ԿարևորՍպորտ

Լևոն Արոնյանը հեռանում է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ֆեյսբուքում հայտնում է, որ կայացրել է երկրից հեռանալու բեկումնային որոշում:

«Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ եմ ստացել: Այդ թվում, ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից, որն ամեն տարի կրկնում էր Միացյալ Նահանագներ տեղափոխվելու իր առաջարկը: Ես ամեն անգամ մերժումս հիմնավորում էի նրանով, որ այն ինչ արվում էր իմ պետության կողմից շախմատի զարգացման համար անգնահատելի էր, և որ ոչ մի նյութական արժեք չէր կարող համեմատվել այն հարգանքի հետ, որ վայելում էր շախմատիստը Հայաստանում:

Ուզում եմ երախտագիտությունս հայտնել հարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ այսօր էլ շարունակում է հավատալ ինձ: Շնորհակալ եմ նաև Ֆաբիանո Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագույն խաղացողը, աջակցում է ինձ և կիսում թիմակիցներ լինելու որոշումս: Ես շատ շնորհակալ եմ նաև ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս և բոլոր այն մարդկանց, ովքեր գիտեն իմ սկզբունքները և հասկանում են ինձ: Մայրս հաճախ է կրկնում հայկական ասացվածքը. «Աստված ամեն մարդու իր չափով է փորձություն տալիս»: Իմ կյանքում շատ փորձություններ են եղել, և յուրաքանչյուր նորը ես ընդունում եմ խոնարհությամբ և երեկվա համեմատ ավելի լավը լինելու պատրաստակամությամբ: Հուսով եմ՝ այս մեկն էլ արժանապատվորեն կհաղթահարեմ: Համոզված եմ, որ կանցնի ժամանակ, և շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին:

Եվ փակվող շախմատային դպրոցների և հեռացած նվիրյալների փոխարեն մենք կրկին կտեսնենք հարգանք այն սպորտաձևի նկատմամբ, որտեղ մենք՝ որպես ազգ և երկիր, ունեցել ենք և, կարծում եմ, դեռ կունենանք մեր կայուն տեղը: Իսկ մինչ այդ, ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել, որ բոլոր թելերով կապված եմ հայրենիքիս և անգամ հեռվից շարունակելու եմ հնարավորն ու անհնարինն անել իմ երկրի համար»,- գրել է նա:

Back to top button