Աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը Ցեղասպանության տարելիցի առթիվ հանդես կգա մի շարք նախաձեռնություններով
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Երևանում է աշխարհահռչակ հայազգի երաժիշտ, դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը: Վաղը երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հետ միասին նա կներկայացնի Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան: Բեթհովենի այս ստեղծագործությունը համարվում է դասական երաժշտության ամենահայտնի գլուխգործոցներից մեկը, որը հեղինակի կողմից ստեղծվել է արդեն ամբողջովին խուլ վիճակում: Ջորջ Փեհլիվանյանն այսօր լրագրողներին է ներկայկացրել վաղվա համերգային ծրագիրն ու խոսել նաև առաջիկա ծրագրերի մասին, մասնավորապես ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերը բավականին հարուստ ամիս էր: Աշնանային համերգաշրջանը կեզրափակվի վաղը երեկոյան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի կատարմամբ: Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ համերգային երեկոյի դիրժորը կլինի աշխարհահռչակ հայազգի երաժիշտ Ջորջ Փեհլիվանյանը, ով ի դեպ, առաջին անգամ հանդես կգա սիմֆոնիկ նվագախմբի հետ միևնույն բեմում:
Փեհլիվանյանին ի դեպ հանդիպեցինք, նվագախմբի հետ փորձերի ընթացքում: Թեև հանրաճանաչ դիրիժորը գոհ է նվագախմբի աշխատանքից, բայց կարծում է, որ դեռևս աշխատելու տեղ կա: Ջորջ Փեհլիվանյանը շատ ավելի մեծ սպասելիքներ ունի նվագախմբից:
Ջորջ Փեհլիվանյանն ի դեպ համերգներ ունի նաև Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում: Ֆրանսայում կայանալիք համերգին, ի դեպ, դիրիժորը պատրաստվում է հանդես գալ Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ միասին: