Քաղաքական

ԱԺ-ում քննարկվում է ՏԿԱԻ նախարարությունը տարանջատելու հարցը

lenabadeyan
Թեեւ երկուշաբթի Աժ-ի հերթական քառօրյա աշխատանք է մեկնարկելու, բայց այսօր սպատգամավորները հավաքվել են խորհրդարանում արտահերթ աշխատանքի: Նախաձեռնությամբ հանդես է եկել Կառավարությունը՝  օրակարգում ներկայացնելով մեկ հարց՝ կատարել լրացում եւ փոփոխություններ «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում: Առաջարկվում է Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տարանջատել՝ ստեղծելով երկու առանձին նախարարություն՝  տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների: Փոփոխությունների հիմնական նպատակը Աժ-ում ներկայացրել է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Արփինե Հովհաննիսյան

Հիշեցնենք, որ խոսքը Հանրապետական եւ Դաշնակցություն կուսակցությունների համագործակցության մասին է: 13 պատգամավոր է գրանցվել քննարկվող հարցի առնչությամբ նախարարից պարզաբանումներ ստանալու համար:

Ի սկզբանե քննարկումը թեժ է ստացվել, քանի որ հատկապես Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորները չեն ընդունել ներկայացրած հիմնավորումը, որը կապված է քաղաքական համագործակցության հետ եւ Արդարադատության նախարարին հիշեցրել են 2014 թվականի նոյեմբերի 17-ին Աժ-ում այս նույն օրենքում կատարված փոփոխությունը:

Հիշեցնենք, որ այն ժամանակ նույն նախարարությունները միավորվեցին արդյունավետ կառավարման համակարգ  ապահովելու եւ օպտիմալացման արդյունքում բյուջեի միջոցները խնայելու համար: Սրան ի պատասխան՝ նախարարը պարզաբանել է, որ տարանջատումը տեղի է ունենալու գոյություն ունեցող ռեսուրսների հաշվին, իսկ քաղծառայողները, ովքեր քննություն են հանձնել եւ ամիսներ առաջ են նշանակվել նշված նախարարություններում՝ օրենքով երաշխիքներ ունեն, որ պահպանելու են իրենց աշխատանքը: Ամեն դեպքում, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի մտահոգությունները չեն փարատվել:

«Մենք ի՞նչ երաշխիքներ ունենք, որ վաղը կամ մյուս օրը քաղաքական  համագործակցության անհրաժեշտությամբ  չէր տարանջատի սպորտը երիտասարդությունից, գիտությունը կրթությունից և չե՞ք կարծում, որ սա  ի վերջո պետություն է և քաղաքական համագործակցության անհրաժեշտությունները պետք է բխեն պետական շահից»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը:

 

Կարդացեք նաև

Back to top button