ԿարևորՀասարակություն

Լուծումը՝ դատարանում․ բարձրահարկի լինել-չլինելու պայքար «Ֆիզգորոդոկ»-ում

Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեի կամ «Ֆիզգորոդոկ»–ի բնակիչներ շարունակում են համարել, որ իրենց թաղամասում ապօրինի շինարարություն է նախատեսվում։ Քննարկումները ևս շարունակվում են, դրանց միացել է նաև քաղաքապետարանը․ քաղաքացի–կառուցապատող–քաղաքապետարան եռյակը խնդրին լուծում է փնտրում։

«Ֆիզգորոդոկ»–ի խնդրահարույց տարածքում նախատեսվող բարձրահարկին համարժեք բարձրությամբ արդեն մի քանի օր շարունակվում են քննարկումները դրա լինել–չլինելու հարցի շուրջ․ կառուցապատողը վստահեցնում է՝ ունի բարձրահարկը կառուցելու թույլտվություն, քաղաքացիները կասկածի տակ են դնում այդ թույլտվության օրինականությունը։

Օրերս ակտիվ քաղաքացիները հանդիպել էին քաղաքապետարանի ներկայացուցչի հետ։ Քննարկման արդյունքում հստակ որոշում չէր կայացվել։ Այս անգամ վիրտուալ «կլոր սեղանի» շուրջ հավաքվել են խնդրին առնչվող բոլոր կողմերը՝ կառուցապատող, քաղաքացի, քաղաքապետարանի ներկայացուցիչ։

Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի՝ Ֆիզգորոդոկի բնակիչ Սեդա Գրիգորյանը տեղեկացնում է․

«Արդեն 2.5 տարի է՝ մենք պայքարում ենք իրավական դաշտում՝ դատարաններում, քաղաքապետարանին, ամեն տեղ ներկայացրել ենք բոլոր իրավական հիմքերը առ այն, որ սեփականաշնորհման ամբողջ գործընթացը կեղծ հիմքերով է․ նկարված է ինչ–որ նկուղ, որի հիման վրա տարածքը սեփականաշնորհվել է, իսկ նկուղ երբևէ չի եղել։ Սա շատ պարզ և տարրական հանրային տարածքի զավթման գործընթաց է, որը տարածված է եղել 2000–ականների սկզբին»։

Կառուցապատողը՝ «Ռատկո» ՍՊԸ–ի տնօրեն Արթուր Մնացականյանը, վստահ է՝ որևէ անօրինական գործարք տեղի չի ունեցել․

«Նկուղը առկա է, երբ 18 թվականին կողմը դիմեց ոստիակնություն նույն հիմքով տեղազննություն է կատարվել և նկուղի չափով առկայությունը հաստատվել է։ Մեր շինարարությունը ապօրինի չի, ապօրինի կլինի, եթե չունենան շինթույլտվությւոն։ Մնացած դեպքերում իրենց ենթադրությունները թող չբարձրաձայնեն, դա ստվեր է գցում մեր ընկերության վրա, խնդրում եմ, այսուհետ նման արտահայտություններ չանեն»։

Սեդա Գրիգորյանը մնում է իր կարծիքին ու հավելում՝ այս պատմության կարևոր դրվագներից մեկը տարածքը հուշարձանների ցանկում ներառելու, հետո հանելու ԿԳՄՍ որոշումն է։

«ԿԳՄՍ նախարարության կողմից այս տարի անցկացվել է նորահայտ հուշարձանների ցանկում ամբողջ թաղամասը։ Եվ հանկարծ ինչ–որ մի օր իմանում ենք, որ հուշարձանների ցանկից հանվել է միայն այն հատվաըվ, որտեղ այս կառուցապատումը լինում է․»

Կառուցապատողը պատասխանում է՝ ինքն է միջնորդել, որ տարածքը հանվի հուշարձանների ցանկից․

«Թաղամասը հուշարձան է ճանաչվել, բայց մեզ որպես այդ թաղամասում սեփականություն ունեցող հիմնարկի` չեն ներգրավել: Ես գտնում եմ, որ դա էլ է խախտում: Իմանալով, որ մեզ անտեսել են, մեր սեփականության հետ հաշվի չեն նստել, մենք դիմեցինք այդ պետական հիմնարկին եւ պահանջեցինք, որպեսզի հարցը պարզաբանվի»


Բնակիչները «Ռադիոլուր»–ի հետ զրույցի ընթացքում նշել էին՝ իրենց խնդիրը կառուցապատողի հետ չէ, քաղաքացի–կառուցապատող քննարկումն անիմաստ է, կարևոր է քաղաքապետարանի դիրքորոշումը, որը հավանություն է տվել նախագծին։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն է բացատրում։

«Քաղաքապետարանը վերջին 2.5-3 տարվա ընթացքում 100–ավոր, 1000–ավոր շինթույլտվություններ է տվել։ Այդ գործընթացները որոշ ժամանակ տևել են մի քանի շաբաթ, որոշ դեպքերում ամիսներ։ Ֆիզիկայի բանավանում՝ խնդրո առարկա տարածքում շինթույլտվություն տալու գործընթացը սկսվել է 19 թվականի սկզբից և ի վերջո 2021 թ․ հուլիսի 29-ին տրվել է թույլտվություն։ 2.5 տարվա ընթացքում հանգամանորեն այս հարցը տարաբնույթ քննարկումների միջով է անցել»։

Քաղաքապետարանը կարող է գործել միայն իր լիազորությունների շրջանակում։ Հակոբ Կարապետյանը նշում է՝ այս հարցի շուրջ իրենք անելիք չունեն։ Եվ Կարապետյանը, և կոռուցապատող Արթուր Մնացականյանը հորդորում են՝ գնալ բացառապես իրավական ճանապարհով և հարցի լուծումը վստահել դատարանին։

Բնակիչներն այս ճանապարհն ընտրել են նախորդ տարվանից, հունվարին Վարչական դատարան են դիմել ՝ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջով, երկու հայցով էլ վիճարկել են շինթույլտվության  օրինականությունը։

Նշում են՝ եթե մինչև դատական գործերի հանգուցալուծումը շինարարական աշխատանքներն ընթանան, կարող է անհետանալ , իրենց խոսքով, կեղծ նկուղի ապացույցը։

Կարդացեք նաև

Back to top button