ԿարևորՀասարակություն

Հայաստանի երեք քաղաք 30,000 եվրո դրամաշնորհ կստանա՝ մշակութային զարգացումը խթանելու համար

Նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ին, Երևանի Գյոթե Կենտրոնում EU4Culture ծրագիրը Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ կկազմակերպի մրցանակների հանձնում ՝ ներկայացնելու ընտրված երեք քաղաքները, որոնք կստանան 30,000 եվրո դրամաշնորհ՝ Մշակույթի զարգացման ռազմավարություն պատրաստելու համար:

Դրամաշնորհային հայտերի մրցույթը մեկնարկել է 2021 թվականի մայիսին: Այն նպատակ ունի աջակցել մարզային քաղաքներին՝ մշակելու և իրականացնելու Մշակութային զարգացման ռազմավարություններ՝ հետևելով Եվրոպական մշակութային մայրաքաղաքների մոտեցմանը: Ընդհանուր առմամբ, կանչին մասնակցել են 70 քաղաքներ Արևելյան գործընկերության 5 երկրներից: Ներկայացված հայտերի գնահատումից հետո Հայաստանից ընտրվել են Իջևան, Չարենցավան և Սևան քաղաքները:

Ընտրված քաղաքները կստանան մինչև 30,000 եվրո դրամաշնորհ՝ Մշակույթի զարգացման ռազմավարությունը մշակելու համար: Կանչի վերջնական փուլում այս 3 քաղաքներից մեկին կտրամադրվի մինչև 300,000 եվրո դրամաշնորհ՝ իր ռազմավարությունն իրականացնելու համար:

Միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներ, ԿԳՄՍ նախարարության փոխնախարար, երեք քաղաքների քաղաքապետեր և ներկայացուցիչներ, EU4Culture ծրագրի ներկայացուցիչներ: Միջոցառումը կբացվի ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի ողջույնի խոսքով, որին կհաջորդեն մյուս հրավիրյալների ելույթները և մրցանակների հանձնումը, երբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը պաշտոնապես դրամաշնորհային վկայականներ կշնորհի ընտրված քաղաքներին: Վերջում տեղի կունենա հարցուպատասխան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

EU4Culture-ը քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ աջակցելու մշակույթի և ստեղծագործական հատվածին, կենտրոնանալով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքների վրա: Ծրագիրը նպատակ ունի նպաստել տարածաշրջանում մշակույթը՝ աճի և սոցիալական զարգացման շարժիչ դարձնելուն: EU4Culture-ն իրականացվում է Գյոթե ինստիտուտի (ղեկավար), Վրաստանի Ինստիտուտ Ֆղոնսեզի, Դանիական մշակութային ինստիտուտի և Չեխիայի կենտրոնների կողմից:

Back to top button