ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Համագործակցության մետաքսե գորգ»․ ի՞նչ կտա հայ-իրանական փառատոնը Գորիսին

Գորիսի համայնքապետարանում դեռ կհաշվարկեն, թե տնտեսական ինչ օգուտներ ունեցավ համայնքը «Համագործակցության մետաքսե գորգ» խորագրով հայ-իրանական մշակութային փառատոնից հետո։ Սակայն արդեն կարող են փաստել, որ Գորիսի հյուրանոցները զբաղված էին 80-ից 90 տոկոսով։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին, որը մասնակցել է փառատոնին, հավաստիացրել է՝ այսուհետ Գորիսում ավելի  շատ համատեղ նախաձեռնություններ կլինեն։

Հայ և իրանցի վարպետների ձեռամբ պատրաստված իրեր, հայկական և իրանական խոհանոցների համեղ ուտեստներ, ավանդական գորգերի ցուցադրություն, մշակութային բազմաբնույթ միջոցառումներ․ Գորիսում կայացած «Համագործակցության մետաքսե գորգ» խորագրով հայ-իրանական մշակութային փառատոնի ծրագրում նաև Արցախի պարի պետական, «Մենք ենք մեր սարերը», «Այաներ» համույթների ելույթներն էին։ Գորիսեցի Էլմիրա Բալասանյանն իր ղեկավարած «Մաքուր Գորիս» ՀԿ-ի անդամների հետ առաջիկա օրերին Լեհաստան է մեկնելու։ Ասում է՝ մտադիր էր գարնանը Գորիսում հայ-լեհական փառատոն նախաձեռնել, բայց հայ-իրանական փառատոնը փոխել է նախապես մշակած պլանները։ Չնայած վերջին ամիսներին Գորիսում մշակութային տարբեր միջոցառումներ են անցկացվել, բայց վերջինը նախորդներից տարբերվում էր իր աշխարհագրությամբ։

Էլմիրա Բալասանյան․ «Գորիսի կենտրոնական հրապարակում էր փառատոնը, այն հրապարակում, որ մոտ մեկ տարի առաջ ընդունել, կերակրել էր, հագցրել էր տեղահանված արցախցիներին։ Ու այն լեցուն էր հայ-իրանական փառատոնի մասնակիցներով, ու ես վերապրեցի այն միտքը, որ եթե մի ազգ այդքան տառապանքից հետո պարել գիտի, կարողանում է ոտքը գետնին խփել, այդ ազգին կոտրել չի լինի»։

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամիի տպավորությունները նույնպես դրական էին։  Գորիսում հյուպատոսարանն առաջին անգամ է որևէ նախաձեռնությամբ հանդես գալիս։

Մորթեզա Վարամի․ «Մեկուկես տարի է, ինչ Իրանի գլխավոր հյուպատոսությունը հիմնադրվել է Կապանում։ Թեև դա կարճ ժամանակահատված է գործունեություն ծավալելու համար, բայց հիմք ընդունելով մեր պատմական հազարամյա անցյալը՝ աշխատում ենք տարբեր ուղղություններով։ Սա մեր առաջին համագործակցությունն է գեղեցիկ Գորիս քաղաքում, մշակութային միջոցառում է, առաջին քայլն է, սակայն այն շարունակություն կունենա»։

Լրացնելով հյուպատոսին՝ Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը նշում է՝  հետագա համագործակցության առաջին քայլը կա։

«Արդեն պայմանավորվածություն կա հյուպատոսի հետ,  Գորիսն ու իրանական Քաշան քաղաքը քույր քաղաքներ կդառնան։  Դա կնպաստի, որ երկու ժողովուրդների միջև շփման եզրերն ավելանան, ինչպես, օրինակ, ունենք Ֆրանսիայի Վիեն քաղաքի հետ։ Մենք ֆիքսել ենք Ֆրանսիայից զբոսաշրջիկների թվի աճը, նույն կերպ էլ ցանկանում ենք, որ Իրանից շատ հյուրեր կունենանք Գորիսում»։

Առուշ Առուշանյանն ու Մորթեզա Աբեդին Վարամին տաղավարից տաղավար են անցնում, համտեսում երկու երկրների խոհանոցների ուտեստները, ծանոթանում ցուցադրված գորգերի նախշահյուսերին՝ դրանք համեմատելով հայ–իրանական բազմադարյա բարեկամության հետ։ Հյուպատոսը շեշտում է՝  իրանական կողմն առևտրային և տնտեսական ոլորտում Հայաստանի հետ  համագործակցության լուրջ ծրագրեր ունի, արդեն որոշ նախագծեր իրականացվել են։ Ինչ վերաբերում է  բոլոր ճանապարհների ապաշրջափակմանը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Ադրբեջանի ցանկություններին,  Մորթեզա Աբեդին Վարամին շեշտում է․

«Իրանի դիրքորոշումը հստակ է և  երբեք չի փոխվում: Վերջին 2-3 ամիսներին պարոն Փաշինյանն Իրան է այցելել, հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին, նորից քննարկվել է այդ թեման,  ու նորից Իրանը շեշտել է իր դիրքորոշումը: Այն չի փոխվում, ու միշտ նույն պատասխանն է տրվում՝ Հայաստանի ինքնիշխանությունը և սահմանների չփոփոխվելը կարմիր գիծ են Իրանի համար»:

Գորիսի համայնքապետարանում առաջիկա օրերին կհաշվարկեն, թե «Համագործակցության մետաքսե գորգ» խորագրով հայ-իրանական մշակութային փառատոնը ինչ տվեց Գորիսին։ Սակայն մի ցուցանիշ արդեն հայտնի է․ փառատոնի  շնորհիվ Գորիսի հյուրանոցներում զբաղվածությունը 80-90 տոկոսի է հասել՝ ասում է համայնքապետը։

«Եթե նկատի ունենանք առևտրի ոլորտը, ապա լուրջ նախաձեռնություններ դեռ չկան։ Բայց այն, որ զբոսաշրջությունը Գորիսի համար լուրջ տնտեսական միավոր է, դա փաստ է։  Արցախյան վերջին պատերազմից հետո Գորիսը շատ հնարավորություններ է կորցրել,  և հիմա ցանկանում ենք հիմնական շեշտը դնել զբոսաշրջության վրա ու առաջ գնալ»։

Ի դեպ, Սիսիան քաղաքում էլ կայացավ  արդեն ավանդույթ դարձած «Նավասարդ»-ը՝ հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը։         

Back to top button