
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Օրեր առաջ Եղեգնաձորում միջադեպ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզպետի օգնականի և զինվորականի միջև: Ծեծկռտուքի արդյունքում Շիրակի մարզի բնակիչ, փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայի մեջ է:
Լուրեր են պտտվում, որ միջադեպին նաեւ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն է մասնակցել։ Դատախազությունը ստուգում է նաև միջադեպին մարզպետի հնարավոր մասնակցությունը:
Զորացրված սպաները հավաքվել են կառավարության մոտ՝ պահանջում են արդար քննություն Վայոց ձորի մարզում ծեծի ենթարկված սպա Արա Մարտիրոսյանի գործի վերաբերյալ: Հիշում են նախկինում նման դեպքերը՝ Վահե Ավետյան, որին սպանեցին «Հարսնաքար» ռեստորանում, Արտակ Բուդաղյանին, որն սպանվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ։ Դրանց նման այս գործն էլ ծածկադմփոց չարվի՝ ասում են.
-Մարզպետի, փոխմարզպետի և նրա օգնականի լիազորությունները պետք է դադարեցված լինեին: Այդ 29 տարեկան դեղնակտուցը իրեն իրավունք է վերապահում իրենից 15 տարի մեծ և սպայի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ձեռք բարձրացնելու:
-Օգնականը, բայց կալանավորված է:
-Քիչ է: Եթե դեպքը տեղի է ունեցել խմբակային: Մեկի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք ինչու եք ցուցաբերում: Մարզպետը շատ փոքր է, որ մեկնաբանություններ անի: Եթե տեղի է ունեցել հանրային վտանգավոր քրեաիրավական հետաքրքրություն ներկայացնող արարք: Այդ արարքը պետք է գնահատական տրվի իրավասու մարմինների կողմից:
Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը ևս կապվում է Եղեգնաձորում ծեծի միջադեպերի հետ: Նրա մասնակցությունը, ըստ հավաքվածների, ևս կա, ասում են:
-Ականատեսներ եղել են, նրանք Եղեգնաձորում են: Իր հետ եղած սպաներն են, որոնք Եղեգնաձորում են։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ռադիոլուրին» միայն փոխանցեց, որ նախաքննությունը կպարզի մանրամասները:

«Քրեական գործ կա, քրեական գործը կպարզի, շատ բան են ասում, շատ վարկածներ են քննարկվում: Բայց մենք իրավական համակարգին պետք է վստահենք, որպեսզի ամեն ինչ ճիշտ հունով գնա»:
Մարզպետ Տրդատ Սարգսյանը, սակայն, «Ռադիոլուրի» հետ զրույցում հերքեց միջադեպին իր մասնակցության մասին լուրերը.
«Գործը նախաքննության փուլում է և բոլոր մեղավորները կբացահայտվեն ու խստագույնս կպատժվեն: Ինչպես կեղծ ցուցմունք են տվել, որ ես այնտեղ եմ եղել, այնպես էլ նույն կեղծիքը շարունակում են, որ ես ահաբեկում եմ իրենց: Կարծում եմ, որ ես բոլորի ուշադրության կենտրոնում եմ և կֆիքսեին նման բանը: Դա բացառվում է:
Ձեր աշխատակիցներից այլ անձինքն ներգրաված եղե՞լ են միջադեպին:
-Ոչ մի աշխատակից ներգրաված չի եղել այդ դեպքին, բացի մի օգնականից, որը բնակվում է այդ շենքում:
-Իսկ Ձեր օգնականը ձեզ հետ ազգակցական կապ ունի՞:
-Մինչ պաշտոնի նշանակվելը, ո՛չ: Նշանակվելուց հետո ամուսնացել է բարեկամուհուս հետ»:
Կասկածյալը Եղեգնաձորի բնակիչ,
1991 թվականին ծնված Հարություն Գրիգորյանն է։ Նա մարզպետի օգնականն է, նրա դեմ
մեղադրանք է առաջադրվել, կալանավորված է։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական
Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ողջ ծավալով ստուգվում է նաև
միջադեպին Վայոց ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը:
Սպաները կառավարության շենքի մոտից գնացին կենտրոնական կլինիկական զինվորական
հոսպիտալ՝ աջակցելու սպայի ծնողներին: Արա
Մնացականյանի հայրը՝ Սամվել Մնացականյանն ասաց, որ իրենց համար այսօր առաջնայինը
որդու առողջական վիճակն է.
«Ոնց կարող են մի բռունցքի հարվածով 120 կգ տղայիս տապալեն գետնին: Ընկերները գիտեն նրա ուժը: Գանգը փշրվել է: Գանգուղեղի վիրահատություն է տարել: Մեծ քարով իրա գլխին հարվածել են»:
Հոսպիտալի բուժական գծով տնօրեն Կարեն Գրիգորյանը սպայի վիճակը ծայրահեղ ծանր գնահատեց:
Վայոց ձորի մարզպետն էլ առողջություն մաղթեց սպային և բոլորին հորդորեց աղոթել նրա շուտափույթ ապաքինման համար:




