
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը Բաքվում հայտարարել է՝ «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքների» հարցը պետք է լուծվի: «Ադրբեջանը դեռևո բախվում է ղարաբաղյան հակամարտության հետևանքների հետ, ինչը ոչ միայն անկայուն իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում, այլև բացասաբար է ազդում երկու երկրներում մարդու իրավունքների և օրենքի գերակայության տեսանկյունից»,- ասել է Ագրամունտը:
Իսպանացի գործիչը նախագահի պաշտոնում ընտրվել է կառույցի ձմեռային նստաշրջանի ժամանակ, այսինքն պաշտոնավարում է մոտ մեկ ամիս, հայտնի է իր ադրբեջանամետ հայացքներով, ու, թերևս պատահական չէ, որ նոր պաշտոնում իր առաջին այցերից մեկը կատարել է հենց Բաքու: Նա Ադրբեջանի մայրաքաղաքում է արդեն երկու օր, ժամանել է «Հարավային գազային միջանցք» նախագծի խորհրդատվական մարմնի նիստին մասնակցելու նպատակով: Նախօրեին նա Ղարաբաղյան հակամարտությունը քննարկել է նաև Ադրբեջանի բարձրաստիճան էլիտայի հետ:
Ագրամունտը Բաքվում հայտարարել է, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին այցերից մեկը կատարել է դեպի Ադրբեջան՝ ընդգծելով՝ Ադրբեջանը հատուկ կարևորություն ունի իր համար: Ագրամունտի խոսքով՝ Ադրբեջանը կարևոր երկիր է մի շարք հարցերի լուծման տեսանկյունից։
Ի դեպ, հենց Պեդրո Ագրամունտի և Թադեուշ Իվինսկու հեղինակած «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների» գործունեությանը վերաբերող զեկույցում էր, որ տեղ էր գտել Ռոբերտ Ուոլթերի` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» ձևակերպումը: Հիշեցնենք, որ իսպանացի Պեդրո Ագրամունտը եղել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի՝ Ադրբեջանի գծով համազեկուցող, Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցերով ԵԽԽՎ զեկուցող:
Ինչպես պնդում են ադրբեջանցի իրավապաշտպանները, նա, սակայն, այդպես էլ իրականությունը տեղ չի հասցրել։ Պատճառը Ադրբեջանի իշխանությունների հետ բարեկամական ջերմ հարաբերություններն են։ Դրա մասին է փաստում «Եվրոպական կայունություն նախաձեռնություն» անկախ վերլուծական կենտրոնի հայտնի սկանդալային զեկույցը՝ «Խավիարային դիվանագիտություն, կամ ինչպես է Ադրբեջանը ստիպում Եվրոպայի խորհրդին լռել» վերտառությամբ փաստաթուղթը, որի գլխավոր հերոսներից մեկը հենց Ագրամունտն է։
Զեկույցի հեղինակը պնդում է, որ Ադրբեջանի իշխանություններին բարեկամաբար վերաբերվող իսպանացի պատգամավորը, լինելով Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ԵԽԽՎ զեկուցողներից մեկը, եվրոպական հանրությանը Ադրբեջանի ընդդիմության ձայնը հասցնելու փոխարեն «դարձել է Եվրոպայում Ալիևի կլանի գլխավոր լոբբիստներից մեկը՝ դրա դիմաց Բաքվից ստանալով մետաքսե գորգեր, ոսկյա և արծաթյա զարդեր ու այլ շռայլ նվերներ»։




