

Սահմանադրական հանրաքվեի շուրջ քննարկումները շարունակվում են: Թեման նաեւ Երեւանի մամուլի ակումբների օրակարգում է: Այսօր «այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցների է լրագրողների հետ հանդիպման հրավիրել «Հայացք» մամուլի ակումբը: Հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանի, ժառանգություն կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանի եւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի «այո»-ի եւ «ոչ»-ի հիմնավորումները`«Ռադիոլուրի» անդրադարձում:
Սահմանադրական փոփոխություններով հստակեցվում է երկրի ընթացքի համար պատասխանատվության հարցը: Սա է այն գլխավոր փաստերից մեկը, որի համար, ըստ հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանի, հասարակությունը պետք է գնա քվեարկության եւ «այո» ասի ներկայացված նախագծին: Բացի այդ, նա կարծում է, որ նոր Սահմանադրությունը, որով չի լինի նախագահի ուղիղ ընտրություն, հասարակությանը զերծ կպահի մասնատումից ու ցնցումներից, ինչն արձանագրվել է բոլոր ընտրությունների ժամանակ:
Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանի համոզմամբ, մինչդեռ, հասարակության ներսում ցնցումները որեւէ կապ չունեն Սահմանադրության հետ: «Այո»-ն եւ «ոչ»-ը նույնպես հերթական ցնցում են մեր հասարակության մեջ առաջացրել, ուրեմն՝ հրաժարվե՞նք հանրաքվեներից էլ՝ հարցրեց նա: Անահիտ Բախշյանը չի ընդունում հիմնավորումները, թե երկրի զարգացումը կախված է Սահմանադրությունից: Թե նախկին, թե առաջարկվող տարբերակում գրված է, որ օրենքի առաջ հավասար են բոլոր քաղաքացիները:
Երբ չկա վստահություն, ավելին՝ վստահության պաշարը բացասական է, ապա ո՞վ կվստահի՝ հարցրեց Անահիտ Բախշյանը՝ համոզմունք հայտնելով, որ փոփոխությունների տրամաբանությունը մեկն է՝ հանրապետականը նոր սահմանադրությամբ ցանկանում է պահպանել իր իշխանությունը: Հանրապետական պատգամավորը բնական է համարում, որ քաղաքական կուսակցությունը ձգտում է իշխանության: Հակոբ Հակոբյանը միաժամանակ հավելեց, որ նոր Սահմանադրությամբ հնարավորություններ են տրվում նաեւ ընդդիմադիր ուժերին՝ ազդելու քաղաքական գործընթացների վրա:
Այն, որ Սահմանադրական փոփոխությունները հանրապետական կուսակցության իշխանությունը երկարաձգելու նպատակ ունեն՝ ՀԱԿ-ում չեն կասկածում: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ շեշտեց ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը: Ամփոփելով անցած 25 օրվա քարոզարշավը՝ նա ասաց, որ հենց այդ փաստարկն էլ դարձրել են իրենց «ոչ»-ը քարոզելու հիմնական գործիքներից մեկը:
Այս փաստերի հիման վրա էլ ժողովուրդը գալու եւ «ոչ» է քվեարկելու՝ համոզմունք հայտնեց ընդդիմադիր պատգամավորը: Արամ Մանուկյանը նաեւ հավելեց, թե գումարած դրան՝ իշխանության բոլոր քայլերը նպաստել են «ոչ»-ի ամրապնդմանը: Անդրադառնալով «ոչ»-ի ճակատի տարանջատվածությանն առնչվող հարցին՝ Արամ Մանուկյանը շեշտեց, թե դա բազմազանություն է եւ դա իրեն դուր է գալիս: Կարեւորը, նրա ձեւակերպմամբ, բոլոր այդ շերտերն էլ տարբեր ձեւերով «ոչ» են ասում իշխանության վերարտադրման ծրագրին: Իրար աջակցում ենք եւ միասնական «ոչ»ի կողնակից ենք, այստեղ որեւէ հակասություն փնտրելն իմաստ չունի՝ եզրափակեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:




