ԿարևորՄիջազգային

Հայերը Եվրոպայում փակում են մայրուղիներ, Վաշինգտոնում՝ Կոնգրեսի մուտքը

Առավոտյան լույսը բացվելուն պես փակվեցին Եվրոպական միջպետական ավտոմայրուղիները։ Եվրոպայում ապրող հայերը կանգնեցրել էին եվրոպական կյանքը` ևս մեկ անգամ լուռ աշխարհին ասելու, որ «Արցախը Հայաստան է», իսկ Ալիևն ու Էրդողանը` ահաբեկիչ:

Հայ ցուցարարները Արցախի անկախության ճանաչման պահանջով փակել էին մի շարք միջպետական մայրուղիներ՝ մասնավորապես Բելգիան Ֆրանսիային կապող ավտոճանապարհը։ Սոցիալական ցանցերի գրառումների համաձայն` արգելափակվել են նաև Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդեռլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդեռլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ-Բելգիա-Ֆրանսիա մայրուղիները:

Ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի տեղի լրատվամիջոցները լուսաբանեն իրենց գործողությունները և իրենց ձայնն այդպես հասցնեն իշխանություններին:

Իսկ Գերմանիայի հայ համայնքը հարյուրավոր ավտոմեքենաներով փակել էր Համբուրգի նավահանգիստ տանող ճանապարհը։ Ակցիայի մասնակիցները նշում էին, որ նպատակը իրենց միասնության մասին աշխարհին պատմելն է և Գերմանիայի իշխանությունից Արցախի անկախության ճանաչումը պահանջելը։

«Մինչև գերմանական առաջին ալիքը ուղիղ եթեր չմտնի՝ մենք այստեղից չենք գնալու»,– նշում է ակցիայի մասնակիցներից մեկը։ Ոստիկանները մի քանի անգամ հորդորեցին բացել ճանապարհը, սակայն ցուցարար հայերը համառեցին՝ չեն բացելու, մինչև բոլոր գերմանական ալիքները ուղիղ եթերով չհեռարձակեն իրենց ցույցը: Ի վերջո, ցուցարարները յութուբյան ալիքներով համոզվեցին, որ իրենց ցույցը հեռարձակվել է գերմանական ալիքներով և որոշեցին բացել մայրուղին՝ վանկարկելով՝ ոստիկան, շնորհակալություն:

Գերմանիայից դեպի արևմուտք էլ հայերը խախտել են Լյուքսեմբուրգի լռությունը։ Չնայած տեղի հայ համայնքը մեծ չէ, բայց ինչպես մյուս երկրներում, այստեղ ևս համախմբվել է՝ հանուն Արցախի խաղաղության: Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Տաթև Մանուկյան-Էնգելի խոսքով՝ Սփյուռքը միասնական է ավելի, քան երբևէ՝ աշխարհին պատմելու Արցախում տիրող իրավիճակի մասին, ներկայացնելու ճշմարտությունը։

«Լյուքսեմբուրգում առաջին հավաքը կազմակերպվեց շատ ինքնաբուխ: 7 հոգով կանգնեցին իրենց պաստառներով կենտրոնական հրապարակում՝ լուռ աղաղակելով կատարվող դաժանագույն իրադարձությունների մասին։ Դրանից հետո կարելի  է ասել, մենք ուշքի եկանք այս ինֆորմացիոն շատ բացասական հեղեղից և հասկացանք, որ պետք  է նորից շուտափույթ կազմակերպել հաջորդ ցույցը, որպեսզի կատարվի ինձ համար շատ կարևոր մի բան՝ գրավենք մեդիայի ուշադրությունը»,- «Հայերն Այսօր»-ի հետ զրույցում ասել է հայ հյուպատոսը` ընդգծելով, որ հաջորդ երկու ցույցերն ունեցել են ընդհուպ մինչև 150 մասնակից։

Տեղափոխվենք Գերմանիայից դեպի հյուսիս։ Շվեդահայերը Շվեդիայի խորհրդարանի դիմաց էին։ Ակցիայի մասնակիցները վանկարկում էին  PEACE FOR ARTSAKH․ խաղաղություն Արցախին։ «Այսօր ամեն օր մի զինվոր է մահանում, ամեն օր մի տան ճրագ է մարում, չպետք է լռենք, պետությունները չպետք է լռեն»,– ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։ Շվեդահայերը վստահ են, որ հայ զինվորն արդեն հաղթել է․․․ հաղթել ենք։

Հայերի բողոքի ձայնը այս անգամ ևս կտրել անցել է օվկիանոսը։ Վաշինգտոնում հայ համայնքը ԱՄՆ Կոնգրեսի շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ: Պաստառներով, դրոշներով նրանք պնդել են «YEREVAN WANTS PEACE, BAKU WANTS YEREVAN/ Երևանը խաղաղություն է ուզում, Բաքուն` Երևանը»։ Վաշինգտոնի հայերն ասում են, որ նրանք արդարություն են ուզում և դա ուզում են հենց հիմա։ Հյուրասեր հայերին հատուկ ցույցի մասնակիցները պարզել էին «MAKE LAVASH NOT WAR/ Պատրաստեք լավաշ, այլ ոչ թե պատերազմ» գրությամբ պաստառներ։

Կանադայի մեծությամբ երկրորդ քաղաքում` Մոնրեալում, հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով ԼՂ հակամարտության հարցում քաղաքապետ Վալերի Պլանտի աջակցությունը։ Հայ համայնքի ներկայացուցիչները նաև կոչ են արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ «RECOGNIZE ARTSAKH. IT’S THE FIRST STEP TOWARDS PEACE/Ճանաչեք Արցախի անկախությունը․ դա առաջին քայլ է դեպի խաղաղություն» վանկարկում էին ցուցարարները։

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան թևի ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարից էլ տեղեկանում ենք, որ Արցախյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման ֆոնին Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը հաջակցություն Արցախի և Հայաստանի` նախօրեին գունավորվել է հայոց եռագույնի գույներով: Ամբողջ աշխարհը լսում կամ տեսնում է եռագույն։

Back to top button