
Կառավարության հերթական նիստը արդեն նորացված կազմով առանց միջադեպերի չի անցել․ նորանշանակ նախարարներից ոմանք արդեն առաջին դիտողությունն են ստացել վարչապետից, իսկ դեռ պաշտոնավարողները՝ նոր զգուշացումներ։ Մեկ շաբաթ առաջ բարձրաձայնած դժգոհությունները հստակ հետևանքներ ունեցան 6 պաշտոնյայի համար։ Գործադիրի ղեկավարի դժգոհություն այս անգամ այլ ուղղությամբ էր։
Կառավարության առաջին իսկ նիստը նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանի համար հաջող ընթացք չունեցավ։ Իր առաջին զգուշացումը վարչապետից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների 33–ամյա նախարարը ստացավ աշխատակազմին ներկայացվելուց ժամեր անց՝ կառավարության նիստում։ Պատճառը Արմավիրի մարզի Այգեվան համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր–մանկապարտեզի շահագորման ժամկետի խախտումն էր։ Դեռ մարզպետի կարգավիճակում նորանշանակ նախարարը, պարզվում է, սխալ տեղեկություն էր փոխանցել վարչապետին․
«Տեսախցիկների առաջ ասել եմ՝ ե՞րբ է բացվում, ասել եք՝ հոկտեմբերին: Ես էլ գրել եմ: Հիմա չստացվե՞ց, որ սուտ ասացի: Ստացվե՞ց։ Ասենք՝ ինչո՞ւ եք այդպես ասում՝ հոկտեմբերին բացվում է։ Ես զգուշացնում եմ՝ սրանից հետո մի հատ ժամկետ եղավ, խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվության պահը։ Որևէ մեկը ինձ չասի մի հատ ժամակետ, մի հատ տվյալ, որը ստուգված, վերստուգված չէ: Ամենափոքր բանը։ Ինչքա՞ն կարելի է այսպես»։
Նկատողությունից առաջ, դեռ նախարարությունում՝ աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը ձևակերպեց նոր պահանջները, որոնք դրվելու են նորանշանակ նախարարի առաջ։ Վարչապետի խոսքով՝ նախարարության կառուցվածքի և հայեցակարգային տրամաբանության առումով փոփոխություններ չեն նախատեսվում։ Փոխարենը քննարկելի է համարում առընթեր մարմինների հետագա աշխատանքի հետ կապված հարցերը։ Մասնավորապես, շեշտում է ավիացիայի ոլորտում եկամուտներ գեներացնելու մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև խոսում է հողային և ջրային ոլորտի հայեցակարգի բարեփոխումների մասին։
Նախարարությունից հեռացող արդեն նախկին նախարար Գնել Սանոսյանը առանց շնորհակալական խոսքերի չմնաց։ Հատկապես գնահատվեց նրա աշխատանքը 2023–ի սեպտեմբերին ԼՂ–ից տեղահանվածներին ընդունելու և տեղավորելու, ինչպես նաև այս տարի ամռանը Լոռու ու Տավուշի մարզում ջրհեղեղների ժամանակ կատարած աշխատանքի համար։
Նախկին նախարարն, ըստ ամենայնի, առանց աշխատանքի չի մնա։ Փաշինյանը արդեն ակնարկեց այն ոլորտը, որտեղ աշխատելու հնարավորություն կունենա Գնել Սանոսյանը․
«Պարոն Սանոսյանը մեր քաղաքական թիմի հիմնադիր անդամներից մեկն է, ով ունի կազմակերպչական մեծ ընդունակություններ և կարողություններ։ Ես հույս ունեմ, որ այս առիթը կօգտագործվի, որպեսզի քաղաքական կազմակերպչական աշխատանքի վրա առնվազն մի որոշ ժամանակ պարոն Սանոսյանը ավելի մեծ ուշադրություն և ժամանակ տրամադրի»։
Պաշտոնանկությունների «դամոկլյան սուրը» այժմ մարզպետների գլխին է։ Զգուշացումն արդեն տրված է։ Այս դեպքում խնդիրը կապված է պետության կողմից կառուցվող ճանապարհները կամայական քանդելու փաստերի հետ։
«Ճանապարհի հանձնումից հետո, ասենք՝ վեց ամիս կամ մեկ տարի հետո կարելի է գնալ և տեսնել, այնտեղ ինչ-որ քանդած հատված՝ կիսածածկած կամ ծածկած: Ես կոնկրետ դեպքերով հետաքրքրվել եմ, թե այդտեղ տրվե՞լ է թույլտվություն քանդելու կամ որևէ միջամտություն անելու, և պարզել եմ, որ այդ դեպքերում որևէ թույլտվություն չկա: Այդ ընկալումը կա, որ դե իմ դռան դիմաց է, հիմա ի՞նչ անենք, որ պետութունը այս ճանապարհի վրա մի 500 միլիոն կամ մի միլիարդ փող է ծախսել: Ուղիղ ասում եմ՝ համայնքներով պատահական մտնելու եմ, որ մարզում որտեղ ես տեսա «պրավիլնի ֆորմա» քար, աղյուս, ավազ, բետոն, սա պրոբլեմ է առաջացնելու։ Վեց տարվա ընթացքում ես գործնականում տենց մարմին չկա, որի ղեկավարին սենց մի հատ հարցով զանգած չլինեմ: Արդեն բոլորին՝ ոչ հրապարակային ձևերով, ասել եմ տասնյակ անգամներ՝ հարգելի մարզպետներ, նախարարներ էլ, շրջեք, նայեք»։
