ԿարևորՀասարակություն

ՀԷԿ–երը խանգարում են Արցախի զարգացմանը. Քարվաճառի բնակիչը հացադուլ է հայտարարում

2001 թվականից Քարվաճառում բնակվող քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ է հայտարարել։ Նա մտահոգված է տարածքի ապագայով եւ ուզում է խողովակների փոխարեն գետեր տեսնել Արցախում։

ՀԷԿ–աշինությունը, սակայն, խանգարում է Արցախի բնության ու տնտեսության զարգացմանը։ Ռադիոլուրը մեկնաբանությունների համար դիմել էր նաև Արցախի բնապահպանության նախարարություն, մինչեւ ռեպորտաժի պատրաստ լինելը պատասխան չենք ստացել։

Քարվաճառի բնակիչ, քաղաքագետ, աստվածաբան Ալեքսանդր Քանանյանը հացադուլ է հայտարարել ու պահանջում է դադարեցնել ՀԷԿ–երի կառուցումը։ Պահանջը հիմնավորված է․ վնասելով բնությունը, գետերի վրա  խողովակներ են կառուցվում ու եթե այսպես շարունակվի, ապա Արցախում միայն խողովակներ կտեսնենք` ասում է ու հիմնավորում, որ այս մոտեցումը չի նպաստում վերաբնակեցման հարցերի լուծմանը, զբոսաշրջության զարգացմանը։

«Արցախում վերջին տասնամյակում իշխող մինչ օրս անասնական ագահությամբ գործող օլիգարխիան բնության քայքայման, գետային ցանցի համապարփակ ոչնչացման, տասնյակ կամ արդեն գուցե 100–ավոր կիլոմերերով ջրազրկման ճանապարհով ՀԷԿ–աշինություն  է իրականացվում՝ խախտելով բնապահպանական կարգավորումները։ Ստեղծվել է մի վիճակ, երբ 160 կմ արցախյան գետեր ամբողջությամբ հոսում են խողովակաշարերով»։

Արցախի այս տարածքում այս տեմպերով ՀԷԿ–աշինությունն սպառնում է փակել Քարվաճառի ու Քաշաթաղի տնտեսական զարգացման ու վերաբնակեցման բոլոր հեռանկարները` ասում է։ Եթե ձորերում գետերի փոխարեն լինեն խողովակաշարեր և գետահուները լինեն ջրազրկված` տարածքի զբոսաշրջային գրավչությունը ու գյուղատնտեսության ներուժը էապես կտուժեն` ըստ Ալեքսանդր Քանանյանի։

Ցավալին նաեւ այն է, ըստ նրա, որ ՀԷԿ–աշինությունն իրականացվում է Երեւանի կողմից այլ նպատակով տրամադրվող ֆինանսավորման հաշվի։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղյակ է Ալեքսանդր Քանանյանի քայլերի մասին, անգամ խոսել է իր հետ ու ասում է, որ անհանգստացած է Քանանյանի առողջական վիճակով․

«Իմ լսածից տպավորություն է առաջանում, որ չափանիշները չեն պահպանվում, սակայն ավելի հստակ եզրակացության համար պետք է փորձագիտական գնահատական տրվի»։

Հացադուլը նախազգուշական բնույթ է կրում` ասում է Քաշաթաղի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը։

Կարդացեք նաև
Close
Back to top button