
«Դյուրիմոնիա» ծրագրերի շրջանակներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց իրավունքներն ու սոցիալական ներառումը» խորագրով ֆորումում քննարկվել են արցախից բռնի տեղահանվածների խնդիրները։ Ներկաները փաստել են, որ թեև կառավարությունը ծրագրեր ունի արցախցիների սոցիալական խնդիրների լուծման համար, դեռևս առկա են շատ կարևոր չլուծված հարցեր:
Մեկ տարուց ավելի է արցախահայերը Հայաստանում են, սակայն բարդ ու չլուծված խնդիրներ դեռ շատ կան, ինչը հնարավորություն չի տալիս պլանավորել նրանց ապագան, փաստում են քննարկման մասնակիցները։
Քաղաքացիության, բնակարանային ապահովման հարցերը հիմնական շեշտադրումներ են, որ առանձնացվում են արցախահայերի հետ զրույցների արդյունքում։
«Իրավաբանների հայկական ասոցիացիայի» անդամ Մարիամ Զադոյանը «Դյուրիմոնիա» ծրագիր շրջանակներում մոտ 300 խորհրդատվություն է անցկացրել տարբեր մարզերում։ Նա արձանագրում է սոցիալական աջակցության ծրագրերին իրավական պաշտպանության ու իրավական աջակցության կարևորությունը։
Սոցիալական աջակցության ծրագրերը ներառում են միանվագ դրամական աջակցության, կեցության բնակարանային ծախսերի շահառու հանդիսանալու և սպառողական ծախսերի ապահովման ծրագրերը։
Միանվագ աջակցության ապահովման ծրագիրը ավարտվել է, սակայն շատ արցախահայեր հնարավորություն չեն ունեցել ներգրավվելու դրանցում։ «Իրավաբանների հայկական ասոցիացիան» աշխատում է ծրագրի ժամկետը երկարացնելու ուղղությամբ, քանի որ կեցության ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է ծրագրի շահառու լինելը։
«Եթե նրանք չեն հանդիսացել այս ծրագրի շահառու, սակայն հանդիսանում են մինչև 2023 թվականի սեպտեմբերի գործողություններով բռնի տեղահանված անձինք, չեն կարող ստանալ կեցության ծախսերի ապահովման աջակցություն։ Առկա են բազմաթիվ արցախահայեր, որոնք թեև ներառված չեն այն ցանկերում, որոնցով հաշվարկվում է կամ ապացուցվում է բռնի տեղահանված լինելը, նրանք միևնույն է, հանդիսանում են այդպիսին: Օրինակ, մեր օրենսդրության համաձայն, կառավարության որոշման համաձայն, բռնի տեղահանված են համարվում նրանք, որոնք Արցախի Հանրապետության կողմից ուղեգրի հիման վրա են գտնվել Հայաստանի Հանրապետությունում և շրջափակման պատճառով չեն կարողացել հետ վերադառնալ»:
Հնարավոր է, որ մարդը ուղեգիր չունենա, սակայն ունենա հիմնավոր ապացույցներ, որ տեղահանված է, օրինակ՝ ԿԽ կողմից տրված փաստաթուղթ, որ մարդը ՀՀ–ում է գտնվել բուժման նպատակով, պարզաբանում է Մարիամ Զադոյանը։
Նա նաև բացատրում է, թե ովքեր են համարվում կեցության ծախսերի փոխհատուցման ծրագրի շահառու․
«Այս ծրագրի շահառուներ են հանդիսանում 2023 թվականին տեղահանված արցախահայերը, որոնց տվյալները կան օպերատիվ շտաբի կողմից տրամադրված ցուցակում: Բայց մենք կրկին ունեցել ենք շահառուներ, որոնք արդեն այս 2020 թվականի տեսանկյունից, թեև նրանց տվյալները օպերատիվ շտաբի ցուցակներում չեն, սակայն նրանք կրկին հստակորեն հանդիսանում են փաստացի այս 2020թ անձինք»։
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» տնօրեն Արտակ Կիրակոսյանը խոսում է պետական մակարդակով արցախցիների գույքագրման անհրաժեշտության մասին։ Եթե դա հիմա չարվի, ապա հինգ տարի հետո դժվար կլինի ասել, որ մարդը այնտեղ գույք է ունեցել։ Հաջորդ ամենակարևոր հարցը բնակարանային ապահովման հարցում ճկուն մոտեցումների անհրաժեշտությունն է ու զբաղվածության հարցերի հստակեցումը։
«Զբաղվածության ծրագրերի հարցով ես շարունակում եմ խոսել նրանց հետ, ովքեր զբաղվում են մատնահարդարմամբ, վարսավիրությամբ և այլն․․․ Հարց է, թե ինչպես է դա համադրվում գյուղական շրջաններում բնակարանների ծրագրի հետ: Մի տեսակ պետք է այս ամենին ինչ-որ տրամաբանություն լինի, չէ՞: Եթե ասում ես՝ ուզում ենք զարգացնել գյուղաբնակ տարածքները, ապա նրանց զբաղվածության ծրագրերը պետք է ուղղված լինեն այդ տարածքներում հմտություններ ձեռք բերելուն, որպեսզի մարդը իմանան, թե ինչ է պետք անել գյուղատնտեսության կամ ինչ-որ այլ բնագավառներում»։
Եթե Չինարի սահմանամերձ գյուղում հիփոթեքով տուն է ձեռք բերել արցախցին, պետք է նրան հնարավորություն տալ կողմնորոշվելու, թե որտեղ է ուզում ապագայում ապրել։ Հնարավորություն պետք է տրվի վաճառելու իր տունը ու մեկ այլ տեղում գնելու։
«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության անդամ Աիդա Մուրադյանն էլ անդրադառնալով բնակարանային ապահովմանը, կասկածում է, որ այդ ծրագիրն ընդունելի է արցախահայերի համար։
«Գիտեք, որ պարտադիր պայման է նաև քաղաքացիության ընդունումը որպես պայման ծրագրում ներառվելու համար, և եթե նայում ենք ստատիստիկային, առնվազն մեկ շաբաթ առաջվա տվյալներով 3400 անձ է դիմել քաղաքացիություն ստանալու համար, իսկ բնակարանային ծրագրում ներառվելու համար դիմել է ընդամենը 34 մարդ: Այսինքն՝ մենք խոսում ենք այստեղ, բնականաբար, և անվստահության, և շատ-շատ այլ հարցերի մասին, թե ինչու է ընդամենը 34 մարդ դիմել»։
Սահմանամերձ բնակավայրերում ապրելու և տուն ձեռք բերելու համար հատկացվում է մոտ 4 մլն դրամ, ինչը քննարկման մասնակիցների կարծիքով, պետք է վերանայել, որպեսզի մարդը կարողանա տուն գնել ոչ միայն սահմանամերձ շրջաններում։




