ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Փաստաբաններն ահազանգում են՝ իրենց ծառայությունը կարող է 40%–ով թանկանալ

Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները փաստաբանական համայնքում անհանգստություն են առաջացրել։ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է փոխել փաստաբանական ծառայություններ մատուցողների նկատմամբ կիրառվող հարկային մեխանիզմը, իսկ ոլորտում հաշվարկել են․ փոփոխությունները շուրջ 40 տոկոսով կթանկացնեն փաստաբանի ծառայության ինքնարժեքը։ Ֆինանսների նախարարությունից արձագանքում են՝ նախագիծն առայժմ աշխատանքային փուլում է, վերջնական տեսքի բերելուց  հետո միայն կմեկնաբանեն։

Փաստաբանական ծառայության ինքնարժեքը կարող է 40 տոկոսով ավելանալ․ ահազանգը փաստաբանական համայնքից է։ Ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով փոփոխություններ է առաջարկում  Հարկային օրենսգրքում։ Եթե գործող կարգավորմամբ փաստաբանական ծառայություններ իրականացնողները միայն 5 տոկոս շրջանառության հարկ էին վճարում, ապա փոփոխություններից հետո կանցնեն հարկային մեկ այլ տիրույթ ու կվճարեն ավելացված արժեքի հարկ։ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն ասում է՝ սա նշանակում է քաղաքացիները փաստաբանի ծառայությունից օգտվելու համար ստիպված կլինեն ավելի շատ վճարել։

«Փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը ավելանալու է շուրջ 40 տոկոսով, քանի որ ավելացված արժեքի հարկը ենթադրում է 20 տոկոսի ավելացում և գումարած շահութահարկը շուրջ 18 տոկոս, ինչին էլ կավելանան լրացուցիչ հաշվապահական ծախսերը։ Սա նշանակում է բոլոր այն քաղաքացիները, որոնք առնչվում են իրավունքի պաշտպանության խնդրին և հայցում են փաստաբանի օգնությունը, ստիպված են լինելու շատ ավելին վճարել»,– ասում է Բաբայանը։

Փաստաբանական համայնքում վստահ են՝ նախագծի հեղինակները փաստաբանական ծառայությանը միայն բիզնես տեսանկյունից են նայում, մինչդեռ այն պետք է դիտարկել մարդու սահմանադրական՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի կողմից։ Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը պնդում է՝ փաստաբանների խնդիրը շահույթ ստանալը չէ։

«Փաստաբանական գործունեությունը իրավապաշտպան գործունեության տեսակ է և, ըստ էության, ուղիղ առնչվում է մարդու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի հետ և այստեղ պետությունը ուզի թե չուզի պարտավոր է որոշակի նրբանկատություն ցուցաբերել»։

Նախագծի ընդունման ու փաստաբանական ծառայության հարկման մեխանիզմի փոփոխության դեպքում կխախտվեն քաղաքացիների հիմնարար իրավունքները՝ պնդում են փաստաբանները։ 2022թ տվյալներով՝ 1 տարվա ընթացքում դատարաններում քննվում է ավելի քան 250 հազար գործ, սա նշանակում է, որ առնվազն 250 հազար մարդ դատական վեճի մեջ է և ունի փաստաբանի օգնության կարիք։ Զոհրաբյանն ասում է՝ հաճախ փաստաբանները նաև անվճար իրավաբանական օգնություն են ցուցաբերում, մինչդեռ հարկման մեխանիզմի փոփոխության դեպքում այստեղ ևս խնդիրներ կառաջանան։

«Շրջանառության հարկի ռեժիմում մենք հանգիստ կարողանում ենք անվճար օգնություն տրամադրել, ավելացված արժեքի ռեժիմին անցնելու դեպքում խնդիր ենք ունենալու։ Կա մի հասկացություն՝ «անհատույց սպառում», որն ասում է, եթե քեզանից անհատույց ծառայությունից օգտվողից դու պարտավոր ես տրված ծառայության արժեքի 20 տոկոսը պահել ու վճարել պետությանը»,– ասում է Զոհրաբյանը։

Նույնաբովանդակ նախագիծ շրջանառության մեջ դրվել էր նաև 2019թ, սակայն այն ժամանակ Կառավարությունն իր մտադրությունից հրաժարվեց։ Ինչպես 5 տարի առաջ, այս անգամ էլ նախագիծը փաստաբանական համայնքի հետ չի քննարկվել, մեր կարծիքը հաշվի չեն առել՝ պնդում է պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ Նախագծում փոփոխությունները հիմնավորող վիճակագրություն չեն գտել։

«Հարկային օրենսգրքի համաձայն նման նախագիծ ներկայացնելիս պետք է այն քննարկվեր ոլորտային կազմակերպության հետ, այսինքն` օրենքի ուժով պարտադրում է փաստաբանների պալատի հետ քննարկել ավելին, քանի որ սա առնչվում է նաև մարդու իրավունքների հետ պարտավոր էին ՄԻՊ գրասենյակի հետ էլ քննարկել, դա էլ չեն արել»։

Փոխարենը փաստաբաններն իրենց դիրքորոշումն ու պնդումները 17 էջանոց փաստաթղթով շարադրել ու հրապարակել են։ Դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Ֆինանսների ու Արդարադատության նախարարություններ, առայժմ պատասխան չեն ստացել։ Նախագիծն արդեն մեկ ամիս նաև իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում է․ այստեղ այս պահին 820 դեմ և 4 կողմ ձայն է ստացել։ Ֆինանսների նախարարությունից էլ «Ռադիոլուրին» փոխանցեցին՝ նախագիծն առայժմ աշխատանքային քննարկումների փուլում է, շահագրգիռ կողմերի հետ նախագիծը վերջնական տեսքի բերելուց հետո միայն հրապարակային մեկնաբանությամբ հանդես կգան։

Կարդացեք նաև

Back to top button