Տնտեսական

Մենաշնորհը՝ արժեթղթերի շուկային խոչընդոտ

Եթե ունեք խնայված միջոցներ, դրանք ոչ թե տանը պահեք կամ ավանդ ներդրեք,  այլ՝ պարտատոմս գնեք: Պարտքի կառավարիչները  վստահեցնում են՝ սա եկամտաբեր է: Ամբողջ աշխարհում ցանկացած երկրի տնտեսության մասին  ընդհանուր պատկերացում ստանում են՝   հետևելով արժեթղթերի շուկայի զարգացմանը:

«Արժեթղթերի շուկայի զարգացմանը  խոչընդոտում են մենաշնորհները, ֆինանսական գիտելիքների պակասը»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է ֆինանսների նախարարության պետական  պարտքի կառավարման  վարչության պետ Արշալույս Մարգարյանը: Նա նաև նշել է, որ  այսօր արդեն որոշում կայացնողները ամեն ինչ անում են կապիտալի շուկան զարգացնելու համար:

Հայաստանում սպառողները խնայում են քիչ, խնայված միջոցներն էլ լավագույն դեպքում ներդրում են բանկում՝ ավանդի տեսքով: Մինչդեռ  զարգացած երկրներում  խնայված միջոցները ներդրվում են  հիմնականում արժեթղթերի շուկայում: Հայաստանում, սակայն,  այս  շուկան դեռ զարգացած չէ։ Կառավարությունը փորձում է  դա անել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Սա մեր կառավարության օրակարգային հարցերից մեկն է»:

Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման  վարչության պետ Արշալույս Մարգարյանը խոստովանում է՝ իրենց պետական պարտքի կառավարիչների համար կարևոր է արժեթղթերի շուկայի զարգացումը: Իրենք խթանում են պետական պարտատոմսերի զարգացումը:  Ֆինանսական շուկայում պետական պարտատոմսերը  փարոսի դեր են կատարում` ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցն ու արձանագրում ՝  «Բոլորը կողմնորոշվում են պետական պարտատոմսերի շուկայով: Բոլոր նրանք, ովքեր արդեն սեփական արժեթղթերն են թողարկում, բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են թողարկել, բոլորի համար պետական պարտատոմսերի շուկան կողմնորոշիչ դեր է կատարում»: 

Պետական պարտատոմսերում ներդրումների աճը կամ դինամիկան լավատեսություն է ներշնչում, մինչդեռ մասնավոր հատվածը դանդաղ է զարգանում: Մարգարյանը նաև արձանագրում է՝ ավելի լավ է դանդաղ զարգանա, քան` արագ ու ոչ մի տեղ չտանող տեմպերով:

Ֆինանսական շուկան ունի իր ոսկե կանոնը՝ «այստեղ պետք է լինի քիչ օրենսդրություն, շատ՝ սովորույթ, բիզնես սովորույթ, որին ավելին են վստահում ու հավատում,  իսկ դրա համար տասնյակ տարիներ են  պետք` ասում է Մարգարյանն ու հավելում՝

«30 տարի մենք ոչ թե համբերել ենք, այլ այդ շուկայի ձևավորմանը  նույնիսկ կամա թե ակամա խոչընդոտում ենք: Կորպորատիվ շուկայի համար տքնաջան ու անսխալ աշխատանք է պետք»:

Վերջին շրջանում մասնավոր ընկերություններից մի քանիսը արժեթղթեր թողարկեցին: Կառավարության ղեկավարը սա աննախադեպ է համարում:

«Անցյալ տարվանից աննախադեպ իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանում: Երկու ընկերություն  պարտատոմս է թողարկել, որը, ըստ էության, արժեթղթերի բորսայում հայտնվելու նախաքայլ է»,- ասում է Փաշինյանը:

Արշալույս Մարգարյանն ընդգծում է՝ բոլոր նրանք, ովքեր չեն վստահում ֆինանսական այս կամ այն կառույցներին, սակայն ունեն խնայված միջոցներ, կարող են պարտատոմսեր գնել:  Ամեն ինչ արել են՝ խնդիրը հնարավորինս մատչելի դարձնելու ու լուծելու համար:

«Բավական բարդ ճանապարհ անցանք, կարող ենք ասել, որ այժմ այդ համակարգը աշխատում է: Գանձապետական պահառուի միջոցով բավականին շատ  միջոցներ են ներգրավվում: Նույնը պետք է մասնավոր հատվածն անի: Գոնե այն ընկերությունները, որոնց անունները հայտնի են, պետք է սկսեն արժեթղթեր թողարկել»:

ՀՊՏՀ «Ամբերդ» կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանը «Ռադիլուրի» հետ զրույցում  նկատում է՝  արժեթղթերի շուկան չի զարգանում տարբեր պատճառներով: Կա, սակայն, մի գլխավոր պատճառ՝

«Արժեթղթերի շուկայի զարգացմանը հիմնականում խանգարում է երկրի փոքր լինելու հետ կապված ռիսկերը: Շուկան միշտ զարգանում է այն ժամանակ, երբ կա առաջարկ ու պահանջարկ: Տարբեր ժամանակներում քաղաքականությունն այնպիսին է  եղել, որ փորձել  ենք կամ  մեկը  ստեղծել , կամ՝ մյուսը: Բայց երբեք գնորդն ու վաճառողը մեր երկրի արժեթղթերի շուկայում իրար չեն հանդիպել»:  

Փորձագետը նույնպես արձանագրում է՝ վերջին տարիներին նոր-նոր են խոշոր  ընկերությունները  սկսում  պարտատոմսեր տեղաբաշխել: Արդյունքում, շուկան սկսեց ակտիվանալ, սակայն ուժեղանալու համար դա քիչ է:

Back to top button