ԿարևորՀասարակություն

Հայոց եղեռնը վերապրած Սիլվարդ Ատաջյանը՝ իր կյանքի բացառիկ դրվագների մասին

lianaeghiazaryan
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Ռադիոլուր»-ը զրուցել է Հայոց Ցեղասպանությունը վերապրած, «Մուսա լեռան քառասուն օրը» հանրահայտ վեպում ծավալվող իրադարձությունների եզակի կենդանի վկաներից մեկի՝ 103-ամյա Սիլվարդ Ատաջյանի հետ: Տիկին Սիլվարդը օրեր առաջ ծնկոսկրի բարդ վիրահատություն է տարել ու արդեն հաջողությամբ հաղթահարել է հետվիրահատական շրջանը: Բացառիկ հիշողության տեր ու կյանքի բացառիկ կադրերը մեկ առ մեկ վերհիշող զրուցակցի հետ հարցազրույցի մանրամասները`«Ռադիլուրի» անդրադարձում:

Երեւանյան բուժհաստատություններից մեկում՝ «Նաիրի»-ում, օրերս բացառիկ վիրահատություն է կատարվել: Արսեն Վահրամյանն այն վնասվածքաբան-օրթոպեդն է, ով վիրահատել է 103-ամյա Սիլվարդ Ատաջյանին: Վիրահատությունը բացառիկ է ոչ միայն վիրահատվողի բացառիկ տարիքի առումով, այլեւ այն հանգամանքների բերումով, որ տիկին Սիլվարդը Հայոց Ցեղասպանությունը վերապրած, «Մուսա լեռան քառասուն օրը» հանրահայտ վեպում ծավալվող իրադարձությունների եզակի կենդանի վկաներից մեկն է: Կյանքը տիկին Սիլվարդի համար չափազանց ծանր փորձություններ է նախատեսել: Դրանք արդեն ետեւում թողած կինը հաջողությամբ է հաղթահարել  կոնքազդրային հոդի բարդ վիրահատությունը: «Ամուր ոսկոր ունի տատը, արդեն քայլում է»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ժպիտով փոխանցում է վնասվածքաբանը:

Ինքը՝ Սիլվարդ տատը, կյանքի բացառիկ դրվագներ է թողել ետեւում: Բացառիկ հիշողության տեր կինը չի շփոթում պատմության թվագրության եւ ոչ մի կետ: Ներկայում Երեւանում բնակվող կինը անցյալի տարեգրությունը ներկայացնում է ֆիլմի պես՝ ծնունդը Սանջաղ գյուղում, որը Յուրնուլուխ քաղաքի կազմում էր, ջարդեր ու տարհանում դեպի Եգիպտոս, ապա վերադարձ հայրենի եզերք, ինչը երկար չպետք է տեւեր, ու կրկին տեղափոխություն՝ այս անգամ Հալեպ:

Սիլվարդ Ատաջյանի ընտանիքը մեկն էր այն հայ ընտանիքներից, որոնք արյունոտ 1915-ին մասնակցել են թուրք ջարդարարների դեմ մղված հերոսական պայքարին: Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձել են իրականացնել հայության տարհանման հրամանը, հայերը որոշել են դիմադրություն ցույց տալ` բարձրանալով Մուսա լեռ, որտեղ եւ կազմակերպել են ինքնապաշտպանական մարտեր` 53 օր շարունակ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորքերի հարձակումները: Սիլվարդ տատն առանց արցունքների չի կարողանում պատմել՝ ինչպես մինչ այդ վիրավոր հորեղբորը նետեցին առուն, ինչպես վիրավոր հայրը՝ Հայրապետը, հաջողեց փրկվել ու թաքնվել իրենց ամբարում, որտեղ 8 կճուճ կար: Ինչպես իրենք բարձրացան լեռներն, ու ինչպես ֆրանսիացիների օգնությունը հասավ ամենաօրհասական պահին: «1915 թվականին քույրս, մայրս և տատիկս բարձրացանք Մուսա լեռը: Այդպես էր հորդորել զինվորագրված հայրս: Ես այդ ժամանակ երեք տարեկան էի»,-մանրամասնում է:

Ուղիղ մեկ դար առաջ ապրածը տատի հիշողության մեջ չի խունացել, գույները նույնքան պարզ են: Հստակ հիշում է՝ որքան խորն էր առուն, ուր նետեցին հորեղբորը, որքան մեծ էր այն նավը, որը մոտեցավ Մուսա լեռան լանջին ապաստան գտած, կյանքին կառչած հայ ընտանիքներին, հիշում է երկհարկանի իրենց տունը, գյուղի եկեղեցին, մեծ ու փոքր քարերը, որոնց վրա երեկոները տեղավորվում էին զրույցի: Ամեն տարի սեպտեմբերի 21-ին տատը տանն անպայման հարիսա է պատրաստում: Դա այն օրն է, երբ իրենք փրկվել են թուրքի յաթաղանից:

Ամենազգայուն նյարդային թրթիռով պատմում է երկար, հուզված: Հարազատները խնդրում են շատ մանրամասներին չտրվել: Դա տատին դժվար է տրվում: Ջարդեցին, պարբերաբար ամփոփում է խոսքը Սիլվարդ տատը: Հետո ժամանակագրությունն առաջ է գլորվում, հասնում մինչեւ հայ ժողովրդի նորագույն պատմություն: Մերօրյա քաղաքական գործիչներին էլ գիտի, նրանց համար էլ գնահատանքի կամ ընդհակառակը՝ պարսավանքի խոսքեր ունի պահած Սիլվարդ տատը: Ականատես-վերապրողի վիրահատությունը ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ կատարվել է  պետպատվերի շրջանակում: «Ռադիոլուր»-ի բարձրացրած այս հարցին նախարարությունը հրատապ արձագանքեց ու ապահովեց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն: Տարեց կինը հետվիրահատական բարդություններ չունի:

Հիվանդանոցում եղած ժամանակ ցանկանում էր օր առաջ տուն  վերադառնալ: Թոռներին խոստացել է՝ թաբուլեն ու հարիսան չեն ուշանալու: Առջեւում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, ու Եղեռնը վերապրած կինը փոխանցում է իր համոզմունքը՝ «Ուժեղ ենք, ուժեղ ենք, հաղթելու ենք»:

Վերջում նաեւ՝ առանց չափազանցության՝ Հայոց մեծագույն ողբերգության միջով անցած ու դարից ավելի ու դարից ծանր կենսագրություն ունեցող տիկին Սիլվարդը չափազանց կենսախինդ մարդ է: Ապացույցը նրա երգն է:

 

 

 

 

Back to top button