
Հայաստանում բացահայտվել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր։ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ։ Ինչպես երեխաները հայտնվեցին մութ գործարքների թիրախում, պատասխանը կտա քննությունը:
Հայաստանի երկու քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, հանրապետության մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով կազմակերպել են երեք տասնյակից ավելի երեխաների որդեգրումները` խնամքը ստանձնած Իտալիայի քաղաքացիների կողմից։ Տարածած հայտարարության մեջ ԱԱԾ-ն նաև մանրամասնում է.
«Մանկաբարձական հաստատության կարգադրիչ և այլ կառավարչական գործառույթներով օժտված մի շարք ծառայողներ, ըստ նախնական համաձայնության, ուղղակի դիտավորությամբ՝ շահադիտական դրդումներով, 2016-2018 թթ. ընթացքում սոցիալական կամ անձնական խնդիրների պատճառով հղիության ընդհատման համար ընկերության ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց՝ առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով, հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն։ Ընդ որում՝ որոշ դեպքերում չեն խորշել ծննդկաններից մատուցած բժշկական ծառայությունների դիմաց որպես կաշառք գումար ստանալուց։ Գրավոր համաձայնություն ստանալուց հետո նորածինների մեծ մասը՝ ուղեկցվող բժշկական փաստաթղթերով, տեղափոխվել են մանկատներ: Նշված հաստատությունների պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, բժշկական փաստաթղթերում ծննդատան կողմից նշված մտացածին ախտորոշումների օգտագործմամբ, խախտել են ՀՀ քաղաքացիների կողմից այդ երեխաներին որդեգրելու իրավունքի առաջնահերթությունը՝ անուղղակի խոչընդոտելով նրանց որդեգրումը ՀՀ քաղաքացիների կողմից»։
«ԱԱԾ հայտարարությանը հավելյալ բան չեմ կարող ավելացնել, բայց նմանատիպ խնդիրները թե’ ԱԱԾ-ի և թե այլ մարմինների օրակարգում են։ Փորձում ենք հասկանալ, թե խնդիրը որտեղից է և ինչպես կարող ենք համակարգային լուծում տալ, որ նման երևույթներ այլևս չլինեն: Սրանք լուրջ սպառնալիք են մարդկանց ու երեխաների անվտանգության համար»,- անդրադառնալով ԱԱԾ-ի բացահայտմանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա բացառել է, որ գործ ունենք օրգանների վաճառքի հավանական փաստի հետ։
«Օրգանների վաճառքի մասին խոսք չկա, եթե հավելյալ բան լինի, այդ մասին կխոսվի»:
Ապօրինի որդեգրությանն անդրադարձել է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ․
«Օրինականության հաստատումը պետք է լինի բոլոր ոլորտներում և կառավարության ջանքերը այս ուղղությամբ անբեկանելի են՝ հատկապես նման նուրբ և երեխաների իրավունքներին վերաբերող ոլորտում, որտեղ առավել ուշադիր պետք է լինենք երեխայի լավագույն շահը պաշտպանելու համար։ Ցանկացած բուժհիմնարկ կամ բուժաշխատող, ով ներգրավված է եղել կամ այսուհետ կլինի նման ապօրինի սխեմաների մեջ պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ ուժով։ Շնորհակալ եմ ԱԱԾ-ին այս կծիկը քանդելու համար, վստահ եմ ամեն ինչ մինչև վերջ կբացահայտվի»։
Արձանագրված փաստի առնչությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը հրաժարվեց մեկնաբանություններից, քանի որ քննություն է ընթանում։ Փոխարենը` անդրադարձավ երեխաների որդեգրման Հայաստանում գործող կարգին։
Անահիտ Քալանթարյանի պարզաբանմամբ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը արդարադատության նախարարություն է ուղարկում որդեգրման ենթակա այն երեխաների ցանկը, որոնք տեղացիների կողմից եռամսյա ժամկետում չեն որդեգրվել։ Երեխաների միջազգային որդեգրումը կազմակերպում է արդարադատության նախարարությունը։

Օտարերկրացիների կողմից Հայաստանի օրենսդրության խախտմամբ վերոնշյալ դեպքերի առնչությամբ այս գերատեսչությունը ևս ձեռնպահ մնաց որևէ մեկնաբանությունից, փոխարենը խոստացան արձագանքել «Ռադիոլուրի» գրավոր հարցմանը։
Օտարերկրացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող քանի երեխա է որդեգրվել վերջին երեք տարվա ընթացքում։ Այս պահի դրությամբ դեռ չունենք պատասխանը։ Ստանալուց հետո կհրապարակենք։
Որդեգրմանն առնչվող ապօրինությունների վերաբերյալ մենք փորձեցինք լսել Հայաստանում երեխաների իրավունքներով զբաղվող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքները։ Արձագանքը կրկին խուսափողական էր։ Մանկական զարգացման հիմնադրամի ղեկավար Լուսինե Սիմոնյանն ասաց, որ գործունեության շուրջ տասը տարիների ընթացքում որդեգրման հետ կապված որևէ խնդրի չեն առնչվել, գուցե նաև այն պատճառով, որ համակարգը բավականին փակ է։
«Երեխայի պաշտպանությունը մի շարք համակարգերի ամբողջություն է։ Այստեղ համակարգված աշխատանք պետք է տանել և՛ սոցիալական, և՛ առողջապահական, և հղիների պաշտպանության և իրազեկվածության մասով»։
Զրուցակցիս խոսքով՝ նշված բոլոր ոլորտներում վերանայումների և, ընդհանրապես, խորքային փոփոխությունների կարիք կա։
Հայաստանում գործող որդեգրման կարգի համաձայն, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումը թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ այդ երեխաներին երկրի տարածքում մշտապես ապրող ՀՀ քաղաքացիների ընտանիքում դաստիարակության հանձնելու կամ երեխաներին իրենց ազգականների կողմից որդեգրելու հնարավորություն չկա։
Երեխա որդեգրողները պետք է լինեն չափահաս անձիք եւ համապատասխանեն հատուկ պայմանների։




