ԱԺ այսօրվա արտահերթ նիստը տեւեց մոտ 10 րոպե: Օրակարգում ընդամենը մեկ հարց էր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության ընդունումը: Քննարկումներն ավարտվել էին նախորդ քառօրյայի ժամանակ, այսօր, ըստ էության, մնացել էր միայն քվեարկությունը:
Այս հարցում խորհրդարանն այսօր միաձայն էր՝ 113 կողմ քվեարկությամբ ընդունեց հայտարարությունը, որում երախտագիտություն է հայտնում բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական եւ տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
ՀՀ ԱԺ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցի կապակցությամբ
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`
— հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի` 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի` 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը,
— արժեւորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները,
— կարեւորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,
— երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական եւ տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ,
կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական եւ միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն»:
Գալուստ Սահակյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ հայտարարությունը
Հայտարարության տեքստի համար հիմք է հանդիսացել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի` 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները:
Ի դեպ՝ հենց վերջին փաստաթղթի առնչությամբ անհամաձայնություններն էին պատճառը, որ դեռ հայտարարության տեքստի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, թե վերապահումներ ունեն, բայց դա կուսակցության դիրքորոշումն էր, ոչ թե խմբակցության: Այսօր դեմ արտահայտվողները՝ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը եւ Գագիկ Ջհանգիրայնը պարզապես չէին եկել խորհրդարան, բայց նույն խմբակցությունից Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Ստեփան Դեմիրճյանը կողմ են քվեարկել հայտարարության տեքստին:
Քվեարկությունից հետո հրավիրվեց աշխատանքային խորհրդակցություն՝ ապրիլի 24-ի միջոցառումներին խորհրդարանի մասնակցության հարցերը քննարկելու համար: Այս աշխատանքները, ըստ Աժ-ի նախագահի՝ լուսաբանման ենթակա չէին: