

Որքանով են մտահոգիչ Հայաստանում խոզի գրիպով վարակվածության 3 դեպքերը, արդյոք համաճարակային վիճակն այսօր հանրապետությունում սրված է, եւ ինչպես դիմավորել Ամանորը` զերծ մնալու աղիքային ու սուր շնչառական վարակներից: Այսօր բնակչությանը մտահոգող այս հարցերին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Մասնագետը համոզված է` խոզի գրիպով վարակվածություն կունենա ՀՀ եւս մի քանի տասնյակ բնակիչ, որոնք, սակայն, բժշկի չեն դիմել: Գրիպի երկրորդ մեծ ալիքը, ըստ գլխավոր ինֆեկցիոնիստի, նոյեմբերից հետո սպասվում է դեռ փետրվարին, զգուշացրել է Արա Ասոյանը:
Սուր շնչառական վարակների առումով այս պահին հանրապետությունում հանգիստ վիճակ է, այսօր հայտարարեց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը` անդրադառնալով քաղաքացիներին հուզող այս հարցին: Սուր շնչառական վարակների առաջին պիկն, ըստ վարակաբանի, նոյեմբերին է լինում, ապա` փետրվարին: Այսինքն` գրիպի երկրորդ մեծ ալիքը, ըստ գլխավոր ինֆեկցիոնիստի, սպասվում է դեռ փետրվարին և կնահանջի գարնանը: Բայց եղանակի տաքացումն էլ գրիպի նահանջի երաշխիք չէ, ավելին, Ասոյանը նկատում է, որ անցնող տարին նախորդների համեմատ արտառոց է եղել, եւ վարակաբանների խումբն այս մարզից այն մարզ է վազել. 41 աստիճան շոգը նպաստել է վարակների գլուխ բարձրացմանը եւ շոգին բնորոշ աղիքային ինֆեկցիաների տարածմանը: Ավելի շատ դեպքեր գրանցվեցին մարզերում, քան մայրաքաղաքում: Այնուամենայնիվ, այս տարի, վարակաբանի վստահեցմամբ, արտասովոր վարակներ չեն գրանցվել, ձմեռային այս շրջանում էլ սուր շնչառական վարակները վտանգավոր շեմին չեն հասել, իսկ դեպքերը նախորդ տարիների վիճակագրությանը չեն գերազանցում:
«Այսօր շրջանառվում է 3 վիրուս: Սովորական ընթանում են, վտանգավոր շեմի չենք հասել, ծանրագույն վիճակում գտնվող հիվանդներ չունենք»:
Մեր հանրապետությունում խոզի գրիպը կրկին գլուխ է բարձրացրել: Երեք քաղաքացու մոտ արդեն հաստատվել է հիվանդությունը, որոնցից մեկը` հղի կին:Մի քանի տասնյակ էլ կարող է վարակվածների թիվը կազմել, մարդիկ, ովքեր ունեն գրիպին շատ նման ախտանիշեր, 2-3 օրից ավելի բարձր` 39-40 աստիճան տաքություն, բայց չեն դիմում բժշկի, ասում է Արա Ասոյանը` միաժամանակ վստահեցնելով` մեզ մոտ հիվանդության թեթեւ ձեւն է գրանցվել, իսկ վարակը Հայաստան է թափանցել Իրանից:
«Այն շատ նման է սովորական գրիպին, և նախանշաններ նկատելու, ջերմություն ունենալու դեպքում հարկավոր է դիմել բժշկի, քանի որ սրանք տարբերակել կարող է միայն բժշկական հետազոտությունը: Այժմ այդ հիվանդությունն ավելի մեղմ տարածվածություն և սրվածություն ունի, քան 2009 թվականին էր»:
Օդակաթիլային վարակների դեմ պայքարելը դժվար է: Կանխարգելել աշխարհում էլ չի հաջողվում:Առաջին քայլը մարդկանց գիտակցության վրա աշխատելն է: Գրիպով հիվանդ մարդիկ չպետք է անտեսեն իրենց վիճակը և բազմապիսի խնդիրներից խուսափելու համար պետք է դիմեն մասնագետի։ Սուր շնչառական վարակների դեպքում առանց ինֆեկցիոնիստի խորհրդատվության չի կարելի հակաբիոտիկներ օգտագործել, պետք է տանը մնալ, շեշտում է մասնագետն ու անցնում իր խորհուրդ-հորդորներին` Ամանորին ընդառաջ: Աջ ու ձախ չհամբուրվել` վարակներն էլ ավելի չտարածելու համար, սնունդն ու խմիչքը` չափավոր:
«Չչարաշահեն առաջին հերթին խմիչքը, սննդամթերքը, չի կարելի մեկ օրում ամեն ինչ ուտել` տապակած ուտեստները, խոզի բուդը, վրայից խմորեղենը, հետո մրգերը, կոմպոտները: Համենայն դեպս` չեմ հիշում մի դեպք, որ Նոր տարվա տոներից հետո ամբողջ հայ ազգն ընկնի հիվանդանոց: Այնպես որ, բերեք մարդկանց չհարամենք, նորմալ ուտեն, իրենց Նոր տարին անցկացնեն»:




