ԿարևորՀասարակություն

Համապարփակ պաշտպանությունը՝ աշխարհայացք․ ի՞նչ է առաջարկում ԱՏՁՄ-ն եռամսյա հավաքների փոխարեն

Պահեստազորայինների եռամսյա հավաքները խնդիրների առջև են կանգնեցրել ՏՏ ընկերություններին․ «կրիտիկական» համարվող աշխատակիցներին դրանց ընթացքում փոխարինողներ գտնելը հեշտ չէ։ Այլընտրանքային առաջարկ է ներկայացրել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Տարածքային ուժերի կազմավորման և պահեստազորի պատրաստության ծրագիր են մշակել, որն, ըստ էության, կփոխարինի եռամսյա հավաքներին։ Համապարփակ պաշտպանության և անվտանգության հայեցակարգը մշակել է Գիտական հետազոտությունների և զարգացման կենտրոնի տնօրեն  և «Ոգեզէն» հարթակի անդամ Հրաչյա Արզումանյանը։

Պարտությունը տեխնոլոգիական էր, հաղթանակը ևս պետք է տեխնոլոգիական լինի

ԱՏՁՄ-ն ստեղծում է տեխնոռազմական ռեզերվ։ Նպատակներից մեկը  ռազմական խնդիրներին  տեխնոլոգիական լուծումներ տալն է։ Նախապատրաստական փուլն արդեն անցել են, ծրագրի պաշտոնական մեկնարկը նախատեսվում է սեպտեմբերին՝ ԲՏԱ և ՊՆ-ի հետ համագործակցությամբ։

«Ստեղծվում է պահեստազորային ռեզերվային համակարգ, որը քանակական առումով մի քանի անգամ գերազանցում է նախկինում կամ այժմ գոյություն ունեցող  համակարգը։ Սա հնարավորություն է ընձեռնում  եռամսյա հավաքների փոխարեն 10-օրում վերապատրաստում անցնել։ Ոլորտի բազմակողմանի մասնակցությամբ է ստեղծվում, այդ թվում ՝ ֆինանսական»,- ասում է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

Մասնագետների ռազմամարզական և տեխնոլոգիական վերապատրաստումներ, մարտական գործողությունների ընթացքում հատուկ գործողությունների իրականացում։ Մասնակիցները ցուցադրական վարժանքների ընթացքում կիրառել են ուսումնական գործընթացում ձեռք բերած գիտելիքները։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ԱԹՍ կրթական աշխատանոցի խմբավար Շահեն Արաբաչյանը նախնական գիտելիքներ ձեռք բերելու անհրաժեշտություն չուներ։ Միանգամից ընդգրկվել է տեխնիկական հետախուզական զորքերում և պայմանական հակառակորդի զորախաղի տեղաշարժը ֆիքսելու համար տեխնիկական միջոցներ կիրառել։ 

«Ունեցել ենք տեղադրված գաղտնի տեսախցիկներ և ԱԹՍ-ներ։ Գաղտնի տեսախցիկները տեղադրված են եղել սարերում, որոնք անլար փոխանցման միջոցով կարողացել են իրական ժամանակով փոխանցել տեսաձայնագրություններ։ Կային նաև գիշերատեսիլ հարմարանքներ, streaming էինք անում ու իրական ժամանակով տեսնում ջերմատեսիլ պատկերները։ Այսինքն, ջերմային ֆոնն առանձնացնում էր ընդհանուր տարածքից ու ցանկացած առարկա, որը ջերմությամբ տարբերվում էր ընդհանուր տարածքից կարողանում էինք ֆիքսել», -ասում է Շահեն Արաբաչյանը։

Ի՞նչ էր կատարվում մարտի դաշտում

«Ինֆորմացիա ստացվեց, որ իբր մոտենում են հակառակորդի ուժեր, դա արդեն հայտնաբերել էր հետախուզությունը։ Որպեսզի համոզվենք, նաև հավելյալ ինֆորմացիա ունենանք նրանց թվաքանակի, տեղաբաշխվածության, ինչպես նաև զինտեխնիկայի և մյուս բոլոր մանրամասների մասին, առաջին հերթին բարձրացրեցինք ԱԹՍ-ները, որ համոզվենք՝ արդյո՞ք հետախուզությունը ճիշտ ինֆորմացիա ուներ։ Հետո արդեն տեղադրված տեսախցիկների միջոցով նաև կարողացանք հետևել բուն գործողությունների ընթացքին»,- ասում է Շահեն Արաբաչյանը։

«ԱԹՍ-ներն օգտագործվել են ցերեկը, դրանցից մեկն ուներ գիշերատեսիլ հարմարանք և ջերմատեսիլ էր․ մինչև բուն օպերացիան սկսելը բարձրացրել ենք վերև, տեխնիկական հետախուզություն ենք իրականացրել։ Օպերացիան սկսելուց հետո թիրախը հայտնաբերեցինք, կարողացանք վերևից հետևել ու ինֆորմացիան հաղորդել շտաբ» — պատմում էՇահեն Արաբաչյանը։ 

Տեխնոլոգիական նոր լուծումները՝ փորձարկման մեջ

Ծրագրով նախատեսվում է նաև գումարտակի մակարդակում կառավարման կենտրոն ստեղծել։ Նպատակ կա 2 տարվա ընթացքում 25 հազար մասնագետ վերապատրաստել։ ԱՏՁՄ վարչության անդամ Արման Պողոսյանն ասում է․«ԱՏՁՄ-ն եռամսյան հավաքներին վերաբերող բողոք ուղարկեց ԲՏԱ նախարարություն, որն էլ ՊՆ ուղարկեց մեր խնդիրը։ Համատեղ քննարկում կազմակերպվեց։ Այն հարցում, որ հավաքներին մասնակցությունը անհրաժեշտ  է, երկիրը պահեստազորի պատրաստության խնդիր ունի, և յուրաքանչյուրը պետք է մասնակցի դրան, բոլորս համաձայն էինք, խնդիրը ֆորմատի հետ էր կապված»։

ԲՏԱ նախարարությունում աշխատախումբ է ստեղծվել՝ խնդրին համապարփակ լուծում տալու համար։ ԱՏՁՄ-ն ներկայացրել է պահեստազորի պատրաստության իր նոր ծրագիրը՝առաջարկելով ներգրավել տեխնոլոգիական ոլորտի աշխատողներին։ Ըստ այդմ՝ պահեստազորի տարածքային ուժերի պատրաստությունը պատշաճ մակարդակի կբերվի, զորավարժանքների վայրը կդառնա փորձադաշտ՝ հայկական զինատեսակների մատակարարման շղթան գործարկելու համար։

«Ռազմաարդյունաբերական ընկերությունները, որոնք տեխնոլոգիական նոր լուծումներ են ստեղծում , դաշտային պարապմունքների ժամանակ կբերեն և կփորձարկեն իրենց լուծումները։ Կդիտարկվի այդ զինատեսակների ներառումը տարածքային ուժերի զորամիավորումներ և փորձարկումների հետո կտրվի դրանց հաջորդ քայլը՝ այդ զորատեսակների ստեղծումը, որովհետև զինատեսակը, որը ստեղծվում է, դեռ չի նշանակում, որ կկիրառվի։ Ամեն զինատեսակի հետ պետք է ստեղծել նոր զորատեսակներ և փորձարկել դրանք», — ասում է Արման Պողոսյանը։

Նոր մոդելներ, նոր մարտավարություն

Եթե եռամսյա հավաքների դեպքում քաղաքացին պետք է երեք տարում մեկ անգամ մասնակցեր զորահավաքին, ապա այժմ 1 տարում ավելի մեծ քանակով քաղաքացիներ կմասնակցեն, ավելի կարճ ժամանակով, բայց՝ ավելի հաճախ։

«Ամեն տարվա մասնակիցների ներգրավվածությունն ավելի մեծ է, քան եռամսյա հավաքներով էր նախատեսվում, քանի որ ամեն տարի է անցկացվում, երկրորդը՝ավելի մեծ քանակով։ Ենթադրենք 3 հազար հոգի պետք է հավաքվեր ամեն տարի, այս 3 հազարի մեջ մեր ոլորտի «բեռը» որքա՞ն էր կազմում, ինչ-որ փոքր տոկոս, որովհետև ընդամեն 25 հազար աշխատակից կա ոլորտում, թվային առումով ավելի շատ մարդ ենք ներգրավում, այդ թվում աղջիկների, որոնք պահեստազորի մեջ չեմ մտնում»,- ասում է Արման Պողոսյանը։

Քաղաքացին, որը կմասնակցի այս ծրագրին, այլևս եռամսյա հավաքի ծանուցում չի ստանա։ Համապարփակ պաշտպանության և անվտանգության հայեցակարգի համաձայն՝  յուրաքանչյուր քաղաքացի պետք է մասնակցի երկրի պաշտպանությանը։ Տարածքային ուժերի կազմավորման և պահեստազորի պատրաստության ԱՏՁՄ ծրագիրը հավանության է արժանացել նախարարությունների կողմից, վերջնական հաստատումը կլինի առաջիկա մեկ-երկու շաբաթում ՝ ասում է Պողոսյանը։

Համապարփակ պաշտպանությունը՝ աշխարհայացք

Հայաստանի ԶՈւ-ն պետք է կենտրոնանան առկա մարտական խնդիրների լուծման վրա։ Մյուս բոլոր խնդիրները պետք է հանձնարարվեն համակարգի մյուս մասնակիցներին։ Այսպիսի խնդրի օրինակ է Հայաստանի բնակավայրերի նախապատրաստումը ճգնաժամերին և պատերազմներին, ինչպես նաև պահեստազորայինների և տարածքային պաշտպանության ուժերի նախապատրաստումը, որը կարող է ստանձնել «Ոգեզէն» հարթակը։

Ոչ պետական ներուժի համակարգումը «Ոգեզէն» հարթակի ռազմավարական խնդիրն է։ Ըստ հայեցակարգի՝ յուրքանչյուրը մասնակցում է երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը։ Ամբողջ աշխատանքը չպետք է թողնել պետական ուժերին, որոնք կազմում են երկրի ընդհանուր ռեսուրսի 2 տոկոսը։ Մնացած 98 տոկոսը չի կարող հանգիստ նստել և ասել մենք բանակ ունենք, թող բանակը մեզ պահի։ Արդեն տեսել ենք՝ դա Հայաստանի համար չի գործում։ Հայեցակարգի ներքո ԱՏՁՄ-ի կողմից կազմվել է տարածքային ուժերի կազմավորման և պահեստազորի պատրաստության ծրագիրը։

Ինչո՞ւ է այս մոդելն ավելի արդյունավետ

Յուրաքանչյուր անձ, որը մասնակցում է հավաքներին, զինվորական մասնագիտացում ունի։ Պայմանավորված տեխնոլոգիաների կիրառմամբ՝ այդ մասնագիտացումները փոխվում են։ Փոխվում է նաև զորամիավորումների մոդելը։ Յուրաքանչյուրն իր մասնագիտությամբ տարվա ընթացքում 16 դաս է անցնում՝ ոչ աշխատանքային ժամերին կամ շաբաթ-կիրակի օրերին։ Այսինքն՝ ցանկացած մարդ 12 օր մասնակցում է դաշտային պրակտիկ պարապմունքների, որտեղ այդ զորամիավորման մեջ մինիմալ պատրաստություն է անցնում ու մարտավարական խնդիրներ է լուծում։

Ըստ հավաքների գործող տրամաբանության՝ պահեստազորի ռեզերվում գտնվող  անձը մասնագետ է, որը ծառայել է 25 տարի առաջ ինչ-որ մասնագիտությամբ։ Դրանից հետո նա աշխատանքի է անցել, տարբեր մասնագիտություններով մեծ փորձ է կուտակել, բայց այդ տվյալները հավաքված չեն։ Երբ նրան պահեստազորի պարապմունքի համար ծանուցում են ուղարկում, կանչում են ըստ հին մատյանների՝ հաշվի առնելով, թե ծառայության երկու տարվա ընթացքում ինչ մասնագիտացում է ունեցել։ Իսկ թե դրանից 20-25 տարի հետո ինքն ով է եղել, այդ պահին քաշը երկու հարյո՞ւր  կգ է, թե՞ մնացել է 60 կգ, չգիտեն։ Երբ նոր տվյալները հավաքվում ու նպատակային օգտագործվում են, համակարգի արդյունավետությունը բարձրանում է։

Back to top button