ԿարևորՀասարակություն

Միջոցներ են ձեռնարկվում Նոր Նորքի ղեկավարի նստավայրի ուղղությամբ հնարավոր կրակոցներ արձակվելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Միջոցներ են ձեռնարկվում փետրվարի 20-ին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի և հարակից այլ օբյեկտների ուղղությամբ հնարավոր կրակոցներ արձակվելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Փետրվարի 20-ին, ժամը՝ 09։00-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում էր ստացվել, որ ըստ քաղաքացուց ստացված ահազանգի’ կրակել են Երևան քաղաքի Գայի պողոտա, 19-րդ շենք հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի ապակիների վրա։

Դեպքի առթիվ 2024 թվականի փետրվարի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերոհիշյալ շենքի աջակողմյան հատվածում գտնվող դռան մոտի աստիճանավանդակի վրայից հայտնաբերվել և վերցվել է երկու գնդակ, նշված դռան վերևի պատուհանի վրա առկա է վնասված մեկ հատված, իսկ մեկ այլ պատուհանի վրա հայտնաբերվել են թվով 6 ենթադրաբար կրակված հետքեր։

Բացի այդ, կրակոցի հետքի նմանվող մեկ վնասվածք հայտնաբերվել է նշված վարչական շենքի դիմացի ավտոկայանատեղիում, հետնամասը դեպի շենքը կայանված` մի քաղաքացու պատկանող «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակու վրա, ինչպես նաև երկու ենթադրաբար կրակոցի հետք հայտնաբերվել է նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքին հարակից գտնվող՝ Գայի պողոտա 17-րդ շենք հասցեում տեղակայված «Հ․Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի հետնամասում գտնվող առաջին հարկի ապակու վրա։

Նախաքննության շրջանակում դեպքի վայրից առգրավվել են տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի կրիչների պարունակությունը։ Նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանությանը։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ինչպես առերևույթ կրակոցներ արձակած անձին կամ անձանց, այնպես էլ նշված հետքերի առաջացման պատճառ հանդիսացած հնարավոր զենքի հայտնաբերման ուղղությամբ»,- գրել է նա։

Back to top button