ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Նոր հեղեղումների ռիսկեր ու զգուշացումներ․ Սյունիքը փորձում է պաշտպանվել ու հաշվարկել վնասը

Միայն մեկ օրում Կապանում 47 մմ տեղում է գրանցվել, ինչը մարտի նորմայի մոտ 75 տոկոսն է։ Կապանում վարարումներից փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, հողատարածքներ, կենդանիներ։ Սյունիքի մարզպետի աշխատակազմը հրատապ կերպով սկսել է գնահատել վնասի չափը։

Մարտի 27-ի առավոտյան Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգեց, որ տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է, ինչի հետևանքով գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Պատկան կառույցները շտապեցին հորդորել չմոտենալ վարարած գետերին, անցան աշխատանքային արտակարգ ռեժիմի, կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումների՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։ Իսկ արդեն կեսօրին Կապանի Արզումանյան փողոցում առատ ջրահոսք էր, բնակիչներն էլ  սոցիալական ցանցերում ահազանգեցին, որ Ողջի գետն է վարարել ու դուրս եկել ափերից։

«Ուրիշ տարբերակ չկա, սա գետն ա․․ Մեքենայի տերեր, եկեք էս կողմ»։

Հաջորդիվ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը պաշտոնապես տեղեկացրեց, որ խնդիրը Կապանի միջով հոսող երկու՝ Ողջի ու Վաչագան գետերի վարարումը չէ, այլ այն, որ հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրի բերած աղբն ու իրերը տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված մեքենաներ։ Կապանցի Սասուն Դավթյանը մեքենայով այդ պահին երթևեկում էր Արզումանյան փողոցով։ Հետևի պատուհանից է նկատել դեպի իրեն հոսող հեղեղի ալիքը։

«Դեպքը ոնց պատմեմ։ ՌՈՒԴ-ի մոտ կանգնած էի, մեկ էլ տեսնեմ հետևիցս գալիս է ծառեր-մառեր, կալյոսներ, պագրիշկա գալիս ա, շատ ահավոր վիճակ էր։ Մեքենաս չի վնասվել, հասցրել եմ այնպիսի տեղ կանգնացնեմ, որ չվնասվի, բայց շատ մեքենաներ են վնասվել»։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն անձամբ է համակարգում աշխատանքները։ Բացի փրկարարներից՝տեղում աշխատում են նաև ՆԳ նախարարության այլ ստորաբաժանման ծառայողներ։

Մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյան․ «Այս պահին մարզպետի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի աշխատակիցները փորձում են գույքագրման աշխատանքներ իրականացնել հասցված վնասի հաշվարկներ, մարզպետի հանձնարարությամբ եղել ենք հնարավոր բոլոր տեղերում, քաղաքացիներին բացատրել ենք ընթացակարգերը։ Համապատասխան ահազանգեր են գնացել այն կառույցներին, որոնք պատասխանատու են ստեղված իրավիճակի հետևանքները վերացնելու գործում։ Հետագայում հաշվարկները կանենք, կամփոփենք՝ հասկանալու համար վերջնական իրավիճակը»։

«Ռադիոլուրի» հարցին ի պատասխան Սյունիքի մարզպետի տեղակալը նշեց, որ չի կարող իրավիճակը ձևակերպել արտակարգ, քանի որ դա այլ գերատեսչությունների տիրույթում է։

Հայկ Հարությունյան․ «Մարզի բոլոր տարածաշրջաններից ունենք խնդիրներ, մի տեղ ավելի շատ, մի տեղ ավելի քիչ՝ այս պահին գույքագրման աշխատանքներ են իրականացվում»։

Սյունիքի մարզպետարանի պատասխանատուները նշում են, որ կանխարգելիչ աշխատանքներ են ձեռնարկել՝ վարարումների հնարավոր վնասը նվազեցնելու։  Հայկ Հարությունյան

«Դեռ երեկվանից Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը աշխատել էր բոլոր գերատեսչությունների հետ, ձեռնարկվել էին կանխարգելիչ միջոցառումներ ինչի հետևանքով վնասի չափը կարծում եմ քիչ կլինեն»։

Պատկան մարմինները սյունեցիներին շարունակում են հորդորել՝ հեռու մնալ գետամերձ տարածքներից, չմոտենալ վարարած գետերին, ճանապարհներին լինել առավել ուշադիր, քանի որ առաջիկա օրերին հնարավոր են տեղումներ։ Ըստ պաշտոնական գնահատումների՝ միայն մեկ օրում՝ մարտի 27-ին, Կապանում գրանցվել է 47 մմ տեղում, ինչը  մարտ ամսվա նորմայի 75 տոկոսն է։

Կարդացեք նաև

Back to top button