ԿարևորՀասարակություն

Դառնալ ապագայի բաժնետեր․15 լուրջ նպատակ՝ հայտնի հայ գործարարների ջանքերով վաղն այսօր ստեղծելու համար

Դառնալ ապագայի բաժնետեր՝ միանալով «Ապագա հայկականը» նախաձեռնությանը․ դրա հիմնադիրների մոտեցումն է։ Սա ապաքաղաքական նախաձեռնություն է որոշ թերեւս քաղաքական բաղադրիչներով․ դրա հիմնադիրներից հայտնի ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել էր «Ապագա Հայակականի»՝ իրենց ձեւակերպմամբ համազգային 15 նպատակները։ Աֆեյանը որոշակի փակածեր բացում է՝ գործակցության պայմանավորվածություն ունեն։

«Մենք վաղուց ենք կառավարությունների հետ գործակցում, որովհետև հասկացել ենք՝ երկրում անհնար է զարգացման ծրագիր  իրականացնել՝ առանց  որոշ կոորդինացիայի։ Հուսով ենք, որ այդ մեխանիզմները կգնենք։  Շատ կարևոր է, որ մենք նոր մոդելներ գտնենք հաջորդ քսան տարվա համար, որոնք նախորդ 20 տարվա ընթացքում չենք օգտագործել։ Որովհետև վախենամ, որ նույն բաները նույն ձևով անելը և նոր արդյունքներ ակնկալելը մեզ կարող է հուսախաբ անել»,- ասում է Աֆեյանը։

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր ձևաչափ, որով սփյուռքահայերը կմասնակցեն ներհայաստանյան որոշումների կայացմանը, նրանց փորձառությունը պիտանի կլինի պետական ապարատում. Աֆեյանի կարեւորած լուծումներից մեկն է։ Սփյուռքից Հայաստան տեղափոխել միանգամից շուրջ 50 հազար մարդու՝ նրանց համար որոշակի պայմաններ ստեղծելով․ սա խիստ իրատեսական է համարում «ՄԵԴԿՈՆ» ընկերության կառավարող գործընկեր Արամ Բեկչյանը։ Հիմա ձևաչափ են մտածում ու իրագործման մեխանիզմներ։

«Ճիշտ է՝  հարյուր տոկոսանոց ճշգրիտ բանձև չկա, բայց  կան ծրագրեր։ Եկեք իրար հետ մտածենք, քննարկենք։ Դուք չմտածեք, որ բոլոր  հարցերի պատասխանը պետք է լինի, այս շարժման հիմնական նպատակը այն է, որ քննարկենք և իրար հետ կառուցենք ապագան»,- նշում է Բեկչյանը։ 

Նախաձեռնության համահիմնադիր, Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող «Սոլարոն» (Solaron) ընկերության հիմնադիր Արթուր Ալավերդյանն առաջարկում է բոլոր նախագծերի հիմքով գծել կազմակերպչական ճանապարհային քարտեզ և դրանք կյանքի կոչել նաեւ Արցախում։  

«Մենք ուզում ենք միասին այդ ծրագրերը գեներացնել, փորձել, քննարկել և ընտրել ամենակարևորները և իրատեսականը, նաև այդ ուղղություններով մասնագետների ներգրավենլ։ Քննարկումների շարքից պետք է լուծումներ դուրս գան, որոնք պետք է դառնան կոնկրետ ծրագրեր»,- ասում է Ալավերդյանը։

Գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը քննարկման ժամանակ հիշեցնում է Եվրամիության կողմից Հայաստանին հատկացվող 2․6  մլրդ եվրոյի մասին։ Նրա խոսքով՝  հանդիպել են պետական հիմնարկների ղեկավարների հետ, որոնք քննարկում են՝ այդ գումարն ինչ նախագծերի վրա են ծախսելու և ինչպես այն ճիշտ ներդնել Հայաստանում։ Վարդանյանն այս առումով առաջնահերթորեն կարեւորում է աշխատանքը ներդրումների ներգրավման եւս մեկ ուղղությամբ՝ երկիր բերել փորձառու մասնագետների, ու ոչ թե կայացած մարդկանց դիտարկել որպես գումարի աղբյուր։

«Ֆանտաստիկ մարդիկ ունենք, որոնք իսկապես փորձ ունեն, և այդ փորձը կարող է 100 կամ 50 տոկոսով աշխատել Հայաստանում։ Երկիրը լավացնելու համար օգտագործենք փորձը, ոչ թե իրենց 10 ռուբլին, 100 ռուբլին կամ 1 մլրդ դոլարը։ Կարող է փողը գա, գնա ու ոչ մի բան չմնա, որովհետև մենք 20 անգամ տեսել ենք տարբեր երկրներում, ինչպես են մեծ գումարներ մտել, գնացել ու ոչ մեկը ոչ մի բան չի զգացել․այդ գումարը ոչ մի բան չի փոխել։ Դրա համար մենք խոսում ենք իսկապես փոփոխությունների մասին, եկեք փորձենք իրար վրա նայել, ոչ միայն որպես ինչ-որ ֆունկցիաներ կատարողների, այլ մարդկանց, որոնք իսկապես անհանգիստ են ապագա կառուցելու հարցում»,- ասում է Վարդանյանը։

«Ապագա Հայկականը» նախաձեռնության անդամները նպատակ ունեն ստեղծել ապագայի բանակ, որը կզբաղվի ապագայաշինությամբ ։ Նախաձեռնության անդամները ապագայի «բաժնետեր» դառնալու համար առաջարկում են խորհել միասին՝ միասնական տեսլականի ճարտարապետը դառնալու համար։

Back to top button