
Վրաստանի և Հայաստանի սահմանային հարցերը լուծելի են` ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարության՝ նշում են Վրաստանի քաղաքական ու փորձագիտական շրջանակներում` արձագանքելով նաեւ այս թեմայի շուրջ քաղաքական որոշ շահարկումների։ Հայաստանի վարչապետը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման մասին, նախօրեին ընդգծել էր, որ օրակարգում է նաև Վրաստանի հետ սահմանազատման ամփոփումը։
Վրաստանի հետ պետական սահմանի սահմանազատումն ավարտելու մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունը թեժ քննարկման թեմա է դարձել սոցիալական ցանցերի հայաստանյան ու վրացական էջերում։ Հայաստանյան ընդդիմադիր ուժերին պատկանող լրատվական որոշ կայքեր անգամ տեղեկություններ են տարածել, թե Ջիլիզա գյուղից տարածքների փոխանցման թեմա կա։ Հարցին շտապել է անդրադառնալ նաև Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ կոչ անելով Վրաստանի անկախ լրատվամիջոցներին չտրվել ռուսական սադրանքներին, այդպիսով անուղղակիորեն ակնարկելով, որ թեման տարածում են Հայաստանի պրոռուսական զլմ-ները։
Հայաստանի վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը կտրականապես հերքել է տարածվող տեղեկատվությունը՝ նշելով, որ այն չի կարող համապատասխանել իրականությանը։ Մեջբերում։
«Մի շարք լրատվամիջոցներում տարածվել է, թե իբր սահմանազատման շրջանակում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը՝ ի բնե»։
Ջիլիզայի մասին որևէ պաշտոնական հայտարարություն չկա նաեւ վրացական պաշտոնական աղբյուրներում։ Հայաստանի վարչապետը նախօրեին, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը տրամաբանական ժամկետում ավարտին հասցնելու մասին, ընդգծել էր՝ օրակարգում է նաև Վրաստանի հետ սահմանազատման ամփոփումը։
«Այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք և սրանով, ըստ էության, Հայաստանի Հանրապետության սահմանների սահմանազատումը և սահմանագծումը կամփոփվի, և մեր պետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում ավելի վստահ ձևով զարգացման օրակարգի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենա»:
Վրաստանի փորձագիտական ու քաղաքական շրջանակներում հարցը շահարկելու առիթ չեն տեսնում։ Վստահեցնում են՝ երկու երկրների միջև սահմանազատումը պետք է ավելի ամրապնդի դարավոր հարևանությունն ու բարեկամությունը՝ նույնիսկ օրինակ դառնալով հայ-ադրբեջանական և վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման համար։
Վրաստանի` Հայաստանին սահմանակից հայաբնակ գյուղերի ներկայացուցիչ Արսեն Հախվերդյանը Հանրային ռադիոյի հետ զրույցում վստահություն է հայտնում, որ սահմանային հարցերը լուծելի են։ Զրուցակիցս փոխանցում է իր պատկերացումը, թե, մասնավորապես, որ տարածքի սահմաններն են ենթակա հստակեցման ու սահմանազատման։
«Խնդիրներ չեն կարող լինել երկու երկրների սահմանազատման հարցում։ Ինձ թվում է՝ սահմանի չնչին փոփոխություններ կլինեն։ Հնարավոր է լինեն որոշ փոփոխություններ Վրաստանից Չանախչի, Հայաստանից Գոմակի (Ջիլիզայի թաղամաս) հատվածում։ Իսկ մնացյալ գյուղերը՝ Խոժոռնին, Աղքյորփին, բավականին հեռու են հայկական գյուղերից։ Վստահ եմ՝ Հայաստանի և Վրաստանի միջև վիճահարույց հողակտոր չի լինի․ ժողովուրդը չի էլ մտածում, թե խնդիր կառաջանա, վիճելի հարցեր կլինեն․․․»։
Հյուսիսային հարևանի հետ 225 կմ երկարությամբ ձգվող հայ-վրացական պետական սահմանից համաձայնեցված է 147 կմ-ը: Մնացել է 78 կմ երկարությամբ հատվածը։
Հարցը տևական ընդմիջումից հետո բարձրացվեց 2024-ին․ այդ ժամանակ Փաշինյանի` Թբիլիսի այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ավարտին հասցնել պետական սահմանի սահմանազատման գործընթացը։
1996-ին ձևավորված սահմանազատման հանձնաժողովները բոլորովին վերջերս թարմացվել են։
Հայաստանին սահմանակից վրացական գյուղերը հիմնականում հայաբնակ են։ Այստեղ ապրողներից ոմանց տնամերձն ու այգիներն անգամ սահմանի մյուս կողմում են։ «Ռադիոլուրի» հետ զրույցում այդ գյուղերի բնակիչներն անգամ կարծիք են հայտնում, որ երկու բարեկամ երկրները՝ Հայաստանն ու Վրաստանը կարիք էլ չունեն սահմանի, նման խնդիր չեն տեսնում, այդուհանդերձ, գիտակցում են՝ առանձին պետություններ են, սահմանը պետք է։
Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան, այժմ Վրաստանի խորհրդարանի իշխող ուժի պատգամավոր Թենգիզ Շարմանաշվիլին նկատում է, որ «սահմանազատումը ոչ հապճեպ, բայց պետք է արդեն լուծվի»։
«Սահմանազատումը մի հարց է, որ հապճեպ չպիտի լուծվի, սակայն արդեն պետք է խնդիրը հանգուցալուծել՝ բավարարելով երկու կողմին էլ՝ ստվեր չգցելով հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության վրա»։
Հայաստան-Վրաստան պետական սահմանը 90 -ականներից հետո Հայաստանի սահմաններից միակն է, որտեղ չկան խրամատային գծեր, օտարերկրյա սահմանապահներ, օրինակ` հայ-իրանականն ու հայ-թուրքականը պահպանվում են ռուսական սահմանապահ ուժերի և հատուկ ծառայությունների կողմից։
Անվտանգային քաղաքականության հայաստանյան հետազոտական կենտրոնի փորձագետ Սամվել Մելիքսեթյանը նշում է, այդ առումով հայ-վրացական սահմանը եզակի է։ Նաև նաև շեշտում է` ոչ խնդրահաույց հայ-վրացական սահմանը կարող է հաջող սահմանազատման օրինակ դառնալ Ադրբեջանի համար․
«Խնդիրներ կան, բայց լուծելի են։ Հայ-վրացական սահմանի սահմանազատումը կարող է իսկապես օրինակելի եվրոպական լինել՝ այն պրակտիկայից ելնել, որ սահմանին ապրող բնակչության համար խնդիրներ չստեղծի, այլ թույլ տա լուծել դրանք։ Եթե Հայաստանն ու Վրաստանը կարողանան գտնել օպտիմալ լուծումներ, ցուցաբերել բարի կամք, կոմպրոմիսային դրսևորում, սա կարող է ազդել Ադրբեջանի վրա»։
Վրաստանի վարչապետի հետ վերջին հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման հաջորդ փուլը սկսել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջական հարևանությամբ գտնվող հատվածից։
Վրաստանի ԱԳՆ-ից Հայաստանի Հանրային ռադիոյին սահմանազատման հետ կապված հարցերին ի պատասխան ավելի վաղ ասել էին, որ այն, մեջբերում, «պետք է լուծվի` հաշվի առնելով երկու երկրների ու ժողովուրդների շահերը, որպեսզի վերջնական սահմանազատումը ոչ թե բաժանի, այլ ամրապնդի ժողովուրդների կապերը, հնարավորություններ ստեղծի անդրսահմանային լավագույն համագործակցության». մեջբերման ավարտը։




