
Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում՝ ներկայացնելով Իրական Հայաստանի գաղափարախոսությունը կամ նախագիծը, որը հիմնված է 14 հիմնական դրույթների վրա։
«Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս: Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցնում է պետականազուրկ ազգի ռելիկտային (մնացորդային) գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ:
Քանի որ այս թեման շատ է շահարկվել և շահարկվում է, 2020 թվականի փետրվարին խոսել եմ Հայաստանի նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին: Իսկ ինչո՛ւ է դա կարևոր, և ինչպես է ընդգծվում կարևորությունը այս գաղափարախոսական փաստաթղթում:
Հայաստանի քաղաքացիները իրենց պետք է ընկալեն և թերևս ընկալում են որպես ՀՀ հիմնադիր, բայց պետք է նաև իրենք իրենց ընկալեն որպես ՀՀ-ում հաստատված իրավահարաբերությունների սահմանադրական կարգի՝ իրավունքների և պարտականությունների համակարգի հիմնադիր, և իրենք այդ իրավունքների և պարտականությունների հետ առնչվելիս պետք է արձանագրեն, որ դա իրենց ստեղծածը և իրենց հեղինակածն է, հետևաբար իրավակարգը, որը պետության մեջ գոյություն ունի, հարազատ է իրենց և իրենց կողմից ստեղծված է
Այսօր, իմ ընկալմամբ, մենք շատ դեպքերում այս ընկալումը չունենք, և շատ դեպքերում իրավակարգը պետության ներսում գործող ընկալվում է որպես ինչ-որ ուրիշի կողմից քաղաքացիներին պարտադրված, և սա մեր պետության առաջընթացի կարևորագույն խոչընդոտներից է»,–ասել է նա։




