ԿարևորՀասարակություն

Աշտարակը պատրաստ է ակադեմիական քաղաք դառնալ

Բուհերը միավորելու ու այդպիսով կրճատելու, դրանց շենքերը տարբեր նպատակների ծառայեցնելու եւ Երևանից դուրս ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարը ոչ միայն գիտական հանրույթի, այլև հասարակության  բուռն արձագանքին էր արժանացել դեռ մեկ տարի առաջ։ Մտահղացումը կրկին օրակարգում է՝ ավելի հստակ հասցեով։ Վարչապետ Փաշինյանն առաջարկում է ակադեմիական քաղաքը դարձնել Աշտարակը։ Ինչքանո՞վ են ուսանողներն ու դասախոսները պատրաստ ամեն օր հասնել Աշտարակ, և Աշտարակը պատրա՞ստ է հյուրընկալել ակադեմիական ողջ հանրույթին։

Ուսման ավելի լավ պայմաննե՞ր, թե՞ հավելյալ խնդիրներ։ Ուսանողական կյանքը Երեւանից Աշտարակ տեղափոխելու գաղափարը, գուցե, լավն է, բայց մենք պատրա՞ստ ենք դրան։ Շենքային ավելի բարենպաստ պայմաններ, ավելի լավ լաբորատորիաներ, ավելի սերտ համագործակցություն բուհերի միջև, գուցե, ունենանք, բայց կորուստները շատ ավելին են լինելու՝ կարծում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, իսկ ամենամեծ անհարմարությունը համարում ենթակառուցվածքների բացակայությունը։

«Հայաստանյան բուհերը մեծ մասամբ Երևանի կենտրոններում են և հավասարապես հասանելի են մետրոյով ու տրանսպորտային հանգույցներով բոլոր համայնքների ու մոտակա մարզերի համար։ Եթե մենք տանենք Աշտարակ, սա նշանակում է, որ ուսանողները, դասախոսներն ամեն օր պետք է հսկայական ժամանակ ծախսեն, խցանումներն էլ ավելի են սրվելու, դեպի Աշտարակ տանող ճանապարհները՝ ծանրաբեռնվելու։ Մարդկանց համար ստեղծվելու են անհարմարություններ։ Պետությունն էլ պետք է փորձի ավելի շատ միջոցներ ծախսել։ Պետք է անվճար ավտոբուսներ, այլ միջոցներ հատկացնի, որպեսզի  հասանելիության հարցը լուծի։ Օրինակ՝ հաշվարկվա՞ծ է, թե բյուջեից որքան գումար պետք է հատկացնենք, որպեսզի ամեն օր տասնյակ հազարավոր դասախոս-ուսանողների Երևանից տանենք Աշտարակ ու բերենք, և դա անենք տարբեր ժամերի»։

Փորձագետն անիրատեսական է համարում նաև կրթության բարձր որակի երաշխիքները։ Բուհերը Երևանից այլ քաղաք տեղափոխելուց որակը դժվար թե փոխվի։

«Դասախոսը, որ դասավանդում է Երևանի կենտրոնում, գնա Աշտարակ դասավանդելու՝ ավելի լա՞վ կդասավանդի։ Չեմ կարծում։ Այս ամենը հաշվարկելով, կարծում եմ, չարժե այս վիճակում գտնվող Հայստանը մտնի այդքան մեծ բեռի տակ։ Մենք մարզերից եկող ուսանողներ ունենք, որոնք այսօր Երևանում բնակվում են բարեկամների տանը։ Մենք պատրա՞ստ ենք այդքան մարդու ապահովել կացարանով»։

Արագածոտնի մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, հակառակ կրթության փորձագետի, շատ ավելի լավատես է։ Դեռ հստակ չգիտի ու չունի գնահատումներ, թե ինչքանով է Աշտարակը պատրաստ նման արմատական փոփոխությունների, բայց համոզված է՝ ցանկացած խնդիր ժամանակի ընթացքում իր լուծումը կստանա։

«Որոշումը մեկ օրում չի ընդունվել։ Այն երկար քննարկումների արդյունք է։ Շատ հեռանկարային լուծում են ընտրել։ Չնայած տարբեր շահարկումների՝ շատ ճիշտ որոշում է։ Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, ճիշտն ասած, այդքան լավ տեղեկացված չեմ, բայց վստահ եմ, որ մեծ աշխատանքներ են տարվելու դրա հետ կապված։ Ես շատ ուրախ կլինեմ, որ Աշտարակը դառնա գիտական քաղաք, ու մաքուր օդի հնարավորություն կստեղծի սովորողների համար»։

Աշտարակ համայնքն իրականում պատրաստ է հյուրընկալել պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում իր հերթին հավաստիացնում է Աշտարակ համայնքի ղեկավարի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը։ Համայնքը պատրաստ է զարգացնել և հարմարեցնել իր ենթակառուցվածքները՝ ակադեմիական քաղաքի պահանջներով։ Աշտարակում դեռ խորհրդային տարիներին գործել են տեխնոլոգիական ուղղվածությամբ գիտահետազոտական ինստիտուտներ։ Համայնքը պատրաստ է նպաստել ենթակառուցվածքների արդիականացմանը և նոր միավորների ստեղծմանը։ Աշտարակի ներհամայնքային և միջհամայնքային տրանսպորտի խնդիրը ևս փուլ առ փուլ լուծվում է։ Համայնքի զարգացման ծրագրում այն առաջնային խնդիր է։

