ԿարևորՀասարակություն

Հեռավար կրթությունը կարող է լրացնել, ոչ թե փոխարինել․ փորձագետ

Աշխարհն այս օրերին անցել է հեռավար կրթության։ Շատ երկրների համար առցանց կրթությունը արդեն սովորական երևույթ է։ Հայաստանը ևս առաջիկա տարիների համար պետք է որդեգրեր հեռավար կրթության մշակույթը։

Սակայն ինչպես ասում են շաբաթը ուրբաթից շուտ եկավ և կորոնավիրուսը ստիպեց հեռավար կրթության անցնել նախատեսվածից շուտ։ Որքանով էր մեր կրթական համակարգը պատրաստ այս բեկումնային ու վաղաժամ փոփոխությանը։

Դատելով ֆեյսբուքյան գրառումներից, հեռավար կրթությունը բախել է գրեթե յուրաքանչյուր ընտանիքի դուռը։ Թերևս հումորային գրառումների կողքին ունենք մի իրականություն, որը իրական մարտահրավեր է կրթական համակարգին։

Հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնական դպրոցի դասվար Կարինե Չիբուխչյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց, որ սա իսկապես աննախադեպ երևույթ էր մեր կրթական համակարգում, որին անգամ մանկավարժական հանրությունը պատրաստ չէր։

«Անակնկալ էր, բայց ուսուցիչները կարողացան արագ ինքնակազմակերպվել ու գտան լուծումը։ Տեխնիկական շատ խնդիրներ առաջացան, որովհետև ծնողներն էլ պատրաստ չէին սրան»,- ասում է Կարինե Չիբուխչյանը։

Զրուցակիցս նաև միջազգային կարգի վերապատրաստող է և այս օրերին նաև հեռավար կրթության իր փորձն է փոխանցում թե երևանյան, թե մարզային գործընկերներին։ Չնայած տեխնիկական խնդիրներին՝ ամեն հնարավոր մեթոդ կիրառվում է կրթությունից չկտրվելու համար։

Թե ինչպես են աշակերտները վերաբերվում առցանց կրթությանը, արդյո՞ք արդյունավետ են ընթանում հեռավար դասերը, հետաքրքվեցինք հենց իրենցից։

«Կարծում եմ լավ եղանակ է, որպեսզի ստանանք կրթություն, զուգահեռ լինենք ապահով, բայց ունի նաև իր թերությունները։ Դրանք տեխնիկական բնույթի են։ Այդուհանդերձ, ավելի լավ է տեխնիկական խնդիրներով կրթություն ստանալ, քան ընդհանրապես ոչինչ չանել»,- նշում է Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի աշակերտուհի Անժելա Հարությունյանը։

Առցանց կրթությունը կարող է միայն լրացնել և ոչ թե փոխարինել ավանդական կրթությանը, նկատում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Տեղի է ունենում իրավիճակի վրա հիմնվող կրթություն։ Լավն այն է, որ մեկ–երկու ամսվա ընթացքում մեր ուսուցիչների թվային գրագիտության մակարդակը շատ ավելի մեծ աճ կունենա, քան  նախորդ տարիները միասին վերցրած։  Բայց, ընդհանուր առմամբ, չկա համակարգված մոտեցում»,- ասում է փորձագետը։

Հաշվի առնելով տեխնիկական խնդիրները, որից էլ, ըստ էության, կախված է հեռավար  կրթությունը՝ փորձագետը նկատում է, որ համակարգիչ չունենալու և ծրագրին չտիրապետելու պատճառով կան երեխաներ, որոնք ընդհանրապես դուրս են մնում հեռավար կրթությունից։

«Ես շատ կցանկանայի, որ Հանրային հեռուստատեսությունը ամբողջական ձևով դառնա հեռուստադպրոց այս օրերին, որպեսզի կարողանանք հասնել նաև այն երեխաներին, որոնք տեխնիկական այլ հնարավորություններ իրենց տանը չունեն»,- ասում է Խաչատրյանը։

Ամեն դեպքում, կրթության այս ձևաչափը ժամանակավոր բնույթ է կրում, բայց զրուցակիցս նկատում է, որ այն կարող է նախադեպ դառնալ որպեսզի Հայաստանում ևս ներդրվի հեռավար կրթությունը։ Բայց այն, ըստ փորձագետի, չի կարող փոխարինել ամբողջական կրթությանը, այլ լոկ լրացուցիչ գործիք է։

Back to top button