ԿարևորՄիջազգային

Իսպանիայից մինչև Ուրուգվայ․ հայերի բողոքի չլռող ձայնը

Հյուսիսային ու Հարավային Ամերիկա, Արևմտյան ու Հարավային Եվրոպա։ Հայկական բողոքի քարտեզը ընդգրկում է երկրագնդի կողմերը։ Բողոքի ձայնը չի դադարի, քանի դեռ պատերազմը չի ավարտվել ու խաղաղությունը հարատև չէ։

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում զանգվածային ավտոերթ է տեղի ունեցել: Lատինամերիկյան երկրում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները պահանջել են դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Ավտոերթը միավորել է հարյուրավոր մարդկանց: Մասնակիցները պաստառներ և դրոշներ են փակցրել մեքենաներին և երթևեկել Մոնտեվիդեոյի փողոցներով։ Ընթացքում երթի մասնակիցները միաբերան կատարել են հայոց օրհներգը, այնուհետև հասնելով երթուղու ավարտին՝ միջոցառման կազմակերպիչներից մեկն ընթերցել է պահանջները և ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը։

Կանադայի Մոնրեալ քաղաքում էլ հայ համայնքի ներկայացուցիչները Արցախի անկախության ճանաչման պահանջով հերթական հանրահավաքն են անցկացրել։ Նրանց պահանջի հասցեատերը քաղաքային իշխանություններն էին, տեղեկացնում է Horizon Weekly-ն: Ցույցի մասնակիցները «Ճանաչեք Արցախը», «Թուրքիան և Ադրբեջանն ագրեսորներ են» գրություններով պաստառներ են օգտագործել: Նախօրեին Մոնրեալում ևս զանգվածային բողոքի ցույց է տեղի ունեցել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոնրեալի քաղաքապետը պատրաստվում է արցախյան խնդրին նվիրված հայտարարությամբ հանդես գալ։

Բարսելոնայի հայ համայնքը ևս երկրորդ հանրահավաքն է անցկացրել` Իսպանիայի իշխանություններից պահանջելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի դեմ և ճանաչել Արցախի անկախությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Իսպանիայի Բարսելոն քաղաքի «Հայկական մշակութային միության» ատենապետ Տաթև Սուլյանը հայտնել է, որ ակցիան տեղի է ունեցել Կատալոնիայում  Իսպանիայի կառավարության ներկայացուցչության դիմաց։

●Թրամփը՝ հայկական ոգու, թուրք մտավորականը՝ Արցախի անկախության մասին

Հանրահավաքի ընթացքում ելույթներ են հնչել իսպաներենով, կատալոներենով և հայերենով։ Հանրահավաքի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել  են բոլոր նահատակների և Արցախի հերոսի կոչմանն արժանացած, իսպանահայ Արմեն Կնյազյանի հիշատակը, որ զոհվել էր Արցախում հոկտեմբերի 10-ին։ Ներկաները նաև դատապարտել են իսպանական լրատվամիջոցների ոչ ամբողջական լուսաբանումը, իսպանական ընկերությունների` Թուրքիային և Ադրբեջանին զենքի վաճառքը։ Բարսելոնահայերի առաջին ակցիան սեպտեմբերի 30-ին էր Թուրքիայի հյուպատոսության շենքի դիմաց։

Մադրիդի հայերը նույնպես, հակառակ անձրևային, վատ եղանակին, քայլերթ էին դուրս եկել Մադրիդի կենտրոնական փողոցներում։ Բողոքի ակցիայի մասնակիցները դատապարտել են ադրբեջանական ագրեսիան և պահանջել իշխանություններից ճանաչել Արցախի անկախությունը։

Նորվեգիայի հայ համայնքի բողոքն էլ այս օրերին արտահայտվում է ինչպես լուռ ակցիաներ կազմակերպելով, այնպես էլ հայրենիքին աջակցող ելույթներով ու հայրենասիրական երաժշտությամբ։ Ցույցերին մասնակցում են հարյուրավոր հայեր՝ հստակ պահանջներով։

«Նորվեգիայի կառավարությանը պահանջներ ենք ներկայացրել։ Ասում ենք, որ ցանկանում ենք Նորվեգիայի կառավարությունը դատապարտի Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հանդեպ, պահանջի դադարեցնել բոլոր հարձակումները և նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ, կանխի տարածաշրջանում իրավիճակի սրումը և տարածաշրջանային  լայնամասշտաբ բախումների վերաճումը»,– պատմել է Նորվեգիայի հայ եկեղեցական համայնքի ղեկավար Նարինե Հարությունյանը։ Նորվեգիայի հայ համայնքի ներկայացուցչի համոզմամբ՝ կշարունակեն բողոքի ակցիաներ կազմակերպել այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմը չի ավարտվել։ Նրա խոսքով՝ բոլոր հայերի նպատակը մեկն է․ «Պետք է նորից կառուցենք Արցախը»։

Իսկ ահա «Թղթե տունը» (La Casa De Papel) իսպանական քրեական դրամայի հայ դերակատար Հովիկ Կեուչկերյանը, որը ֆիլմում մարմնավորում է Բոգոտային, համացանցում տեսանյութ է հրապարակել՝ միջազգային կառույցներին, հանրությանն ու երկրներին կոչ անելով կանգնել Արցախի և Հայաստանի կողքին, չսահմանափակվել միայն հորդորներով և գործնական քայլեր ձեռնարկել հայկական բանակին աջակցելու համար:

Տեսանյութում դերասանն ասում է, որ և՛ հայ է, և՛ իսպանացի: Ասում է, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսած, Էրդողանի և Ալիևի կողմից  հայ ժողովրդի դեմ մի նոր ցեղասպանություն սկսելու փորձ է: Նրա խոսքով` հայերը պարզապես ուզում են խաղաղ ապրել, բարգավաճել իրենց մայր հայրենիքում` աշխարհի բոլոր հայերի սուրբ երկրում, բայց հերթական անգամ ստացվում է, որ այդ իրավունքը չունեն:

Կտրուկ և վերջնականապես կանգնեցրե՛ք Էրդողանին, արմատախիլ արեք նրան մեկընդմիշտ: Հեռացրե՛ք այդ քաղցկեղը, որը հենց ինքը՝ Էրդողանն է, քանի դեռ այն չի տարածվել»,- շեշտում է Կեուչկերյանը։ Հայազգի դերասանը նշում է, որ հայը շարունակելու է պայքարել մինչև վերջ, իսկ ինքը հեռվից հայերին է ուղարկում իր ողջ էներգիան, ուժը, հիացմունքն ու աղոթքները։

Back to top button