ԿարևորՀասարակություն

Հղիության մասին իմացա շրջափակումից 2 օր առաջ․ Արցախում ճգնաժամը սրվում է, բայց ծնունդները չեն նվազում

Արցախում առողջապահական ճգնաժամ է։ Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության կենտրոնի տնօրեն Վարդգես Օսիպովը հայտնել էր, որ վերջին մեկ ամսում շուրջ 3 անգամ ավելացել է հղիության վաղ շրջանում պտղի կորստի ցուցանիշը։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ զրույցում փաստել է՝ Հայաստանից Արցախ դեղորայքի մատակարարումը չի վերականգնվել։ Արցախում սահմանափակ հնարավորություններով է աշխատում նաև շտապ օգնության ծառայությունը։ Վառելիքի սղության պատճառով ծառայությունը կրճատել է կանչերի մեկնող մեքենաների թիվը։

«Ինչքան կդիմանանք այս պայմաններում, ես չգիտեմ․․․ Օրինակ, մեր տանը մենք հիմա օգտագործում ենք վերջին շիշ ձեթը ու վերջին տուփ աղը, ես չգիտեմ, որ դրանք վերջանան, ինչ ենք անելու»։

Ստեփանակերտցի Յուլյան ասում է՝ այն ինչ հիմա Արցախում կատարվում է, կարծես ֆիլմ լինի, որը բոլորը միայն կողքից են դիտում։ Այդ «ֆիլմում» Յուլիան շուտով երրորդ փոքրիկին լույս աշխարհ կբերի․ հղիության մասին իմացել է Արցախի՝ արդեն 8 ամիս շարունակվող շրջափակումից՝ Բերձորի միջանցքը փակվելուց 2 օր առաջ։ Անկեղծանում է՝ խնդիրներ շատ են եղել՝ առողջականից մինչև հոգեբանական։

«Սկզբում հիմնական խնդիրը դեղորայքի, վիտամինների պակասն էր, ինչի հետևանքով վիժման հետո արդեն վաղաժամ ծննդաբերության վտանգ կար, ու դրա հետևանքով ես հղիության ընթացքում արդեն 3 անգամ հիվանդանոց եմ պառկել, ու հիմա էլ անկողնային ռեժիմով եմ անցնում հղիությունս, քանի որ վաղաժամ ծննդաբերության վտանգը դեռ կա»։

Նախորդ հղիությունների ժամանակ բալանսավորված սննդակարգ  ունեի, փորձում էի անհրաժեշտ բոլոր վիտամինները ստանալ՝ պատմում է արցախցի կինը, հիմա՝ հղիության արդեն 9-րդ ամսում պարզապես ուտում է այն, ինչ հնարավոր է գտնել Ստեփանակերտի գրեթե ամբողջությամբ դատարկ խանութներում։

«Հիմա ստիպված ենք բավարարվել այն ամենով, ինչ կարողանում ենք հայթայթել․ հայթայթել բառը շատ տեղին է օգտագործել։ Եթե գոնե վառելիքի խնդիրը չլիներ և գյուղերից հնարավոր լիներ բերքը, բարիքը բերել հասցնել մայրաքաղաք, գուցե խնդիրը այսքան սուր չլիներ, բայց հիմա, օրինակ, կաթնամթերքը շատ լուրջ խնդիր է, որովհետև ոչ թե կաթ չկա, այլ տրանսպորտ չկա, որ կաթը բերեն հասցնեն մայրաքաղաք, նույնը նաև միրգը, բանջարեղենը»,– պատմում է արցախցի կինը։

Շրջափակման առաջին կես տարում, չնայած թանկ, բայց հնարավոր էր խանութներում սնունդ գտնել․ հունիսի 15-ից՝ այսպես ասած կրկնակի շրջափակումից հետո, երբ Բաքուն արգելեց Հակարիի կամրջով անգամ հումանիտար բեռնափոխադրումները, իրավիճակն ավելի աղետալի դարձավ։

«Իսկ հիմա ընդհանրապես չկա, խանութները նույնիսկ չեն էլ բացվում, քանի որ ապրանքները ի սպառ բացակայում են»։

Յուլյայի տղան արդեն 3 շաբաթ հետո լույս աշխարհ կգա, իսկ Ստեփանակերտ ոչ միայն սնունդ, այլև նորածնի խնամքի համար անհրաժեշտ պարագաներ վաղուց չեն մատակարարվում։ «Ռադիոլուրի» զրուցակիցը պատմում է՝ մի կերպ է երեխայի համար մանկասայլակ, մի քանի հագուստ ու խնամքի պարագաներ գտել․ մի քանի ամիս խնայողաբար կօգտագործեն, կհերիքի, բայց հետո ինչ են անելու՝ ապագայի նման անորոշ է։

«Հոգեբանորեն ենք հոգնում, հոգեբանորեն ենք հյուծվում։ Դիմակայելը, դիմադրելը ոչ այնքան ֆիզիկապես է ծանր, այլ հոգեպես։ Անորոշությունը, տագնապը, վաղվա օրվա նկատմամբ հավատի բացակայությունը․․․ ամենամեծ խնդիրները սրանք են, որոնց մենք բախվում ենք»,– ասում է Յուլյա Վանյանը։

Արցախի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Վարդգես Օսիպով

Շրջափակումը, դեղորայքի ու սննդի բացակայությունը, սթրեսն ու տագնապը օր օրի սրում են առողջապահական ճգնաժամը․ Արցախի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Վարդգես Օսիպովը նախօրեին տված հարցազրույցում նշել էր, որ վերջին մեկ ամսում շուրջ 3 անգամ ավելացել է հղիության վաղ շրջանում պտղի կորստի ցուցանիշը։

«Անցած ամիս մենք, ցավոք, ունեցանք նաև պերինատալ մահացության ցուցանիշների որոշակի աճ։ Բնականաբար, այս ամենը պայմանավորված է բազմաթիվ պատճառներով։ Սա սթրես է, որը ապրում է մեր բնակչությունը, այդ թվում՝ հղի կինը: Ի լրումն այս ամենի` շատ կարևոր է բալանսավորված սննդակարգը։ Բոլորը գիտեն, որ մեր բնակչությունը հնարավորություն չունի առաջին անհրաժեշտության սննդամթերք օգտագործելու: Մինչդեռ դա է հանդիսանում առողջ սերունդ ունենալու գրավականը»։

Նա ընդգծել է, որ հատկապես վերջին օրերին հղիների համար կաթնամթերք, ձու և վիտամիններով հարուստ այլ սննդամթերք ձեռք բերելն անհնար է դարձել։ Ստիպված անհրաժեշտ վիտամինների պակասը փորձում են լրացնել եղած հաբերի ու դեղորայքի միջոցով։ Վարդգես Օսիպովը շեշտել է՝ վերջին մեկ ամսում արդեն դեղորայքի ու անհրաժեշտ բուժպարագաների խնդիր ունեն։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի» միջնորդությամբ ստանում էինք որոշակի քանակությամբ դեղորայք, բայց ոչ պահանջված ամբողջ քանակով։ Եղած դեղորայքով կարողացել ենք վերջին շրջանում հաղթահարել իրավիճակը, բայց մեր պահուստը անսահմանափակ չէ»,– մանրամասնում է Օսիպովը։

Չնայած ստեղծված իրավիճակին, Ստեփանակերտի ծննդատունը շարունակում է ամենօրյա ռեժիմով աշխատել՝ վստահեցնում է Օսիպովը։ Ամենակարևոր խնդիրներից է նաև էլեկտրաէներգիայի բացակայությունը․ առայժմ անհրաժեշտ սնուցումը դիզելային գեներատորների օգնությամբ են ապահովում, բայց վառելիքի պաշարն էլ անսահմանափակ չէ։

Այս պահին էլ Արցախում կան հիվանդներ, որոնց հետագա բուժումը պետք է իրականացնել Հայաստանի մասնագիտացված բուժհաստատություններում՝ լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Երևանից բժիշկներն ու բուժաշխատողները ամենօրյա կապի մեջ են արցախցի գործընկերների հետ ու փորձում են հեռավար օգնել նրանց՝ ասել է նախարարը։

«Արցախում բոլոր պլանային միջամտությունները այս պահին կասեցված են, բոլոր դեղորայքային ու բժշկական նշանակության ապրանքները օգտագործվում են միայն անհետաձգելի ու սուր կարիքի դեպքում։ Այս իրավիճակը իրենից ներկայացնում է լուրջ հումանիտար աղետ, առողջապահական ճգնաժամ։ Բնականաբար այս բոլոր փաստերը ես ներկայացնում եմ թե՛ մարդու իրավունքների պաշտպանին, թե՛ միջազգային կառույցներին․ պատասխանը բնականաբար մեզ չի գոհացնում, քանի դեռ ճանապարհը բաց չէ»,– ասել է Ավանեսյանը։

Արցախում վառելիքի սղության պայմաններում կրճատվել է նաև կանչերի մեկնող շտապ օգնության մեքենաների թիվը։ Առաջին օգնությունը փորձում են հեռավար ցուցաբերել։ Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը շեշտել էր՝ գրեթե անհնար է դարձել շրջանների բուժմիավորումների խնդիրներին ժամանակին արձագանքել, երբ Ստեփանակերտից անհապաղ օգնություն է անհրաժեշտ լինում:

Կարդացեք նաև

Back to top button