ՄիջազգայինՌեպորտաժներ

«Աքսիոս՝ արժանի է»․ Մցխեթայի Սվետիցխովելի տաճարի զանգերի ներքո գահակալվեց Վրաստանի նոր պատրիարքը

Հարևան Վրաստանում նշում են նորընտիր պատրիարք Շիո III-ի գահակալությունը։ Համայն Վրաց նոր Կաթողիկոս-Պատրիարքի ընտրությունը գրեթե կես դար անց առաջինն էր, որ անցկացվեց Թբիլիսիի Սուրբ Երրորդություն մայր տաճարում։ Այսօր էլ Թբիլիսիի մերձակայքում՝ երկրի հինավուրց մայրաքաղաք Մցխեթայում, տեղի ունեցավ նոր պատրիարքի գահակալության հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին երկրի աշխարհիկ և հոգևոր առաջնորդները։

Վրաստանի հոգևոր կենտրոն համարվող Մցխեթայի Սվետիցխովելի մայր տաճարը դարձավ Համայն Վրաց նոր Կաթողիկոս-Պատրիարքի հանդիսավոր գահակալության վայրը։ Հենց այս տաճարում էր գրեթե կես դար առաջ՝ 1977 թվականին, գահակալվել նաև Իլիա II-ը։

Այս փոքր, սակայն Վրաստանի հոգևոր կենտրոն համարվող քաղաքը վաղ առավոտից մարդաշատ էր։ Հազարավոր քաղաքացիներ էին ժամանել՝ ներկա գտնվելու պատմական իրադարձությանը։

«Այսօր պատմական օր է Վրաստանի համար։ Երեկ ընտրվեց համայն վրաց նոր պատրիարքը, և հուսով ենք՝ նա կշարունակի այն միավորող ուղին, որի հիմքը դրեց Իլիա երկրորդը»։

Հանդիսավոր արարողության ընթացքում Շիո III-ին հանձնվեցին պատրիարքական իշխանության խորհրդանիշները՝ թագ-խույրը՝ գլխազարդը, խաչը և գավազանը։

Թբիլիսիի Սուրբ Երրորդություն մայր տաճարում  նախօրեին Վրաց ուղղափառ եկեղեցու ընդլայնված ժողովում ընտրվեց Վրաստանի 142-րդ պատրիարքը։ Երեք թեկնածուներից առավելագույն ձայներ ստացավ պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոցկուի միտրոպոլիտ Շիո Մուջիրին։ Նրան դեռ 2017 թվականին էր Իլիա II-ը, առողջական վիճակի վատթարացումից հետո, նշանակել պատրիարքի տեղապահ՝ փաստացի փոխանցելով եկեղեցու կառավարումը:

Ընտրվելով Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարքի պաշտոնում՝ Շիո III-ն իր առաջին ելույթում հայտարարեց, որ ընդունում է այս ծառայությունը «հնազանդությամբ, Աստծո ողորմածությամբ և վստահությամբ»։

«Աքսիոս՝ արժանի է», բացականչություններով ու ծափահարություններով ընդունվեց նոր պատրիարքի ընտրությունը՝ Թբիլիսիի մայր տաճարի զանգերի ղողանջների ներքո․․․

Շնորհավորելով Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի ընտրության առիթով՝ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շեշտեց․

«Այսօր մեր ազգային և հոգևոր կյանքում բացվում է նոր պատմական էջ՝ Վրաց սուրբ առաքելական ինքնակեֆալ ուղղափառ եկեղեցին նոր առաջնորդ ունի։ Շնորհավորում եմ ողջ Վրաստանին»։

Վրաց նոր պատրիարքի ընտրությունը ոչ միայն եկեղեցական իրադարձություն է, այլև քաղաքականապես նշանակալի պահ երկրի համար: Վերլուծաբանների գնահատականները տարբեր են։ Նորընտիր պատրիարքին մի մասը դիտարկում է որպես կայունության խորհրդանիշ և Իլիա II-ի քաղաքականության շարունակող։ Մյուսները, սակայն, ուշադրություն են հրավիրում նրա ռուսաստանյան կապերի և Մոսկվայում ծառայության փորձի վրա՝ այս ընտրությունը դիտարկելով որպես Վրաց ուղղափառ եկեղեցու վրա Մոսկվայի ազդեցության ուժեղացման հնարավոր ազդանշան։
Թե ինչ ուղի կընտրի Վրաստանի նոր պատրիարքը, թերևս, ցույց կտա ժամանակը։

Հիշեցնենք՝ շուրջ կեսդարյա գահակալությունից հետո Վրաց եկեղեցու նոր առաջնորդն ընտրվեց Իլիա II-ի մահից 55 օր անց։ Իլիա II-ը ժամանակակից Վրաստանի պատմության ամենահարգված և ազդեցիկ դեմքերից էր։

Խորհրդային տարիներին դառնալով պատրիարք՝ նա դարձավ հեղինակություն, որի խոսքը լսում էին քաղաքական գործիչները և որին վստահում էր հասարակությունը քաղաքական ճգնաժամերի ու վերափոխումների շրջանում։

Եվ հիմա՝ Իլիա II-ի գրեթե կեսդարյա դարաշրջանից հետո, Վրաստանը թևակոխում է հոգևոր և քաղաքական նոր փուլ։

Կարդացեք նաև

Back to top button