Հասարակություն

Հերքվել է ոստիկանի հանցագործության հաղորդումը, բայց սուտ մատնությունն էլ չի հաստատվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ քաղաքացի Նունե Մ.-ն հայտնել էր, որ 2014թ. նոյեմբերի 14-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերլիազորի թելադրանքով տվել է հաղորդում, որ, իբր, ամուսինը իրեն ծեծելով նստեցրել է տաքսի ավտոմեքենա, ամբողջ ճանապարհին ծեծել, հայհոյել է իրեն, ստուգել գրպանները, իր կամքին հակառակ, բաճկոնի գրպանից հանել է 20 հազ. ՀՀ դրամ գումար, ապա քաշելով տարել է մորաքրոջ տնակ, որտեղ դանակով հարվածել է ազդրին ու մեկ օր պահելով այնտեղ, հաջորդ օրը բաց է թողել:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:

Հետագայում Նունե Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում էր տվել այն մասին, որ  հիշյալ դեպքի վերաբերյալ իր հայտնած տեղեկությունները սուտ է, չի համապատասխանում իրականությանը, հաղորդումը գրել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերլիազոր Հրաչյա Ֆալանջյանի թելադրանքով, նրան միայն հայտնել  է, որ ամուսինը ծեծի է ենթարկել իրեն, իսկ վերջինս խաբելով իրեն թելադրել է նման հանգամանքներ:

Նունե Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով քննության են ենթարկվել Նունե Մ.-ի կողմից նշված՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու դրվագների բոլոր հանգամանքները:

Քրեական գործի շրջանակում կատարվել են  անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ, մասնավորապես` հարցաքննվել են Նունե Մ.-ից հաղորդում վերցրած և նրա հետ առնչված ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցները, հարցաքննվել են Նունե Մ.-ի հարազատները, քրեական գործի շրջանակում վերջինիս և ոստիկանության աշխատակիցների միջև կատարվել են առերես հարցաքննություններ` ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից Նունե Մ.-ից հանցագործության մասին հաղորդում, այնուհետև նույն դեպքի վերաբերյալ բացատրություն վերցնելիս նրան իրականությանը չհամապատասխանող հանգամանքներ թելադրելու ձևով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման նպատակով:

Կատարված քննության ընթացքում բավարար ապացույցների համակցությամբ չի հիմնավորվել օպերլիազոր Հ. Ֆալանջյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու, ինչպես նաև արդարադատության  կամ պետական ծառայության դեմ ուղղված որևէ այլ հանցագործություն կատարելու հանգամանքը: Նշված պայմաններում առկա ապացույցները բավարար չեն եղել նաև Նունե Մ.-ի կողմից ակնհայտ սուտ մատնություն կատարելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը հաստատված համարելու առումով, ուստի որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով կարճել քրեական գործով վարույթը:

Back to top button