ԿարևորՔաղաքական

Ընտրական իրավունքի վերականգնում՝ նոր ռիսկերով

lusinevasilyan

Խորհրդարանը քննարկում է քաղաքացիների՝ նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցելը թույլատրող օրենսդրական փաթեթը: Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները հեղինակել են Հանարապետական խմբակցության պատգամավորները: Հեղինակներից ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը, նախօրեին ներկայացնելով առաջարկը, նշել էր, որ փոփոխությունների նպատակը միայն նույնականացման քարտ ունեցող քաղաքացիների ընտրական իրավունքը պաշտպանելն է:

 

Հայաստանում  182 հազար 391 քաղաքացի ունի  միայն նույնականացման քարտ,  մոտ 500 հազարը ՝ նաև նույնականացման քարտ:  Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն լրացնել օրենսդրական բացը և  միայն նույնականացման քարտ ունեցող քաղաքացիներին թույլ  տալ մասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ասում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը:

Ընդդիմադիր ուժերը, սակայն, մտահոգված են և փոփոխությունը ռիսկային են համարում  կրկնաքվերակությունների վտանգ տեսնելով՝  հաշվի առնելով այն հանգամանքը, որ  նույնականացման քարտերը, ի տարբերություն անձնագրերի,  չեն դրոշմակնքվելու:  Այս հարցը խորհրդարանում այսօր հնչեց տարբեր ձևակերպումներով ու տարբեր պատգամավորների կողմից:

«Դրոշմակնիքն այդ վերահսկողության գործիքներից ընդամենը մեկն է: Դրոշմակնիքի առկայության պայմաններում արդյոք չկա՞ն դժգոհություններ, որ լինում են կրկնակի քվեարկություններ: Իհարկե կան: Հետևաբար, մենք պետք է կարողանանք ձևավորել ընտրական մշակույթ, պետք է կարողանանք մեր լծակներով բոլորս միասին վերահսկել ընտրական գործընթացը»,- ասում է Հովհաննես Սահակյանը։

Մհեր Շահգելդյանի առաջարկը՝ միայն նույնականացման քարտեր ունեցող անձանց համար թղթե կրիչների վրա անձնագրեր տպել, Հովհաննես Սահակյանը դժվար իրագործելի համարեց, ասաց, որ ընտրական գործընթացը կազմակերպող անձանց հետ քննարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, դա  ավելի շատ խառնաշփոթ կառաջացնի:

Ընդհանրապես՝ հեղինակները կարծում են, որ հանրաքվեից  ընդամենը մեկ  ամիս առաջ Ընտրական օրենսգրքում նպատակահարմար չէ արմատական փոփոխություններ անել: Նույն հիմնավորմամբ էլ մերժվեց Տիգրան Ուրիխանյանի այլընտրանքային նախագիծը, որով նաև վերահսկողական մեխանիզմներ էին առաջարկվում: Հիմնավորումը, սակայն, համոզիչ չէ Նիկոլ Փաշինյնաի համար. դրոշմակնքման պահանջը նույնականացման քարտի համար փաստորեն հանվում է, փոխարենը նոր բան չի առաջարկվում:

Որպեսզի և ընտրական իրավունքը պաշտպանվի, և ընտրակեղծիքների նոր հնարավորություն չստեղծվի , նաև  ժամանակտար էլ չլինի, Նիկոլ Փաշինյանն արագ ու հեշտ  միջոց է առաջարկում. գուցե օգտագործվի մատը թանաքոտելու պրակտիկան։ «Ի՞նչն է խանգարում, որ այս երաշխիքը մտցվի: Դրա համար որեւէ ֆինանսական խնդիր չկա, ոչ էլ ուսուցման խնդիր կա: Չե՞ք կարծում, որ կրկնաքվեարկությունը բացառող մի կռվան եթե հանում եք, մարդիկ իրավունք ունեն մտածելու, որ դրա  նպատակը մեկն է՝  լայն բազա ստեղծել կրկնաքվեարկությունների համար»,- ասում է։

Սա առաջարկ  է, որը վերահսկողության  հավելյալ հնարավորություն է տալիս,  բայց տարբեր երկրներում այս պրակտիկան տարբեր արդյունքներ է գրանցել: Ըստ Սահակյանի՝ Հնդկաստանում մարդիկ նույնիսկ այրվածք են ստացել, իսկ Վրաստանում շատ ավելի վատ հետեւանքներ է ունեցել այդ մեթոդը:  Վերջին դիտարկմանը Նիկոլ Փաշինյանը ծիծաղով արձագանեց, հետո ստիպված եղավ բացատրել ծիծաղի առիթը: Ընթացքում ԱԺ նախագահը միջամտեց,  «Ամեն ինչ էլ հնարավոր է փոխել, պարոն Փաշինյան, եթե ուզենան, թանաքն էլ կփոխեն»։

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց իր ծիծաղելու առիթը. «Դուք ասում եք, որ մատների թանաքոտումը Վրաստանում վատ հետեւանք է ունեցել։ Այո, իսկապես հետեւանքը վատ էր, քանի որ երկու անգամ այնտեղ իշխանափոխություն արեցին» :

Ի դեպ, ավելի ուշ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ խորհրդարանի 5 խմբակցությունները պաշտպանում են ընտրությունների ժամանակ մատների թանաքոտման պրակտիկան կիրառելու առաջարկը: Զուրաբյանը մեծամասնությանը հորդորեց լրջորեն քննարկել  կոնսենսուսային այս  լուծումը և որոշում կայացնել:

Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ իրենց եւս ժամանակ է պետք քննարկելու համար: «Լեւոն Զուրաբյանը նորից լիդերացավ, 5 խմբակցություն միավորել է, որ մատները թանաքոտեն»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Փաթեթի քննարկումը կշարունակվի վաղը: Մոտ 2 տասնյակ պատգամավոր հերթագրվել է ելույթների համար:

 

 

Կարդացեք նաև

Back to top button