ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Խաղաղության միջա՞նցք, թե՞ Զանգեզուրի խաչմերուկ․ Երևանն ու Բաքուն սպասում են

Օգոստոսի 7-ին ՀՀ  ԱԳՆ–ն հստակեցրեց, որ փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։ Գերատեսչության խոսնակը նաև պարզաբանեց, որ  արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջմղվող օրակարգի կարևոր մաս, ինչը արտացոլված է  ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում։ Մինչև այդ ադրբեջանական կողմն էր տարածել  հաղորդագրություն, նշելով, թե  Հայաստանն  ու Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ որոշել են հանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը երկու երկների միջև խաղաղության համաձայնագրի նախագծից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ։ Փորձագետների կարծիքով՝ սա վկայում է հարցերը հատվածական լուծելու Բաքվի մղումների մասին։

Երևանն ու Բաքուն հասկանում են, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում չեն կարողանա մոտ ապագայում առաջընթաց գրանցել, այդ պատճառով էլ դուրս են թողնում «Խաղաղության պայմանագրից» տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող կետը՝ «Ռադիոլուրի » հետ զրույցում ասում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

Օրերս պաշտոնական Երևանը հաստատեց, որ Բաքվի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել են «Խաղաղության համաձայնագրի» նախագծից  հանել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող դրույթը։

«Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում չի կարող այս պահին հաջողություն գրանցել և փորձում է թողնել հարցը հետագային, սպասելով ավելի հարմար առիթի կամ ավելի հարմար աշխարհաքաղաքական իրավիճակի, մյուս կողմից էլ Հայաստանը չի կարողանում այս հարցը ընդհանրապես փակել, և Հայաստանն էլ իր հերթին համաձայն է թողնել դա հետագային, հուսալով, որ ընդհակառակը՝ ավելի հարմար առիթը և աշխարհաքաղաքական իրավիճակը մեր օգտին կլինի ոչ թե Բաքվի, ինչը ընդհանուր առմամբ խնդրահարույց է ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված, քանի որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կամ մեր մոտեցմամբ՝ եթե Ադրբեջանի ու Նախիջևանի կապը բացակայում է, դա նշանակում է, որ չեն բացվելու նաև այլ ենթակառուցվածքներ, ինչը նշանակում է, որ Հայաստանը մնալու է դեռևս մասնակի մեկուսացված, ինչը ձեռնտու չէ Հայաստանին, այս պահին»։

«Խաղաղության պայմանագրի» նախագծից գլխավոր  այս դրույթի դուրս բերմանը կողմերը հանգեցին մոտ երկու տարի տևած բանակցություններից հետո։ Քաղաքագետը Հրանտ Միքայելյանը «Խաղաղության պայմանագրից» կոմունիկացիաների ապաշրջափակման դրույթի դուրս հանումը դիտարկում է որպես խնդիրների ոչ թե համապարփակ, այլ հատվածական լուծման մոտեցում։

«Եթե Հայաստանի դիվանագիտության գլխավոր խնդիրներից մեկը եղել է ապաշրջափակումը, իսկ դա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ միասնական փաթեթի մեջ է մտցված արդեն այս հանգամանքով և «Խաղաղության պայմանագիրը» չի ենթադրելու սահմանների բացում , ապա ես չեն տեսնում սրանում որևէ լավ բան։ Այսինքն մենք այստեղ գործ ունենք փուլային տրամաբանության հետ, որտեղ Ադրբեջանը փորձելու է անհամաչափ զիջումներ ստանալ, թե՛ առանձին սահմանային ու ճանապարհային հարցերում, թե՛ «Խաղաղության պայմանագրի» կոչվածի հարցերում, որտեղ մենք արդեն բազմաթիվ զիջումներ արել ենք»։

Հայկական կողմը պաշտոնական մակարդակով բազմիցս հայտարարել է, որ դեմ է միջանցքային տրամաբանությանը։ Բաքուն, սակայն, մշտապես ընդգծել է «Զանգեզուրի միջանցքի» ձևակերպումը՝ պնդելով Հայաստանի տարածքով անխոչընդոտ անցման, առանց հայկական մաքսային անցակետերի ու հսկողության  տեղափոխման անհրաժեշտությունը։ Հայկական կողմը բազմիցս մատնացույց է արել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիման վրա ապաշրջափակման կարևորությունը, որը շեշտում է ճանապարհների ապաշրջափակման կարևորությունը՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա։

Քաղաքագետ Ղևոնդյանը գործընթացի բազմաթիվ «եթե»-ներից է խոսում՝ հնարավոր զարգացումները մատնանշելով։

«Եթե գլխավոր հարցերը տեղ չեն գտնում պայմանագրում, ապա  հարց է առաջանում՝ արդյո՞ք Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ–ն,  շահագրգռված կլինի շարունակելու ճնշումը Բաքվի դեմ, որպեսզի այս ձևով «Խաղաղության պայմանագիրը» ստորագրվի։ Գուցե, ընդհակառակը՝ այդ պայմանագիրը մոռացվի։ Գուցե ԱՄՆ և Արևմուտքը ստիպեն, որ պետք է այդ հարցերը տեղ գտնեն ու հետո նոր ստորագրվի պայմանագիրը, դա ոչ այնքանն կախված է Երևանից ու Բաքվից։ Մյուս կողմից չենք կարող կոնկրետ ենթակառուցվածների ապաշրջափակման հարցը գնահատել լա՞վ է, թե՞ ոչ, քանի որ եթե, օրինակ, ապաշրջափակման գինը լինլու է այն, որ մենք  արտատարածքային միջանցք ենք զիջելու Ադրբեջանին՝ դա լավ է։ Իսկ եթե նման գին վճարելու խնդիր չկա և ընդամենը Բաքուն ձգձգում է և Հայաստանն էլ ստիպված ընդունում, ապա դա վատ է։ Թե այդ սցենարներից որ մեկն է՝ դա գիտեն մի քանի հոգի Երևանում ու Բաքվում»։   

Ռոբերտ Ղևոնդյանը նկատում է, որ «Խաղաղության պայմանագրում»  ներառված չեն նաև սահամանազատման ու սահմանագծման գործընթացները․ դրանք ընթանում են առանձին ձևաչափով, ու ստացվում է, որ գլխավոր հարցերը դուրս են մնում պայմանագրից։ Իսկ ՀՀ սահմանադրության փոփոխությունն ընդամենը բանավոր պահանջ է Բաքվի կողմից,  որը «Խաղաղության պայմանագրի» մաս չէ, այլ ընդամենը գործիք փաստաթղթի ստորագրման  ձգձգման համար՝ կարծում է քաղաքագետը։ Նա ամեն դեպքում հայ-ադրբեջանական բանկացություններում  հիմնական հարցերին անդրադարձը պայմանավորում է ԱՄՆ–ում, սպասվող նախագահական ընտրություններով։ Թրա՞մփ, թե՞ Հարիս․ այս հարցին սպասում է ողջ աշխարհը, այնպես ինչպես սպասում է Հայաստանը՝ համոզված է զրուցակիցս։

Back to top button