ԿարևորՄիջազգային

Թրամփից հետո Պեկին է ուղեւորվում Պուտինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան այցն սկսվում է այսօր։ Կրեմլը հայտնել է, որ նա Պեկին կժամանի մայիսի 19-ի երեկոյան, որտեղ օդանավակայանում Պուտինին կդիմավորի ՉԺՀ ԱԳ նախարար Վան Ին։

Մինչ այդ` ՌԴ նախագահը տեսաուղերձով է հանդես եկել այցից առաջ։

Դրանում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի սերտ ռազմավարական համագործակցությունը համաշխարհային ասպարեզում ունի կարեւոր եւ կայունացնող դեր։

Նրա խոսքով՝ փոխադարձ այցելությունների եւ բարձր մակարդակի բանակցությունների կանոնավոր անցկացումը երկու երկրների հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ դրանց ողջ ներուժի բացահայտման կարեւոր եւ անբաժանելի մասն է։

Նախօրեին Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը հայտարարել էր, որ ՉԺՀ նախագահ Սի Ծինպինը Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ եւ տարածաշրջանային հարցեր։

Այս այցը համընկնում է Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ «Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության պայմանագրի» ստորագրման 25-ամյակի եւ երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հաստատման 30-ամյակի հետ։

Կարդացեք նաև

Back to top button