով «Մեր տանն» ավելի հասունացել ու գտել է կյանքի իր բանաձևը:

Անի Առաքելյանը մարդկանց մեջ գնահատում է հավատարմությունը, նվիրվածությունը, ազնվությունն ու անկեղծությունը, իր խոսքերով՝ տանել չի կարող սուտը:  Անին մասնագիտությամբ հոգեբան-մանկավարժ է,  լավ է հասկանում իր շրջապատի մարդկանց, հատկապես նրանց, ովքեր  ճակատագրով մեծացել են մանկատանը:

«Մեր տուն» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրանուհի Կարապետյանը բազմաթիվ սաներ է կրթել, ամուսնացրել: Տասը տարվա ընթացքում Անի Առաքելյանը դարձել է նրա մտերիմն ու օգնականը:

Մեծանալով մանկատանը Անին թաքուն երազել է մոր մասին, իր մտքում՝ նկարագրել նրան: Անիի համար մոր իդեալական տեսակը մարմնավորում է  երգչուհի Սյուզան Մարգարյանը: Մանկուց սիրում է երգչուհուն։ «Եթե ինձ ասեին ում կուզես, որ լինի քո մայրը, ես միանշանակ կպատասխանեի՝ Սյուզան Մարգարյանը, որովհետև նրա  մեջ կա նրբություն։ Ես պատկերացնում եմ, թե ինչքան հոգատար մայր է: Տիգրանուհի Կարապետյանը իրականացրեց իմ ցանկությունը և ես հանդիպեցի նրան, եկավ նաև ծննդյանս օրը»,- պատմում է։

Ապրիլի 29-ը Անի Առաքելյանի համար հոբելյանական օր է, չի սիրում նշել տարեդարձը, միշտ մեղադրում է նրան, ով իրենից հրաժարվել է ու թողել մանկատանը: Երեսուն տարի հետո Անին ճակատագրի հեգնանքով գտնում է հարազատներին՝ երեք  եղբայր և մեկ քույր ունի: Եղբայրներից երկուսը կարճ ժամանակով ապրել են «Զատիկ» մանկատանը:

Հաղթահարելով դժվարությունները՝ նա գտնում է իր կրտսեր եղբորը, որը հայկական բանակի սպա է:Միայն նրա հետ է հանդիպել, մյուսների հետ դեռ չի կարող, հոգեբանորեն ճնշվում է: Մայրը գտվում է քրեակատարողական հիմնարկում, չի հանդիպել, չի էլ ցանկանում:

Անիի համար նոր ժամանակներ են սկսվել, նա ստացել է բնակարան, ապագա ամուսնու հետ հիմնանորոգել, կահավորել, ունի բոլոր պայմանները, նախապատրաստվում է  հարսանիքին: «Մեր տնից» չի կտրվում, այժմ էլ է նրանց հետ է,սակայն  արդեն կամավոր՝ օգնականի կարգավիճակում:

Անին հարսնաքողով դուրս է գալու «Մեր տուն» հասարակական կազմակերպությունից: Երազում է կազմել լավ ընտանիք, ունենալ երեք աղջիկ, որոնց անուններն արդեն որոշել է, նրանցից մեկին կոչելու է հարազատ  ընկերուհու անվամբ՝ Նոնա, իսկ հարսանիքն էլ նախատեսել նշել անգլերենի ուսուցչուհու ծննդյան օրը՝ ապրիլի 13-ին:

Անիի հարսանիքով «Մեր տուն» հասարակական կազմակերպությունում կմիավորվի 15-րդ զույգը, կավելանա ևս մեկ ընտանիք:

Կարդացեք նաև

Back to top button