Բուհերն Աշտարակ տեղափոխելու գաղափարը շատ հավակնոտ է համարում նաև նախարար Վահրամ Դումանյանը։ Ինչ վերաբերում է տարածքին՝ կարծում է, որ որոշիչն աշխարհագրական դիրքը չէ։ Նպատակը որակյալ կրթությունն է, և Աշտարակում դա հնարավոր է՝ համոզված է նախարարը։

«Այդպես է նպատակահարմար գտնվել, հազար ու մի հարցեր կան։ Հաշվի են առնվել Աշտարակում գոյություն ունեցող որոշակի ենթակառուցվածքները, գիտահետազոտական կենտրոն ունենք այնտեղ։ Աշտարակն այն տարածքը չէ, որը ձեր մոտ պետք է հարցեր առաջացներ»։

Երեւանից դուրս գիտակրթական կենտրոններ կառուցելու գաղափարը նոր չէ։ Դեռ նախորդ դարի կեսերին է հնչել առաջարկ՝ Երեւանին մերձակա մի տարածքում համալսարանական ավան կառուցել եւ մայր բուհ-ն այնտեղ տեղափոխել: Եթե առաջարկը կյանքի կոչվեր, ավանը կլիներ այսօրվա Ազգային ժողովի տարածքում: Գիտնականները բողոքում են, ու որոշվում է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքը կառուցել քաղաքի կենտրոնից քիչ հեռու` նախկին Մռավյան, այսօր՝ Ալեք Մանուկյան փողոցում։ Ի վերջո՝հանրապետության մեծ բուհերն իրենց շրջակայքով արդեն փոքրիկ ավաններ են։ «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն, ճարտարապետ Սիրեկան Օհանյանը դժվարանում է պատկերացնել, թե ինչպես կարելի է դրանք տեղափոխել մեկ ուրիշ տեղ: Նկատում է՝ խոսքը, գուցե, կոնկրետ մասնագիտացված բուհերի միավորման և դրանց առավել արդյունավետ գործունեության մասին է, բայց ոչ երբեք ԵՊՀ-ի.

«Դա չի կարող վերաբերել Համալսարանին, Բժշկականին, Պոլիտեխնիկին, Գյուղատնտեսականին։ Դրանք բոլորը և ձևավորված, և ճարտարապետական առումով և միջավայրի առումով բոլորն էլ իրենց տեղում են։ Ես չեմ պատկերացնում՝ Համալսարանի փոխարեն ուրիշ ոչինչ չի կարող լինել։ Որովհետև հենց համալսարանի շենքը նախագծված է շատ ճանաչված ճարտարապետ Էդմոնդ Տիգրանյանի կողմից հենց Համալսարանի համար։ Դրանք պարզապես հարմարեցված շենքեր չեն։ Դրանք նախապես մտածված, տեխնոլոգիային համապատասխան նախագծված կառույցներ են և դրանց մեծ մասը ճարտարապետական լուրջ արժեք ունի Երևանի համար»։

Մինչ մասնագիտական շրջաններում քննարկում են գաղափարը՝ կառավարությունն արդեն որոշել է, իսկ առաջին քայլը պետք է բուհերի խոշորացումը լինի։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օպտիմալացման արդյունքում կունենանք 8 պետական բուհ, որոնք էլ ժամանակի ընթացքում կտեղափոխվեն Աշտարակ։ Իսկ փոփոխությունները ժամանակ և տարբեր լուծումներ են պահանջում․

«Ոչ բոլոր բուհերը կտեղափոխվեն։ Բովանդակային բազմաթիվ հարցեր կան։ Պետությունը պետք է կարգավորի՝ ինչ ֆակուլտետներ ինչ բուհերում կարող են լինել։ Ֆակուլտետներ կան, որ շատ այլ տեղերում էլ կան, բայց այդ ֆակուլտետները պետք է գործեն կոնկրետ լիցենզիայով, որպեսզի մենք որակը կարողանանք վերահսկել։ Ինչ վերաբերում է շենքերին, դրանք կարող են թողնվել բուհերին, Երևանի կենտրոնում տրվեն վարձակալության, եկամուտները օգտագործենք բուհի և բուհական համակարգի հետագա զարգացման համար»։

Թե ինչ ժամկետում են Աշտարակը կդառնա երկրի ակադեմիական «սիրտը», թե վարչապետը, թե ԿԳՄՍ նախարարը դժվարանում են հստակ ժամկետ նշել։ Կցանկանա՞ն նախարարությունն էլ մարզ տեղափոխել՝ հարցին նախարար Վահրամ Դումանյանը նախընտրում է չպատասխանել։

Back to top button