Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ Բուդապեշտում սպասվող Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով։ Հանդիպման ստույգ ժամկետները հայտնի չեն, բայց Մոսկվան ու Վաշինգտոնը հաստատել են տեղեկությունը։
Հանդիպման մասին համաձայնությունը ձեռք է բերվել նախօրեին ԱՄՆ և ՌԴ նախագահների հեռախոսազրույցի ժամանակ։ Թրամփն այդ զրույցը շատ արդյունավետ է որակել և կրկին հույս հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու հնարավորություն կա։ Հեռախոսազրույցը, ի դեպ, տեղի է ունեցել Մոսկվայի նախաձեռնությամբ և նախորդում է հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանը նախատեսվող Թրամփ-Զելենսկի հանդիպմանը։
Թրամփ-Պուտին երկար հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Պուտինի հետ կհանդիպի Բուդապեշտում։ Կոնկրետ ամսաթիվ չի նշել, սակայն պարզաբանել է, որ հանդիպումը կնախապատրաստվի ԱՄՆ և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ հաջորդ շաբաթ նախատեսվող բանակցությունների ժամանակ։ ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, իսկ բանակցությունների վայրը կորոշվի ավելի ուշ՝ գրել է Թրամփը Truth social հարթակում։ Նա նշել է, որ սպասվող հանդիպման ընթացքում կփորձի վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «ամոթալի» պատերազմին։
Սպիտակ տան մամուլի քարտուղարը զուգահեռաբար տեղեկացրել է, որ Դոնալդ Թրամփը դեռևս կարծում է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ իր հերթին է հաստատել՝ Պուտինը համաձայնել է Հունգարիայում հանդիպելու՝ Թրամփի առաջարկին։ Ուշակովի խոսքով՝ Պուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանը ռազմավարական առավելություն ունի մարտի դաշտում, և որ հեռահար հրթիռների մատակարարումն Ուկրաինա «չի փոխի իրավիճակը, այլ կվնասի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները»։ Ուշակովը նաև նշել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Կրեմլի նախաձեռնությամբ։
Այն, ի դեպ, նախորդել է հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանը նախատեսված Թրամփ-Զելենսկի հանդիպմանը։
Վերլուծաբանները համոզված էին, որ այդ հանդիպման առանցքում լինելու է «Տոմահաուկ» հրթիռների մատակարարման հարցը։ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, սակայն, Թրամփը գրել է, որ Զելենսկու հետ Օվալաձև աշխատասենյակում քննարկելու է նախագահ Պուտինի հետ իր զրույցը, որը, ի դեպ, «մեծ առաջընթաց է» որակել։
Բուդապեշտում Պուտին-Թրամփ հանդիպման մասին տեղեկությունը կարող է փոքր-ինչ անակնկալ լինել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար՝ գրում է Euronews-ը՝ հիշեցնելով Թրամփի հիասթափությունը Պուտինից՝ Զելենսկու հետ հանդիպումից հրաժարվելու պատճառով։ Սակայն իրավիճակն այսօր փոխվել է, և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հաստատել է Բուդապեշտի համաձայնությունը՝ բանակցությունների համար հյուրընկալելու Դոնալդ Թրամփին և Վլադիմիր Պուտինին։
«Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների միջև նախատեսված հանդիպումը հիանալի նորություն է աշխարհի խաղաղասեր մարդկանց համար։ Մենք պատրաստ ենք»,—գրել է Օրբանը X-ում։
Միջազգային մամուլը նկատում է նաև, որ Միջազգային քրեական դատարանի անդամ Հունգարիան պարտավոր է կատարելու ՄՔԴ-ի 2023 թ․ մարտին Վլադիմիր Պուտինի նկատմամբ տրած ձերբակալման օրդերը։
Թեև այս տարվա ապրիլին Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է դատարանի իրավասությունից դուրս գալու օգտին, սակայն գործընթացը դեռևս պաշտոնապես չի ավարտվել։




