
ԵՄ խորհուրդն այսօր համաձայնություն է տվել Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում Հայաստանում ստեղծել Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն (EUMA) : Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության, վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր:
«Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումով Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածությունում նոր փուլ է սկսվում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել դեէսկալացիայի ջանքերին և հանձնառու է սերտորեն աշխատել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատաման համար», — ասել է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Ի պատասխան Հայաստանի խնդրանքի՝ EUMA-ն կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի իրավիճակի մասին, ինչը կամրապնդի ԵՄ-ի պատկերացումը տեղում իրավիճակի վերաբերյալ։ Առաքելությունը նաև կնպաստի միջնորդական ջանքերին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջնորդած գործընթացի շրջանակներում։
EUMA-ն նախնական երկու տարվա մանդատ կունենա, օպերատիվ շտաբը կտեղակայվի Հայաստանում: Քաղաքացիական առաքելությունը կղեկավարի Ստեֆանո Տոմատը: Առաջիկայում կնշանակվի տեղում գործողությունները ղեկավարող առաքելության ղեկավար։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հաստատել էին իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և ԱՊՀ Ալմա-Աթայի 1991 թվականի դեկտեմբերի 21-ի հռչակագրին, որով երկու պետությունները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև համաձայնել էր նպաստել ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, մինչդեռ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել այս առաքելության հետ, որքանով իրեն վերաբերվում է, առավելագույնը երկու ամիս ժամկետով։
Արտաքին հարաբերությունների խորհուրդը հոկտեմբերի 17-ին որոշեց ստեղծել Հայաստանում ԵՄ մոնիտորինգի կարողություն (EUMCAP)՝ Հայաստանում տեղակայելով ԵՄ դիտորդներ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից (EUMM):
Առաքելությունը գործարկվեց 2022 թվականի հոկտեմբերի 20-ինև ավարտեց իր գործունեությունը դեկտեմբերի 19-ին:
2022 թվականի դեկտեմբերի 27-ին Բարձր ներկայացուցչին ուղղված նամակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը ԵՄ-ին հրավիրել էր Հայաստանում տեղակայել քաղաքացիական առաքելություն։




