

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստին 68 կողմ, 11 դեմ և 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է «Շահութահարկի մասին» օրինագիծը: Այդուամենայնիվ, տարաձայնությունները խորհրդարանում շարունակվում են:
Բացի Հանրապետականից, մյուս խմբակցությունների պատգամավորները պնդում են, որ օրենքն այս տեսքով պատրաստ չէ ընդունման, իր մեջ պարունակում է մեծ վտանգներ եւ կառավարությունը չի ընդունել ներկայացված առաջարկները:
Օրինաց Երկիր խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույնիսկ չգիտեր, թե սեղանին դրված 3 տարբերակներից ո՞ր մեկն է քվեարկության դրվում: Ասում է՝ նախագիծը հում է, չեփված, չձեւավորված: Նա կոչ է արել չքվեարկել: Օրինագծին հստակ դեմ արտահայտվեցին ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը, ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը, Խաչատուր Քոքոբելյանն ու Հրանտ Բագրատյանը:
«ՀԱԿ-ը մեկ անգամ ևս հայտարարում է, որ սա ծայրահեղ վտանգավոր, կոռուպցիոն ռիսկերով լի և արտաքին առևտրի մենաշնորհացմանը ուղղված նախագիծ է: Կոչ ենք անում, որ բոլորը հասկանան այն պատասխանատվությունը, որ կրում են այս օրենքով և վերանայեն իրենց մոտեցումը»,- հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Արտահերթ նիստին դահլիճ վերադարձած Բարգավաճ Հայաստան խմբակցությունն այս հարցի առնչությամբ հստակ դիրքորոշում չունի: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ներկայացմամբ՝ հարգելի պատճառներով, ուստի իրենք կքվեարկեն ձեռնպահ:
Աժ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ամեն դեպքում լրացուցիչ նշեց, որ փոփոխություններ նախագծում արվել են: Մասնավորապես՝ արտոնություն սահմանելու համար 50 միլիարդ դրամի շրջանառության շեմի մասով:
Հիշեցնենք, որ օրենքն այսօր խորհրդարանն ընդունեց վերջին ընթերցմամբ:




