Եվրահանձնաժողովը նախազգուշացրել է Կիեւին, որ կարող է ամբողջությամբ դադարեցնել ֆինանսական աջակցությունը կառավարության կողմից հակակոռուպցիոն մարմինների վրա ճշնման պատճառով, հաղորդում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթը։
FAZ-ի տեղեկություններով՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Եվրոպական հարցերով նախկին փոխվարչապետ Իվաննա Կլիմպուշ-Ցինցաձեն հաստատել է, որ ստացել է նախազգուշական նամակը։
Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ հիմնադրամից հետագա վճարումները կարող են սառեցվել, եթե Կիեւը չդադարեցնի ճնշումները Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի եւ Հատուկ հակակոռուպցիոն դատախազության նկատմամբ։ Ըստ FAZ-ի, խոսքը ոչ թե մասնակի սառեցման, այլ ամբողջ հաջորդ ֆինանսական փաթեթի դադարեցման մասին է։
Ukraine Facility ծրագրի շրջանակում Կիեւին մինչեւ 2027 թվականը պետք է մոտ 50 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն տրամադրվի։
ԵՀ փորձագետները հակակոռուպցիոն մարմիններին անկախությունից զրկելու փորձերը գնահատել են որպես «ամենալուրջ միջամտությունը Ուկրաինայի հակակոռուպցիոն համակարգի հիմնադրման պահից ի վեր»։
Եվրահանձնաժողովում հերքել են այն վարկածը, թե հակակոռուպցիոն մարմինների վրա ճնշմմը պայմանավորված է նրանց վրա ռուսական ազդեցությամբ։
Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել էր Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի եւ Հատուկ հակակոռուպցիոն դատախազության անկախությունը սահմանափակելու եւ դրանք իր ղեկավարած գլխավոր դատախազի ենթակայությանը հանձնելու օրինագիծը։
Այս քայլը Կիեւում եւ այլ քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաների պատճառ էր դարձել։
Հուլիսի 24-ին Զելենսկին խորհրդարան է ներկայացրել նոր օրինագիծ՝ հակակոռուպցիոն մարմինների «լիազորությունները հզորացնելու» վերաբերյալ։ Այդ նախագծով նախատեսվում է, որ այսուհետ հակակոռուպցիոն մարմինների աշխատակիցները ստուգվելու են պոլիգրաֆով՝ ոչ թե Ուկրաինայի անվտանգության ծառայության, այլ հենց բյուրոյի կողմից։




