Հասարակություն

Ինչու են առողջապահության նախարարության իրավասություններն ավարտվում կես ճանապարհին

lianaeghiazaryan
Ինչու պետական պատասխանատու կառույցները չեն կարողանում բացառել ռիսկերը պետպատվերի շրջանակներում ձեռք բերվող կամ մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի տրամադրման գործընթացում: Ով է վերահսկում դեղերի տրամադրման թափանցիկությունն ու պատշաճությունը: Ինչու են առողջապահության նախարարության իրավասություններն ավարտվում կես ճանապարհին, եւ որքանով են հիմնավոր քաղաքացիներին հասանելիք դեղերի՝ «կես ճանապարհին կորչելու» ահազանգերը:

 

ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված հակաճնշումային, հակախոլեստերինային, հակաալերգիկ, էպիլեպսիայի և պրոստատիտի դեմ դեղեր ու հակաբիոտիկներ։ Ստացված դեղերի ցանկին կարելի է ծանոթանալ առողջապահության նախարարության կայքում: Նշված դեղերի կարիքն ունեցող քաղաքացիներն, ըստ բժշկական ցուցումների, անկախ սոցիալական խմբից, կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ՝  ձեռք բերելու դրանք անվճար: «Ռադիոլուր»-ը գնաց դեղերի առնչությամբ քաղաքացիներից ստացվող ամենալուրջ մտահոգությունների հետքերով: Ըստ դրանց՝ պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները պետպատվերով տրամադրվելիք կամ մարդասիրական օգնությամբ եկած դեղերը կամայական են բաժանում, ըստ սուբյեկտիվ ցանկության որոշում՝ ում, երբ, որքան տալ, տալ կամ չտալ, ու այստեղ կոռուպցիոն ռիսկեր են առաջանում: Բողոքներ կան, որ դեղերի մի մասը «կորչում է» հիվանդին տրամադրելու կես ճանապարհին՝ ամենայն հավանականությամբ դրանք տրամադրելու իրավասություն ունեցողների «գրպանում»: «Ռադիոլուր»-ն այս խնդիրն ավելի վաղ փոխանցել էր առողջապահության նախարարին: «Արդյոք բացառում եք սուբյեկտիվ գործոնը դեղերի տրամադրման գործընթացում»,- հարց ուղղեցի Արմեն Մուրադյանին:

«Սուբյեկտիվ գործոնը չեմ բացառում, չեմ էլ կարող բացառել»:

Մեկ այլ խնդիր է, որ պետպատվերով հատվացվելիք դեղերի ցանկում ներառված դեղերի մի մասն ընդհանրապես չի տրամադրվում թանկ լինելու պատճառով: Կա նախարարի հաստատած հիմնական դեղերի ցանկ: Պետգնումներով պետք է ձեռք բերվի տվյալ դեղը ոչ թե իր օրիգինալ անվանմամբ, այլ ազդող նյութով: Մրցույթը հայտարարելու, դեղեր ձեռք բերելու եւ տրամադրելու առումով պոլիկլինիկաներին ինքնուրույնություն է տրված: Ամեն պոլիկլինիկա ըստ իր մոտ հաշվառված հիվանդների թվի է առաջնորդվում այդ գործընթացում: Տարօրինակ կերպով առողջապահության նախարարության լիազորություններն այստեղ ավարտվում են: Զրուցակիցս Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության դեղերի բաժնի պետ Անահիտ Մկրտչյանն է, ով, սակայն, իր լիազորություններով հանդերձ, հարցերին սպառիչ պատասխաններ տալ չի կարող:

Փաստորեն, դուրս է գալիս սուբյեկտիվ մոտեցումների մի ողջ շղթա: Դեղերի տրամադրման ցանկն ու կարգը հաստատում է առողջապահության նախարարությունը, բայց դրանց իրագործման թափանցիկությունն ու պատշաճությունը ստուգում են այլ կառույցներ՝ մարզպետարանները: Պոլիկլինիկաներն էլ իրենք են որոշում՝ ինպես տնօրինել դեղորայք ձեռք բերելու համար նախատեսված գումարները, որ հիվանդին երբ, որքան տալ, տալ կամ չտալ,: Հենց պոլիկլինիկաներն էլ շատ դեպքերում չեն տրամադրում պետպատվերի ցանկում ներառված դեղերը ու հայտարարում՝ չկա: Չկա գումար, միջոցները սուղ են, չկան դեղեր: Առողջապահության նախարարն այս առումով մեզ պատասխանում է՝

Այստեղ վերադառնանք քիչ առաջ նշված «բայց»-երին: Արդյոք պոլիկլինիկաները ամբողջությամբ տրամադրում են պետպատվերի շրջանակներում ձեռք բերված կամ մարդասիրական օգնությամբ ստացված դեղերը: Արդյոք դրանց մի մասը չի կորչում տրամադրման կես ճանապարհին: Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության դեղերի բաժնի պետ Անահիտ Մկրտչյանը դա բացառում է համենայն դեպս մարդասիրական դեղերի մասով: Իր հիմնավորումը նա բացատրում է նրանով, որ օգնության տեսքով ստացված դեղերի վրա նշված է, որ այն վաճառքի ենթակա չէ: Բայց չէ որ այդ կնիքն ու գրառումը կարելի է մկրատով հեռացնել ու հատով վաճառել վաճառքի ոչ ենթակա հաբերը, հարց ուղղեցի:

Բոլոր այս ռիսկերով հանդերձ, որոնք ի դեպ առկա են տարիներ շարունակ ու որոնց բարձր հավանականության մասին շարունակ ահազանգում են քաղաքացիները, առողջապահության նախարարությունը դեռ չարաշայման ու խախտման որեւէ դեպք չի արձանագրել: Արդյոք դրանք թողնվել են տեսադաշտից դուրս, թե առհասարակ չեն եղել, հարցի պատասխանը թողնում ենք ռեպորտաժից դուրս: Պարզապես շեշտեմ նաեւ՝ առողջապահության նախարարությունը մարդասիրական ճանապարհով ստացված դեղերի մատակարարման անխափանությունն ապահովելու նպատակով հորդորում է խնդիրների դեպքում զանգահարել նախարարության «թեժ գծին»՝ 010-52-88-72 հեռախոսահամարով։

Տեղեկացնեմ նաեւ՝ նախարարությունը որոշել է 2015-2019 թվականներին շաքարային դիաբետ ունեցող հիվանդներին անհրաժեշտ հակադիաբետիկ դեղերն այսուհետ ձեռք բերել ֆրանսիական ընկերությունից՝ նախկին հնդկականի փոխարեն: Վերջին 2 տարում քաղաքացիները զանգվածաբար դժգոհում էին, որ հնդկականն արդյունավետ չէ, թույլ է ազդում: Թեեւ ոլորտի մասնագետներն ուսումնասիրեցին ու հայտարարեցին, թե հնչեցված կարծիքներն այնքան էլ հավաստի չեն, բայց որոշվեց Դիաբետոնն այսուհետ ձեռք բերել եվրոպական երկրից: Այստեղ էլ խնդիր կա: Տարեկան հատկացվող գումարը չի բավարարում ձեռք բերել Դիաբետոնի անհրաժեշտ քանակը, որի պահանջարկը տարեկան աճում է 10 և ավելի տոկոսով` կապված հիվանդների թվի ավելացման հետ: Նախարարությունը ֆրանսիական կազմակերպությանը խնդրել է տարեկան պահանջարկի 10 տոկոսը տրամադրել անվճար` որպես մարդասիրական օգնություն:

Back to top button