Հասարակություն

Քահանան կոչ է անում տոները նշել ազգային, այլ ոչ՝ օտարածին եղանակով

sonahakobyan
Ազգային տոների կողքին մեծ շուքով նշվում են օտարածին տոները: Հոկտեմբերի 31-ին աշխարահը նշում է Հելոուինը, ինչո՞ւ են հայ երիտասարդներն ավելի ոգևորված այս տոնով և ինչո՞ւ են ազգային տոները ստվերում մնում: Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հովիվ, Տեր Նշան քահանա Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ սրբերի տոն ունենք նաև մենք, պարզապես մեզ մոտ այն նշվում է եկեղեցում՝ պատարագով: Ընդունելով, որ տեղեկացվածության պակասը նաև ոչ ճիշտ քարոզչության հետևանք է, քահանան հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում նաև այս տոնը, ինչպես Սբ Սարգսի տոնը, մեր երիտասրադները կնշեն ազգային և ոչ թե օտարածին եղանակով:

 

 

Այն, որ աշխարհը գնում է գլոբալիզացիայի, բնական է, բայց երբ օտարածինի կողքին ստվերվում է ազգայինը, Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հովիվ, Տեր Նշան քահանա Ալավերդյանը ոչ մի կերպ չի կարողանում ընդունել: Մի շարք երկրներում վաղը նշվելու է Հելոուինը: Տոնը, որը վերջին տարիներին մեծ շուքով նշվում է նաև Հայաստանում:

«Հելոուինի հիմքում բարի բաներ եղել են: Ժամանակի ընթացքում է վերածվել այլ արտահայտչաձևի: Այս տոնը բոլոր երկրներում էլ տոնվել է, ոչ այս ձևով, բայց տոնվել է:Այն ունեցել է գեղեցիկ ավանդույթներ: Հաճախ, երբ մենք մեր տոների մասին քիչ գիտելիքներ ունենք, այդ գեղեցկությունը փնտրում ենք ուրիշ տոների մեջ»:

Մենք ևս սրբերի տոն ունենք, ասում է  Տեր Նշան քահանան և  կոչ անում նշել ազգայինը: Քահանան ընդունում է, որ այստեղ նաև ճիշտ քարոզչության խնդիր ունենք: Ի վերջո ճիշտ քարոզչության արդյունքում մեր երիտասարդները սկսեցին նշել Սուրբ Սարգսի և ոչ թե Վալենտինի տոնը: Տեր Նշանը նաև կարծում է, որ այդ քարոզչությամբ միայն եկեղեցին չէ, որ պետք է բաղվի: Երիտասարդները ևս պետք է ձգտում ունենան, որպեսզի ճիշտ քարոզչությունը հասնի հասցեատիրոջը: Ինչևէ , քահանան կարծում է, որ այս խնդրի լուծումը ևս ժամանակի հարց է, և ինչպես սիրահարների տոնի պարագայում ի վերջո հաղթեց ազգայինը, այնպես էլ սրբերի տոնը կնշվի ազգային եղանակով և ոչ թե օտարածին ավանդույթներով:

Կարդացեք նաև

Back to top button