

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դիվանագիտական ոլորտում, բանակցային գործընթացում, հակամարտության էության պատմության փաստացի խեղաթյուրում է տեղի ունենում:
«Այն դիրքորոշումը, որը որդեգրել է Ադրբեջանը՝ լինի դա ուժային դաշտում, լինի դա դիվանագիտական, լիովին իրար համապատասխանում են: Ավելին ասեմ, ի սկզբանե ղարաբաղյան հակամարտության հարցում Բաքուն որդեգրել է ուժային քաղաքականություն՝ սումգայիթյան ջարդեր, և այսպես շարունակաբար, առ այսօր դրանից չի հրաժարվել: Եվ քանի դեռ չի հրաժարվել, սպասել որևէ առաջընթաց բանակցային գործընթացում, անհնարին է»,- հայտարարել է Շավարշ Քոչարյանն ու հավելել, որ միջազգային հանրության մոտ պետք է հասունանա այն միտքը, որ ելքը ԼՂՀ միջազգային ճանաչումն է:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին. «Ինձ թվում է դա սկզիբ է մի ուղղության: Այն, ինչ որ սովորաբար անում են միջնորդները, միշտ փորձում են հավասարության նշան դնել, արդեն ակնհայտ է, որ կա փոփոխություն: Իմ գնահատականով, իհարկե դա դեռ բավարար չէ, բայց այնուամենայնիվ այս փոփոխությունը արդեն հայտարարություններում հստակ երևում է հասցեատերը: Նորից եմ կրկնում, եթե Բաքուն վերջ ի վերջո իրական դաշտ չգա, դա ավելի է խորանալու»:




