
Հունաստանի Լարիսա քաղաքի մոտ մարդատար գնացքի և բեռնատար գնացքի բախման զոհերի թիվը հասել է 32-ի, տուժել է 85 մարդ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ERT NEWS լրատվական հեռուստաալիքի եթերում հայտարարել է հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Վասիլիս Վատրակոյանիսը։
«Ներկայումս հայտնաբերվել է 29 զոհ և 85 վիրավոր»,-հեռուստաալիքը մեջբերում է Վատրակոյանիսի խոսքերը։ «Վթարի վայրում աշխատում է 150 հրշեջ, 40 շտապօգնության մեքենա և 32 ոստիկան՝ 15 պարեկային մեքենաներով»,-ասել էր նա։
270 ուղևոր, որոնք բժշկական օգնության կարիք չեն ունեցել, տարհանվել են ողբերգության վայրից և ավտոբուսով ուղարկվել Սալոնիկ։ Հեռուստաալիքի հետ զրույցում ականատեսներից ոմանք պատմել են, որ գնացքների բախման ազդեցությունը շատ ուժեղ է եղել, մի քանի վագոն անմիջապես հրդեհվել է։ «Շուրջն ամեն ինչ այրվել էր, մենք դուրս եկանք կոտրված պատուհաններով, հայտնվեցինք ձորում, շուրջբոլորը ծխով էր պատված, պարզ չէր, թե ուր պետք է գնանք»,- պատմել է ողջ մնացած ուղեւորներից մեկը։
Հրշեջները հայտնում են, որ բախվող գնացքների առաջին վագոններն ամբողջությամբ ջարդվել են, անիվի հարվածից և վագոնների ծածկույթի մի մասը շպրտվել է երկաթուղային գծից մինչև 100 մ հեռավորության վրա։ Երկու գնացքներն էլ, որոնք շարժվում էին հանդիպակաց ուղղությամբ անհայտ պատճառով հայտնվել են նույն գծի վրա։
Չորեքշաբթի օրը Hellenic Train-ի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ «Աթենքից դեպի Սալոնիկ երկու գնացքների՝ բեռնատար գնացքի և IC 62 գնացքի ճակատային բախում տեղի է ունեցել Էվանգելիզմոս շրջանում»: «Բախման պահին գնացքում եղել է մոտ 350 ուղևոր: Դեպքի վայր են ժամանել հրշեջները և Hellenic Train-ի աշխատակիցները, որոնք մասնակցել են փրկարարական աշխատանքներին և օգնել ճանապարհորդներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։




