

Հայաստանում այսուհետ կգործի Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը: Ներկայացելով նորաստեղծ միության ծրագրերն ու առաքելությունըհ Յունիքոմփ ընկերության հիմնադիր նախագահ, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը հատկապես կարևորել է դպրոցական և բուհական կրթությունը համապատասխան կադրեր պատրաստելու ճանապարհին: Մեծապես կարևորելով նորաստեղծ միության առաքելությունը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը իր հերթին նշել է, որ կոչված է համագործակցելու տնտեսության տարբեր ոլորտների, հասարակական և կրթական կառույցների հետ՝ապահովելով այդ ոլորտների առավել արդյունավետ զարգացումը:
Հայաստանի Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, որի նպատակն է ներկայացնել ու պաշտպանել ոլորտի գործատուների իրավունքներն ու շահերը: Միությունը նաև հնարավորություն կտա ամրապնդել ՏՀՏ ոլորտի գործատուների միջև փոխադարձ հարգալից վերաբերմունքը, նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, խթանել ՏՀՏ ոլորտում ձեռներեցության զարգացումն ու նոր կազմակերպությունների ստեղծումը, ներկայացնելով նոր ստեղծված միությունը՝ նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
«Եթե տարիներ առաջ ես ինքս որպես գործարար, մի փոքր թերահավատությամբ էի նայում այս ոլորտին, ապա այսօր մեր բիզնեսն էլ առանց ոլորտի մասնագետների ակտիվ մասնակցության զարգացում չունի»:
Հաշվի առնելով Հայաստանում առկա ներուժը՝ ՏՀՏ գործատուների միությունը հատուկ ուշադրություն է դարձնելու դպրոցական և ներբուհական կրթությանը՝ ձեռնարկելով հիմնարար գիտելիքների դասավանդման մակարդակի բարձրացմանն ուղղված հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ, նշեց Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը:
«Միությունը պատրաստվում է յհամագործակցել ոլորտում բոլոր կադրեր պատրաստող կրթական հաստատությունների հետ՝ սկսած դպրոցներից, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններից»:
Գաղտնիք չէ, որ ոլորտի զարգացման կարևորագույն խոչընդոտը կադրերի պակասն է: Ուստի Սինոփսիս Արմենիայի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ իր հերթին ընդգծելով կրթության կարևորությունը, նկատեց, որ միությունը ճիշտ ռազմավարություն է որդեգրել:
«Խոսքը գնում է որակյալ կրթության մասին: Քանի որ բազմիցս ասել ենք Հայաստանի ՏՏ ոլորտի հիմնական խնդիրը որակյալ աշխատուժի պակասն է: Տարբեր հաշվարկներով մինչև 4000 որակյալ կադրերի պակաս ունենք այսօր ոլորտում, իսկ որակյալ կադրեր պատրաստելու համար այսօր հիմնարար մոդելներ են պետք: Կարծում եմ արդեն ժամանակն է, որ մենք լրջորեն սկսենք մտածել տեխնոլոգիական համալսարանի ստեղծման մասին: Ես ինքս հավատում եմ, որ մենք մոտ ապագայում կունենանք այդ համալսարանը և Հայաստանը իր ճանաչելիության առումով որպես գիտելիքահեն տնտեսություն ստեղծող երկիր՝ կարող է նաև աշխարհին ներկայանալ նոր՝ 3-րդ սերնդի տեխնոլոգիական համալսարանի առկայությամբ»:
Ինչ վերաբերում է կադրային ներուժի հետագա օգտագործմանը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը կարծում է, որ գործատուների միությունը պետք է դառնա մի հարթակ, որտեղ բուհի դասախոսները կանցեն վերապատրաստման դասընթացներ:
Նշենք,ո ր միությունն իր առջև դրված խնդիրներն ու նպատակները պատրաստվում է իրականացնել՝ սերտորեն համագործակցելով Կառավարության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ՏՀՏ և հարակից ոլորտներում գործող կազմակերպությունների, միջազգային կառուցների և կազմակերպությունների , ինչպես նաև այլ երկրների պետական, հասարակական և ոլորտային կառույցների հետ:




