Հասարակություն

Բիզնեսը մեր երկրում սննկանում է.Արմեն Պողոսյանը

lianaeghiazaryan
Ի՞նչ խնդիրներ կան այսօր սպառման շուկայում: Վերջին շրջանում փակվող խանութների, տաղավարների վիճակագրությունն ինչի մասին է խոսում, ու ինչի կհանգեցնի այս ամենը: Այսօր այս թեմայի շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: «Հայաստանում չկա տնտեսական քաղաքականություն», ասել է Պողոսյանը, իսկ սոցիոլոգը հավելել է՝ Հայաստանում ներդրումային դաշտ ընդհանրապես գոյություն չունի, ու այս պայմաններում բանկերը հաճախ հրաժարվում են անգամ ցածր տոկոսադրույքներով վարկերից:

Այսօր հանրապետության տարբեր բնակավայրերում ու հատկապես մայրաքաղաքի տարբեր հատվածներում ամենուր կարելի է նկատել «խանութը վաճառվում է», «փակվում է», «լիկվիդացիոն գներ» հայտարարությունները: Սա մի բան է նշանակում՝ բիզնեսը մեր երկրում սնանկանում է, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Սպառողների շահերի պաշտպանը թվարկում է իրեն մտահոգող մի շարք այլ հարցեր եւս՝ աշխատունակ բնակչության թիվը Հայաստանում գրեթե կիսով չափ նվազել է: Գնողունակության պակասը հանգեցրել է առեւտրի նվազմանը: Մյուս կողմից՝ անցյալ տարի Հայաստանում գներն աճել են մոտ 6 տոկոսով, բայց առանձին վերցրած՝ սնունդը թանկացել է 13.5 տոկոսով, ընդ որում՝ սննդի որոշ տեսակներ՝ 20-ընդհուպ մինչեւ 100 տոկոսով: Վնասով են աշխատում տարբեր ոլորտներ՝ սկսած տրանսպորտից՝ հասարակ մի պատճառով. ուղեւորաշրջանառությունն էլ է պակասել: Հայաստանն այս ընթացքում հասցրել է այնքան արտաքին պարտք շալակել, որն արդեն գերազանցում է 5 մլրդ դոլարի շեմը:

Պողոսյանը սա նորմալ քայլ է համարում այն երկրների համար, որոնք կարողանում են վարկն իր նպատակին ծառայեցնել: Իսկ Հայաստանը Ռուսաստանից ստացած 500 մլն դոլարն ուղղեց մի ոլորտի, որը որեւէ արդյունք այդպես էլ չբերեց՝ շինարարությանը: Շինարարությունը մեր վիճակում դատարկ շենքեր են՝ մեռած մի բան, որը ոչ մի բանի չի նպաստում: Իր փողերով, պարզ է, ոչ ոք չէր կառուցի, վարկերով արեցին: Իսկ տնտեսությանն օգուտ չեղավ: Բայց որքան խնդիր կարելի էր լուծել այդքան գումարով տնտեսության իրական հատվածում, ասում է Արմեն Պողոսյանը ու վերադառնում այս վիճակի պատճառներին:

 «Հայաստանում չկա տնտեսական քաղաքականություն»:

Թեման շարունակելով՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նկատում է՝ մի քանի անգամ առաջարկ է եղել Հայաստանին ցածր տոկոսով վարկ տրամադրել, բայց բանկերը հրաժարվել են, քանի որ մեր երկրում ներդրումային դաշտ գոյություն չունի:

Շատ գումարներ ուղղվեցին ճանապարհաշինությանը, դպրոցաշինությանը, բայց իրական սեկտոր այդպես էլ չհասան: Ահարոն Ադիբեկյանը հարցին այլ կողմից էլ է նայում: Միջազգային վիճակագրության համաձայն՝ փոքր բիզնեսով զբաղվող ընկերությունների 85 տոկոսը փակվում է գործունեության առաջին 5 տարում. սա նորմալ է համարվում: Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը ձգտում է կայունացնել հենց այս համակարգը, ասում է սոցիոլոգն ու ներկայացնում մեր երկրում այս առումով ստեղծված վիճակը եւ անցյալ տարեվերջին Հայաստանում իրենց կողմից անցկացված հետազոտության արդյունքները:

Գրանցված շուրջ 300 կազմակերպություն գտնել ընդհանրապես չի հաջողվել: Հայաստանում գրանցված է 100-130 հազար ՓՄՁ, որոնց վերագրվում է ՀՆԱ-ի 40 տոկոսը: Եթե իրականում այդպես է, ապա լավ ցուցանիշ է, ասում է Ահարոն Ադիբեկյանը, բայց նաեւ նկատում՝ այստեղ կասկածելի թվեր կան: Ըստ պաշտոնական թվերի՝ այս ոլորտում 200-250 հազար մարդ է զբաղված, ինչն իրականությունից հեռու է թվում:

Կարդացեք նաև

Back to top button