ԿարևորՔաղաքական

Քավոր-սանիկները հանդիպել են ՍԴ-ում Քոչարյանի գործից առաջ. պաշտոնանկության պահանջ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հրայր Թովմասյանին Աժ հրավիրելու հետ կապված խնդիրներ են առաջացել եւ դա պատճառ է դարձել, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետներից բացատրություն պահանջվի: ԱԺ լիագումար նիստի օրակարգ հարցերը ընդգրկելուց առաջ դրանք քննարկվում են համապատասխան գլխադասային հանձնաժողովներում:

Տվյալ դեպքում՝ սեպտեմբերի կեսին, երբ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը քննարկվում էր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, սեպտեմբերի 23-ին, նրան գրություն էին ուղարկել եւ քննարկման հրավիրել հոկտեմբերի 24-ին:

Սա այսօր որակվել է տեխնիկական վրիպակ, բացատրություն տրվել, նաեւ հստակեցվել՝ Հրայր Թովմասյանին ԱԺ հրավիրել են նաեւ հեռախոսազանգով: Նշված օրը, նշված ժամին, նաեւ այսօր Հրայր Թովմասյանը խորհրդարան չէր եկել:

90 էջանոց նախագիծ, 4 հիմք եւ 4 ժամ քննարկում Աժ-ում. Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու թվային արտացոլումն է: Այս հարցով հավանական քվեարկության պատկերը նույնպես հայտնի է 3-ից հանած 1՝ ԲՀԿ-ն որոշել է չմասնակցել քվեարկությանը: Իրեն առնչվող հարցի քննարկմանն Աժ-ում Հրայր Թովմասյանը նույնպես չմասնակցեց:

 Տարածած հայտարարությամբ քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն է տեսել նախագծում: Նույն հայտարարության միջոցով ներողություն է խնդրել «Բարգավաճ Հայաստան»-ից՝ խորհրդարանում հարցի քննարկման ժամանակ իրեն հարցեր ուղղելու հնարավորություն չտալու համար: Իրավիճակը հասկանալու փորձերը ցավագին է ընդունում ԲՀԿ-ից պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը.

«Թող որեւէ մեկը անհաջող փորձ չկատարի մեզ կապել Հրայր Թովմասյանի անձի հետ: Դա անպտուղ փորձ է լինելու: Մենք ստեղ Հրայր Թովմասյանի հարց չենք լուծում: Իրավական հիմնավորումները մեր կարծիքով բավարար չեն, որովհետեւ այնտեղ չկա էական կարգապահական խախտում: Դրա համար էլ չենք ուզում: Ո՞վ է ասել, որ մենք պարտավոր ենք միանալ ցանկացած նախաձեռնության: Քավոր-սանիկությունն ասենք, ի՞նչ կապ ունի: Քավոր-սանիկությունն իրավական կատերգորիա՞ է: Որեւէ օրենք ցույց տվեք, որտեղ գրած լինի, որ քավոր-սանիկությունը շահերի բախում է: Դա ոչ ազգակցություն է, ոչ մերձավոր ազգական է: Գիտեմ, որ քավոր «սրբություն» է, դրա համար էլ այս մի քանի օրը ոմանք հասցրեցին վարկաբեկել այդ քավոր «սրբությունը»: Այո»:  

Կոնկրետ այս դրվագով խորհրդարանին տեղեկություններ ուներ հայտնելու ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը: Պաշտոնանկության պահանջի 4 հիմնավորումներից մեկով ինչու է խնդրահարույց համարվում ՍԴ նախագահի եւ Քոչարյանի պաշտպաններից մեկի միջեւ առկա քավոր-սանիկ կապը:  

« Երբ կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը՝ նրա պաշտպանական թիմից պարոն Օրբելյանն առաջինն էր, որ խոսեց անձեռնմխելիության մասին: Հետագայում ինքն ասաց, որ այո, այցելել է ՍԴ, հանդիպել է Հրայր Թովմասյանի հետ: Ողջամիտ դիտորդի մոտ դա կասկածի տեղիք տալիս է, չէ՞: Նախքան այս գործի քննությունը հանդիպում են ՍԴ-ում քավոր-սանիկները»:

Երկրորդ հիմնավորումը Հրայր Թովմասյանի փոխկապակցվածությունն է Հանրապետական կուսակցության եւ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հետ, վերջիններիս փոխկապակցվածությունը Ռոբերտ Քոչարյանի հետ: Հիմնավորումներից մեկն էլ՝ Հրայր Թովմասյանի կողմից մարտի 1-ի իրադարձությունների եւ դրան հաջորդող դատավարությունների մասին արտահայտած կարծիքներն են: Վերջին հիմնավորումն առնչվում է ՍԴ-ում քննված Քոչարյանի գործին: Իշխանական պատգամավորների համոզմամբ՝ տեղի է ունեցել էական կարգապահական խախտում: Պետաիրավական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլ»-ից պատգամավոր Սուրեն Գրիգորյան.

«Մենք կարծում ենք, որ առկա են եղել պարոն Հրայր Թովմասյանի՝ քննությանն ընդունված գործին մասնակցության անհնարինության հիմքեր»:

Այս հարցի քննարկմանը զուսպ դիրքորոշում է որդեգրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Որեւէ ելույթ չունեցան: Ներկայացված հիմնավորումներում խոցելի տեղեր տեսնում են, բայց պատրաստվում են կողմ քվեարկել առաջարկված նախագծին:  

Այս հարցում, սակայն, խորհրդարանը վճռորոշ որեւէ իրավասություն չունի: Կարգի համաձայն՝ պատգամավորների ձայների 3/5-ով ընդունված որոշմամբ առաջարկն ուղարկվում է ՍԴ, որտեղ էլ վերջնական լուծվելու է վիճարկվող հարցը:

Կարդացեք նաև

Back to top button