Ներքին գործերի նախարարությունը թափուր մնաց ընամենը երեք օր։ Մի քանի ամիս առաջ նախարարի հրաժարականը բացառող փոխնախարարը ստանձնեց կառույցի ղեկավարումը։ Արփինե Սարգսյանը հիշեցրեց, որ նախարարության համար նոր մարդ չէ։ Նախարարի պաշտոնում իր առաջին խոսքը կառուցեց մի քանի շեշտադրումով․
«Ինձ համար չափազանց կարևոր է նախարարության հետագա գործունեությունը խարսխել այն բոլոր որդեգրված սկզբունքների վրա, որոնք կառավարությունը ուղենիշ է ընդունել դեռևս 2018 թվականից սկսած»։
Թեև պաշտոնանկությունների ալիքը սկսվեց հանցավորության աճի մասին լայն քննարկումներից հետո, նորանշանակ նախարարը համոզված է, որ կկարողանա երկրում ներքին անվտանգություն ապահովել արդեն իր աշխատած երեք ոլորտներում՝ ոստիկանությունում, փրկարար ու միգրացիոն ծառայություններում ունեցած փորձի շնորհիվ։
«Այս երեք ծառայությունները, որոնք նախարարության ենթակայության տակ են գործում, թերևս հանրության հետ շփման ամենամեծ ազդեցության գոտին ունեն, և հետևապես, հանրային վստահության տեսանկյունից ակնկալիքը շատ ավելի շոշափելի է, շատ ավելի տեսանելի: Պետք է նկատենք, որ վերջին շուրջ երկու տարիների ընթացքում մենք ունենք հանրային վստահության աճ ներքին գործերի նախարարության նկատմամբ: Ուզում եմ համոզմունք հայտնել, որ նախարարության պրոֆեսիոնալ թիմը՝ իմ գլխավորությամբ, իհարկե, պարոն վարչապետ, ձեր աջակցությամբ ու վստահությամբ, շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել այս վստահությունն է՛լ ավելի ամրապնդելու, հանրային անվտանգության է՛լ ավելի բարձր մակարդակ երաշխավորելու համար»։
Ներքին գործերի նախարարը պետական պաշտոններ զբաղեցրել է վաղ տարիքից։ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին 2016–ից 22 տարեկանում նա արդեն արդարադատության փոխնախարարի օգնականն էր։ Տարբեր տարիների նա համակարգել է հակակոռուպցիոն մարմինները, ղեկավարել Ոստիկանության բարեփոխումների խումբը, մասնակցել Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքներին։
Արխիվներում պահպանվել է նաև նորանշանակ նախարարի հոր՝ գործարար Աշոտ Սարգսյանի մասնակցությամբ կոռուպցիոն մի գործի մանրամասները։ Տարիներ առաջ նա պաշտպանության նախարարությանը տեխնիկա է մատակարարել, սակայն հետո պարզվել է՝ շուկայականից շատ բարձր գնով: Արփինե Սարգսյանը ՆԳ փոխնախարարի պաշտոնում անդրադարձել է այդ գործին։
«Քրեական գործով մեղադրանքը փոփոխվել է Գլխավոր դատախազության ներկայացուցչի կողմից: Ընդ որում, ակնհայտորեն այլ հոդվածով արդեն իսկ մեղադրանքը վերաորակվել է։ Ընդամենը փաստաթղթային ինչ–որ կտորով ինչ–որ հարցումներ կան, որ վերջում առաջին ատյանի դատարանի համար եղել է մեղադրական դատավճիռ: Հետո վերաքննիչ դատարանը կայացրել է արդարացման դատավճիռը: Վճռաբեկ դատարանը բողոքի հետ կապված վարույթ չի ընդունել այն»։
Ներքին գործերի նախարարի պաշտոնից հեռացող նախարար Վահե Ղազարյանի հետագա զբաղվածության մասին ակնարկներ, վարչապետը դեռ չարեց։
Շնորհակալություն հայտնեց ամենաբարդ ժամանակաշրջանում Հայաստանում իրավակարգը պահպանելու համար։ Խոստովանեց, որ մանկության ընկերներ լինելը աշխատանքային որոշ հարցերում մի քիչ խանգարել է։
Թափուր մնացած այլ պաշտոնների առնչությամբ հստակեցումներ դեռ չկան։ Առայժմ խոսակցությունների մակարդակով շրջանառվում են անգամ պաշտոնաթող որոշ պաշտոնյաների անուններ, որոնք կարող են տեղափոխվել այլ ոլորտի աշխատանքները ղեկավարելու։




