ՄշակույթՔաղաքական

Թուրքիայում լույս է տեսել դերսիմահայերի ոչնչացման մասին գիրք

Թուրքիայում «Իլեթիշիմ» հրատարակչությունը Քազըմ Գյունդողանի հեղինակությամբ լույս է ընծայել «Քահանայի թոռները. Դերսիմահայեր-1» գիրքը, հայտնում է Akunq.net-ը՝ վկաչակոչելով պոլսահայերի «HyeTert» կայքէջից:

Keşiş’in-TorunlarıԱղբյուրի համաձայն` սույն գիրքը կազմված է 1937-38 թթ. Դերսիմի կոտորածներից ողջ մնացած վանքցի և զըմեքցի քրիստոնյա հայերի պատմություններից: Այդ տարիներին ռմբակոծվում և ավերվում է 1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո Դերսիմում կանգուն մնացած Հալվորիի Սուրբ Կարապետ վանքը: Գյուղի ալևիներն ու քահանայի տոհմը ոչնչացվում են, իսկ պատահականությամբ կոտորածից փրկված սակավաթիվ ընտանիքների անդամներն աքսորվում են Թուրքիայի տարբեր բնակավայրեր:

Այս աշխատության մեջ ներկայացված են հենց այդ անհատների պատմությունները: Այդ կորուսյալ հայ քրիստոնյաները ներկայում բնակվում են Սպարտայում, Իզմիրում, Դերսիմում, Բոլուում, Ստամբուլում, Գերմանիայում և Ֆրանսիայում: Գրքի հեղինակը հանդիպել է նրանց հետ և գրի առել նրանց` Ցեղասպանությունից առաջ անցկացրած կյանքի մասին պատմությունները, Ցեղասպանության մասին հուշերը և աքսորի, բռնի վերաբնակեցման, թուրքացման, իսլամացման և ալևիացման ընթացքի մասին նրանց հիշողությունները:

Ինչպես գրքում նշում է հեղինակը, Դերսիմը խնդիր էր Օսմանյան պետության համար: Թուրքիայի Հանրապետությունը ևս շարունակեց և շարունակում է Դերսիմի շրջանը խնդիր համարել: Պետության կողմից 1926-1947 թթ. ընթացքում բոլոր ժողովուրդների նկատմամբ տարված թուրքացման և սուննի իսլամացման քաղաքականությունը չափազանց դաժանորեն և ծրագրված կերպով իրականացվեց նաև Դերսիմում:

Կարդացեք նաև

Back to top button