Հասարակություն

Ֆեյսբուքն իր օգտատերերի տվյալները կփոխանցի երրորդ անձի

Աիդա Ավտիսյան
«Ռադիոլուր»

2015 թվականի հունվարի  1- ից  Ֆեյսբուք սոցիալական ցանցը կանցնի նոր քաղաքականության՝ իր օգտատերերի անձնական տվյալներն առանց նրա իմացության և թույլտվության կփոխանցի երրորդ անձի: Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր գրանցված են Ֆեյսբուքում,  չեն կարող պահպանել նամակագրության  և իրենց  անձնական տվյալների գաղտնիությունը:  Ֆեյսբուքում նախատեսվող փոփոխություններից է այսօր խոսել  մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ այս կերպ Ֆեյսբուքը փորձում է մեր տվյալներն օգտագործել գովազդի համար: Ֆեյսբուքում օգտատերերն աշխատում են անվճար, իսկ սոցիալական այս ցանցն օգտագործում է մեր աշխատուժը:  

 

 

Առաջին հայացքից թվում է, թե Ֆեյսբուքում գրանցվելն ուղղակի տեղեկատվություն ստանալու և  ընկերներիդ հետ կապ պահպանելու լավագույն անվնաս միջոցն է, սակայն փաստորեն այդպես չէ: 2015 թվականից Ֆեյսբքուքում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում օգտատերերը հնարավորություն չեն ունենա պահպանել իրենց  անձնական տվյալների և նույնիսկ նամակագրության գաղտնիությունը, քանի որ այն Ֆեյսբուքի ադմինիստրացիան  առանց օգտատիրոջ համաձայնության փոխանցելու է երրորդ անձի: Իսկ այդ երրորդ անձինք  կարող են  լինել գովազդային կազմակերպությունները, հատուկ ծառայությունները, կառավարական տեսչությունները՝ դրանով փորձելով բացահայտել քրեական հանցագործությունները:

Անձնական տվյալների փոխանցելով երրորդ կողմին՝ Ֆեյսբուքը մեր տվյալները շարունակելու է օգտագործել  նաև գովազդային նպատակներով. «Ֆեյսբուքն օգտվում է այն տվյալներից, որոնք մենք տեղադրում ենք սոցցանցում, որպեսզի տրամադրի այն ինչով որ փող է աշխատում, թիրախավորված գովազդ: Իրականում մենք ֆեյսբուքում անվճար աշխատող ենք, անվճար մեծ հնարավորություններ  է տրամադրում, դրա դիմաց օգտագործելով մեր աշխատուժը, որը մեր գործողություններն են սոցցանցում, գումարած մեր աչքերը, որը մենք պետք է գովազդը  տեսնենք և ստանանք մեծ բավականություն»:

Իսկ այն, որ գաղտնի չեն կարող պահվել նաև օգտատերերի նամակագրությունները, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, դրանով փորձում են բացահայտել մանկապիղծներին:

«Վերջին տարվա նորություններից մեկն է: Օրինակ՝ G-mail ն էլ պարզ դառավ, որ օգտատերերին հանձնել էր ոստիկանությանը՝ բռնացնելով, որ mail-ով մանկական պոռնոկագրական նյութեր  են փոխանցել»:

Ֆեյսբուքում տեղի ունեցող փոփոխությունները, ըստ մեդիափորձագետի, ամփոփում են վերջին երկու տարիներին սոցիալական  այս ցանցում տեղի ունեցող սկանդալային իրադարձությունները: Եվ հիշեցրեց ամերիկյան գաղտնի ծառայությունների կողմից ինտերնետային խոշորագույն ընկերությունների օգտատերերի անձնական տվյալների և նամակագրությունների վերահսկողությունը, ինչը բացահայտեց  Միացյալ նահանգների Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը:

Ֆեյսբուքը մեզ բավականին լուրջ հետևում է, ասում է Սամվել Մարտիրոսյանը և նկատում, որ այսօր Ֆեյսբուքում ամսական մեկ միլիարդ երեք հարյուր միլիոնից ավելի օգտատեր  ակտիվ գործունեություն է ծավալում:  Այս ամենից խուսափելու համար օգտատերերը պետք է ուղղակի դադարեցնեն սոցիալական ցանցերով շփումները։ Այս իրավիճակում Ֆեյսբուքը կունենա օգտատերերի մեծ թվով,  այսպես ասած,  արտագաղթ։

Ի դեպ՝ ֆեյսբուքում օգտատերերի աճը նվազել է Սնոուդենի բացահայտումներից հետո:

Back to top button