ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Հիմնազուրկ հայտարարություն՝ գոյություն չունեցող փաստաթղթի վերակենդանացման ակնկալիքով․ փորձագետները՝ Լավրովի մեղադրանքի մասին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեղադրել է Երևանին ապաշրջափակման պայմանավորվածությունները «սաբոտաժի» ենթարկելու մեջ՝ նշելով, թե այս դիրքորոշումը հասկանալի չէ Մոսկվային։  

Լավրովի կարծիքով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները դեռ արդիական են և կարևորը դրանց ոգուն ու տառին հետևելն է։ Հայ փորձագետներն այսօրվա իրողություններում նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին խոսելը հիմնազուրկ են համարում՝ հիշեցնելով, որ դրա դրույթների մեծ մասն ամբողջությամբ խախտված է։ 

Մոսկվան չի հասկանում Հայաստանի քայլերը, փոխարենը հայ փորձագետները հասկանում են Մոսկվայի մտահոգությունները։

Հայաստանի ԱԳՆ-ն օգոստոսի 7-ին հստակեցրեց, որ փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։  Սա, ըստ քաղաքագետ Արա Պողոսյանի, նշանակում է, որ անտեսվում է  2020 թ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ հոդվածով նախատեսված կոմունիկացիաների ապաշրջափկման հարցը։  

«Ստեղծված իրավիճակում, երբ ՌԴ-ի համար կա էական վտանգ, որ ՀԿ գործընթացներից կարող է ամբողջապես դուրս մղվել, հատկապես եթե խոսենք այն մասին, որ ինչ-որ պահից Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների որոշակի կարգավորման միտումներ նկատվեն, ինչը կազդի նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա՝ ապրիորի ՌԴ ռազմական ներկայությունը տարածաշրջանում դառնալու է կամ անիմաստ, կամ ինչ-որ ուժեր փորձելու են հասնել նրան, որ Ռուսաստանի ներկայությունը չեզոքացվի ՀՀ տարածքում։ Բնական է, որ սա մտահոգություն է, որով պայմանավորված՝ ՌԴ փորձում է ապահովագրել իր տեղն ու ազդեցությունը տարածաշրջանում։ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետը հենց այդ ազդեցության որոշակի էլեմենտի մասին է, այսինքն՝ ճանապարհ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև, որի վերահսկողությունը տրվում է ռուսական սահմանապահ ուժերին»։

Իսկ Խաղաղության համաձայնագրից այս դրույթի դուրս հանումը Ռուսաստանին զրկում է այդ ճանապարհի վերահսկողության հնարավորությունից, ինչն էլ անհանգստացնում է Մոսկվային։

Իսկ անհանգստությունը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ձևակերպել է հետևյալ կերպ․

«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ Հայաստանի Սյունիքի մարզով անցնող։ Ցավոք, ինչ վերաբերում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնությունը, որի տակ վարչապետ Փաշինյանի ստորագրությունն է։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Երևանի դեմ Մոսկվայի մեղադրանքները որոշակի ակնկալիքներով են պայմանավորված։ 

«Ռուսաստանին պետք է Ադրբեջանից ձեռք բերել հնարավորինս «էժան» համաձայնություններ՝ Կասպիցի հարցում, Հյուսիս-հարավի հարցում, Եվրոպա գազի մատակարարման հարցում՝ ռուսականն ադրբեջանականի անվան տակ, Իրանի հարցում, Էրդողանին «գցելու» հարցում, Ստեփանակերտում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցում: Հարցեր գուցե էլի կան»:

Քաղաքագետ Արա Պողոսյանը նոյեմբերի 9-ի հայտարարության մասին խոսելն այսօր հիմնազուրկ է համարում, քանի որ դրա դրույթների մեծ մասն ամբողջությամբ խախտված է․ չկա Արցախ, չկա Լաչինի միջանցք և բնականաբար չպետք է լինի նաև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ մատնանշվող  կարգավորումը կոմիունիկացիաների ապաշրջափակման  վերաբերյալ։ Քաղաքագետն այդ փաստաթուղթը գոյություն չունեցող է որակում։

«Ադրբեջանում ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարեց, թե ՀԿ-ում անվտանգության հարցերը պետք է որոշեն Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Սա նշանակում է, որ  Ադրբեջանը փորձում է հիմնական դերակատար դառնալ տարածաշրջանում, սրա դիմաց ստանալով Ռուսաստանի աջակցությունը։ Ու Ադրբեջանը պատրաստ է ՌԴ-ի համար անել որոշակի զիջումներ, և այստեղ բաց է մնում Հայաստանի դերակատարման հարցը։ Դատելով երկու երկրների ղեկավարների խոսույթից՝ պարզ է դառնում, որ Հայաստանը որպես սուբյեկտ այլևս չի ընկալվում, և այս երկու պետություններն  են, որ պետք է որոշեն տարածաշրջանում անվտանգային խնդիրները»։

Ըստ քաղաքագետի՝ ՌԴ-ն ու Ադրբեջանը փորձում են Հայաստանի հաշվին իրենց շահերն առաջ մղել, սակայն տարածաշրջանի նկատմամբ բազմակողմ հետաքրքրությունների շրջանակ է ձևավորվել, որի պայմաններում հեշտ չի լինելու որևէ սցենարի իրագործումը։

Back to top button